Մայիսի 9-ին Արարատի մարզի Մխչյան համայնքում տեղադրվեց հուշարձան-խաչքար՝ նվիրված Արցախյան ազատամարտում զոհված զինվորների հիշատակին:
Հուշարձան-խաչքարի նախագծի հեղինակը Ռոլանդ Ճռիկյանն է: Քարը ոգի ստացավ Մխչյանի համայնքապետարանի հովանավորությամբ և գյուղի ղեկավար Խաչիկ Պողոսյանի աջակցությամբ: Այն իրենից ներկայացնում է հզոր արծվի կերպար, որի մեջտեղի հատվածում խաչ է տեղակայված, իսկ ներքևի մասում հավերժության խորհրդանիշն է: Արծիվը խորհրդանշում է մեր հերոս տղաներին, ովքեր ամուր կանգնած են հայրենի սահմաններին: Հուշարձան-խաչքարի կենտրոնում տեղ գտած խաչը խորհրդանշում է մեր ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը որպես սրբություն: Հավերժության խորհրդանիշը վկայում է զոհված մեր հերոսների հավիտենական հիշատակը:
Ռոլանդ Ճռիկյանի խոսքերով՝ աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրի մի մասն է այս հուշաքար-խաչքարի տեղադրումը:
Այսօրվա զինվորը ծրագրի շնորհիվ իր կողքին կտեսնի երեք սերունդ` Արցախյան պատերազմ անցած վետերաններ, իրենց հասակակից ընկերներ ու հայրենիքի ապագա պաշտպաններ, ովքեր պատրաստ կլինենեն մարտական հերթափոխին ու հայրենանվեր ծառայությանը:
Խաչքարի օծումը կատարեց Մխչյանի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը: Ներկա էր գյուղի ողջ բնակչությունը` Ազատամարտի վետերաններ, ուսուցիչներ, աշակերտներ...
Խաչքարի կերտմամբ զինվոր հայորդիների հիշատակն անմար պահելու այս ծրագիրը կնպաստի բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը` փաստելով, որ հասարակությունը միշտ էլ կանգնած է Հայոց Բանակի կողքին:
«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts