Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշոտյանը հնդկական ֆիլմերը համեմատել է հոլիվուդյան ֆիլմերի հետ

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
16:39, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Աշոտյանը հնդկական ֆիլմերը համեմատել է հոլիվուդյան ֆիլմերի հետ
    

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Մեդիա կենտրոնում ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ «տանդեմին», ասել է, որ եթե խոսենք կինոաարտադրության լեզվով, ապա շատ կինոարտադրողներ կան, բայց ամենաորակյալը Հոլվիվուդի եւ Բոլիվուդի արտադրանքն է:
     Հոլիվուդի մասին անկասկած գիտեն շատերը, առավել եւս, որ ինչ որ ժամանակ Հոլիվուդը նույնիսկ երազանք էր, եւ Լոս Անջելեսի հայտնի բլրի վրա մակագրության ֆոնին լուսանկարները թվում էին այլ մոլորակից արված, եւ այդպիսի լուսանկար ունեցողները հայաստանյան հանրությունում կարող էին ընկալվել գրեթե Լուսնի վրա ոտք դրածի պես:
     Աստիճանաբար Հոլիվուդը դարձավ մատչելի, թե բառի բուն իմաստով, երբ հայաստանցիները ավելի ու ավելի հաճախ սկսեցին ճանապարհորդել ԱՄՆ, թե նաեւ պարզապես ցուցադրվող ֆիլմերի առատության տեսանկյունից:
     Բոլիվուդը նոր է մտնում հայկական հանրային կենցաղ եւ գիտակցություն: Հայկական հեռուստաընկերություններում մեծ տարածում են գտնում հնդկական արտադրության սերիալները: Բոլիվուդն այսպես ասած հնդկական «հոլիվուդն» է, որը ոչ այն է Հոլիվուդի պարոդիան է, ոչ այն է երազանքի հետեւից գնալու հնդկական մղում, կամ սեփական երազանքը ձեւակերպելու ձգտում:
     Հայաստանում էլ մեծ հաշվով հայկական երազանքը գտնելու համատարած փորձ է, պարզապես ամեն մեկն ունի իր՝ յուրովի երազանքը: Օրինակ, այդ իմաստով ԲՀԿ-ն թերեւս ավելի նպատակահարմար կլիներ անվանել Դոլիվուդ, քանի որ Գագիկ Ծառուկյանն օրինակ Հայաստանն ուզում է դարձնել ոչ թե Բոմբեյի նման՝ որի պատվին էլ որոշվել է հնդկական կինոարտադրության «մայրաքաղաքը» կոչել Բոլիվուդ, այլ Դուբայի նման, ինչպես հայտարարեց իր հայտնի ելույթում: Այդ պատճառով էլ ավելի համարժեք կլինի Դոլիվուդը:
     Իհարկե, Աշոտյանը բազմակետեր է թողել մանրամասնելու հարցում, թե որն է Հոլիվուդը, իսկ որը՝ Բոլիվուդը: Բայց հաշվի առնելով այն, որ մեծ ժողովրդականություն են սկսել վայելել հնդկական սերիալները, պետք է ենթադրել, որ Արմեն Աշոտյանը Բոլիվուդ ասելով նկատի ունի հենց ԲՀԿ-ին, որն անկասկած ամենամեծ ժողովրդականություն ունեցող ուժն է:
     Հոլիվուդը հայաստանյան հանրության «սիրտն ու հոգին» ավելի շատ գրավել էր մարտաֆիլմերով, ինչը անկասկած ՀՀԿ-ի «ոգուն» է բնորոշ, քանի որ ՀՀԿ-ն էլ «մարտաֆիլմերով» գրավեց Հայաստանի իշխանությունը: Իհարկե, այժմ կարծես թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ «ոգին» թարմացնելու խնդիր է դրել Կարեն Կարապետյանի առաջ: Ընդ որում, դա էլ կարծես թե Հոլիվուդի ոգուն ներդաշնակ է, քանի որ հոլիվուդյան կինոաարտադրությունն էլ թերեւս փնտրում է հանրությանը ներկայանալու նոր շեշտադրումներ: Ի վերջո, հայաստանյան հանրությունն էլ կարծես թե դուրս է եկել «մարտաֆիլմերի» տարիքից:
     Ամենակարեւորն իհարկե այն է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, դատելով Արմեն Աշոտյանի համեմատությունից, որոշել են հայրենիքը կրկեսի վերածելու փոխարեն կինոյի վերածել: Ամենեւին չնսեմացնելով կրկեսի դերը, որն անկասկած իր ժանրի մեջ չափազանց լուրջ արվեստ է, այդուհանդերձ կինոն թերեւս ավելի բարձր մակարդակ է:
     Ընդհանուր առմամբ, Արմեն Աշոտյանը փաստորեն բացեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռացնելու եւ վերադարձի «գաղտնիքը»:
     Պարզապես ժամանակ էր պետք կրկեսի արենան կինոստուդիայի վերափոխելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4675 | 0 | 0
Facebook