Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

PR մասնագետը համոզված է, որ հնդկական սերիալները ընտրություններից հետաքրքրիր են լինելու

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
13:23, հինգշաբթի, 09 մարտի, 2017 թ.
PR մասնագետը համոզված է, որ հնդկական սերիալները ընտրություններից հետաքրքրիր են լինելու
     Եթե շարքային անցորդներին առանց կուսակցության անունը նշելու կարգախոսները գրենք տանք, ապա որեւէ մեկը չի կարող ասել, թե որ կարգախոսն ում է պատկանում, քանի որ դրանք միանման են: Այս կարծիքին է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը: PR-ի մասնագետը «Առավոտի» հետ զրույցում ամփոփելով կուսակցությունների կարգախոսները՝ ասաց, որ այս ընտրություններին բոլորի կարգախոսը սա է` «Ընտրեք մեզ լավ կլինի չենք խաբում»:
    
     «Ընտրողը պիտի կողմնորոշվի, թե որտե՞ղ է ստորակետը եւ բութը», - ասաց պարոն Կիրակոսյանը: Ըստ նրա՝ այս ընտրություններին քաղաքական ուժերի կարգախոսներն առանձնապես իրարից չեն տարբերվում, ավելին` կրկնություններ ու ընդհանրություններ ունեն: Մասնագետի ներկայացմամբ՝ ընդամենը 9 քաղաքական ուժ է ներկայացել ընտրություններին, եւ դրանցից երեք ուժի մոտ 3 անգամ կրկնվում են «փոփոխություն» եւ «հաղթանակ» բառերը, որոնք օգտագործվել են որպես բանալի բառեր:
    
     «Ելք» դաշինքի «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսը մեկնաբանելով՝ պարոն Կիրակոսյանն ասաց. «Փոփոխությունն ու հաղթանակը կտեսնենք նաեւ այլ քաղաքական ուժերի մոտ էլ: Ընդհանրապես դաշինք կազմում են քաղաքական տարբեր ուժերը, երբ որ այնքան փոքր են, այնքան քաղաքական կշիռ չունեն, որ առանձին-առանձին կարողանան ներկայանալ, եւ այստեղ իրարից չնեղանալու համար երեք քաղաքական ուժեր երեք տարբեր բառեր են ընտրել, երեւի ամեն մեկն իրեն վերագրել է մի բան: Տեսնենք, թե ում է բաժին ընկնելու հաղթանակը, որովհետեւ իրենք էլ, երբ որոշակի միավորներ հավաքեն, իրենց ներսում է խնդիր առաջանալու: Ես կարծում եմ՝ իրենց կարգախոսը հենց այդպես էլ բաշխված է. ընտրությունը մեկին է բաժին ընկած, փոփոխությունը մեկին պիտի խորհրդանշի, հաղթանակը` մյուսին»:
     Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի` «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսին, Հայկ Կիրակոսյանն ասաց, որ այս դաշինքի խոստումներին հավատալու համար ճիշտ կլիներ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» -ի փոխարեն ընտրել «Ժառանգություն, աղոթք, ապաշխարում» կարգախոսը, որն ավելի համարժեք կլիներ. «Եթե այսպես դնեին, միանգամից բոլորը կիմանային, թե որ քաղաքական ուժի մասին է խոսքը: Միանգամից բոլորը կհասկանային, որ այս մարդիկ ազնիվ են, փոշմանել են ու իրենց որդեգրած ուղով էլ գործելու են քաղաքական դաշտում»: «Ծառուկյան» դաշինքի հետ կապված էլ, ըստ մասնագետի, իր համար հասկանալի կլիներ, եթե ասենք` Ֆիդել Կաստրոն կամ Մահաթմա Գանդին դաշինք հիմնեին իրենց անուններով. «Սեփական անունով դաշինք ստեղծելու ֆենոմենը, որը բնորոշ է մեծ առաջնորդներին, որոնք բարեփոխումներ են իրականացրել, մի տեսակ ուրիշ ասոցիացիաներ են առաջացնում:
     Այս պարագայում ես մի մտավախություն ունեմ. եթե այս անգամ էլ քաղաքական գործունեությունից հրաժարվելու խնդիր ունենա այդ դաշինքի առաջնորդը, ապա մի տեսակ սիրուն չի լինի լքել սեփական անվանումով դաշինքը, որովհետեւ լքելու պարագայում, այն մարդիկ, որ մնում են դաշինքի մեջ ու Ծառուկյան ազգանունն են կրում, ո՞նց կլինի: Դա պետք է հաշվի առնել»: Կարգախոսի մասով էլ, որտեղ ասվում է` «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է», պարոն Կիրակոսյանը համարում է, որ կրկնություն է «Բարգավաճ Հայաստան կառուցելու» կարգախոսին, «որովհետեւ բարգավաճ գաղափարախոսությունը ոչ մի բանով չի տարբերվում կառուցելու գաղափարից»:
    
     «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքն էլ, որի կարգախոսը «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» -ն է, ըստ մասնագետի՝ ազատագրված տարածքների հետ կապված որոշակի թեմա է խաղարկում. «Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ը 25 տարի առաջ ուներ այդ ռեսուրսը վերջնականապես հակառակորդ պետության հարցերն այնպես լուծելու, որ մենք 25 տարի զգայինք իրենց կարգախոսի կիրառանքը` խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն: Կարելի էր եւ հաշտություն, խաղաղություն եւ բարիդրացիություն պարտադրել հակառակորդին: Այսօր ժողովրդի համար առանցքային է խաղաղություն, հաշտություն միայն ուղղակի սպառնալիքների ժամանակ: Մարդկանց այնքան շատ են հետաքրքրում սոցիալական խնդիրները, որ եթե լիներ` «Լիքը վարկեր առանց հարկեր», շատ ավելի մեծ դիվիդենդներ կբերեր ցանկացած քաղաքական ուժի»: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ՀՀԿ-ն, որ այս ընտրություններին հանդես է գալիս «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով, ըստ Հայկ Կիրակոսյանի՝ ավելի համոզիչ կլիներ, եթե ընտրեր «Ազատվելով հին դեմքերից եւ թալանչիներից» կարգախոսը:
     «Ոչ ոք դեմ չէր լինի, ու կտեսնեին, որ իրոք Հանրապետականի հետ կարող է մի բան կատարվում է: Եվ քանի որ Կարեն Կարապետյանը որոշ կտրուկ քայլեր կատարում է որոշ պաշտոնյաներից, օլիգարխներից ազատվելու համար, շատ դիպուկ կլիներ այդ կարգախոսը»:
    
     Հայ Յեղափոխական Դաշնակցության նոր կարգախոսը մեկնաբանելիս էլ պարոն Կիրակոսյանն ասաց, որ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» ասելով՝ ՀՅԴ-ն ապացուցում է, որ «հին ընկերների» տրամաբանությունն իրեն սպառել է. «Որոշ քաղաքական ինտրիգներից հետո մարդիկ այլեւս հին ընկերներին չեն հավատում, չեն վստահում: Եվ Դաշնակցությունը, որի բրենդը հարյուրքանի տարվա քաղաքական ուժ լինելն է, «Հին ընկերները չեն դավաճանում» հին կարգախոսով չի կարողանալու մարդկանց համոզել: Դրա համար իրենք էլ են դավաճանել հին ընկերոջ կարգախոսին` նոր սկիզբ խոստանալով»:
    
     Միակ կշիռ ունեցող բառը՝ «աշխատանք», կոմունիստների` Հայաստանի կոմունիստական կուսակցության կարգախոսում է` «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»: Այդուհանդերձ, պարոն Կիրակոսյանը կարծում է, որ նրանք էլ շանսեր չունեն, քանի որ «մի սերունդ է մեծացել, որ չի էլ կարող ասել՝ «սոցիալիզմ» բառն ինչ է նշանակում»: «Նրանց խաղադրույքը դրված է նոստալգիայի վրա: Ցավոք սրտի, այդ բառերն արտաբերում են մարդիկ, որոնց գնացքը բարով-խերով գնացել է», - ասաց Հայկ Կիրակոսյանը:
    
     «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կարգախոսը` «Մենք կարող ենք», PR-ի մասնագետին հիշեցնում է հայտնի «Նայք» ընկերության կամ «սնիկերսի» գովազդները. «Ինչ կարող են, երբվանից կարող են. նման հարցեր են առաջանում: Ճիշտ կլինի նման ուժերը սոցիալական բնապահպանական տարբեր խնդիրներով զբաղվեն»: «Հայկական վերածնունդ» կուսակցության կարգախոսի` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի», մասին էլ նկատեց. «Փոփոխություն բառը կա, «վերածնունդը» տիպիկ կրկնաբանություն է, որովհետեւ վերածնունդը հոմանիշն է փոփոխություն բառի, ուղղակիորեն նույն իմաստն է. խտացվում է` քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն փոփոխության»:
    
     Մասնագետի կարծիքով՝ «Հայկական վերածնունդ» -ը «Ծառուկյան» դաշինքի հետ հեղինակային իրավունքի հարց պետք է պարզի, «որովհետեւ լրիվ նույն կարգախոսն է, եւ միայն վերածնունդ բառն է ավելացրած»:
    
     «Ես ցավով պետք է նկատեմ, որ այս անգամ հնդկական սերիալներն ավելի հետաքրքիր են լինելու, քան խորհրդարանական ընտրությունները, եւ ժողովուրդը հնդկական սերիալները նախընտրելու է ընտրություններից», - ասաց Հայկ Կիրակոսյանը:
    
     ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4051 | 0 | 0
Facebook