Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«OutDance»-ը տարբերվում է իր ոչ գռեհիկ հումորով. սցենարիստ Անդրանիկ Իսահակյան

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
10:20, հինգշաբթի, 09 մարտի, 2017 թ.
«OutDance»-ը տարբերվում է իր ոչ գռեհիկ հումորով. սցենարիստ Անդրանիկ Իսահակյան

«Շանթ Պրեմիում» հեռուստաալիքով մեկնարկել է «OutDance» անունով նոր սիթքոմ: Նախագծի հիմնական հերոսները երիտասարդ պարողներ են, որոնց կյանքն ու առօրյան պտտվում է պարի շուրջ: Տնօրենը Նարեկ Բիլբուլյանն է, ռեժիսորը՝ Արսեն Երեմյանը, պրոդյուսերը՝ Հունան Սողոյանը, սցենարի հեղինակը՝ Անդրանիկ Իսահակյանը: Armtimes.com-ի հետ զրույցում Իսահակյանը նշեց, որ նոր սիթքոմը տարբերվում է իր յուրահատուկ հումորով:

«Այն տարբերվում է հումորով՝ ոչ գռեհիկ հումորով, 6+ նախագիծ է՝ ընտանեկան դիտման համար», - ասաց նա:

Սյուժեն կառուցված է 2 հերոսների՝ պրոֆեսիոնալ պարուհի Էլիզայի ու Գարիկի շուրջ: 20-ամյա Գարիկը սիրահարվում է Էլիզային եւ նրա սիրտը գրավելու համար սկսում է զբաղվել պրոֆեսիոնալ պարով, հասնում է անհրաժեշտ մակարդակի եւ ընդգրկվում պարային խումբ, որտեղ էլ արդեն պետք է պայքարի բոլորից լավը լինելու համար: Սիթքոմի հիմնական հաղորդագրությունն այն է, որ երիտասարդները երբեք, որեւէ պատճառով չպետք է հետ կանգնեն նպատակներից:

«Մեսիջը հենց դա է, որ երիտասարդությունը չկոտրվի, նպատակներ դնի իր առաջ ու ամեն ջանք թափի, որպեսզի հասնի դրանց, չնայի փակ դռներին, չնայի քաղաքական ու տնտեսական վիճակներին, մեծ երազանքներն ու նպատակները չփոքրացնի ու հասնի դրանց», - ասաց սցենարի հեղինակը:

«OutDance» -ի գաղափարն Իսահակյանի մոտ եղել է դեռ 2013 թվականին: Նա դիտել է «Պարիր, թե կարող ես» նախագծի խոհանոցային նյութերը, եւ նրան հետաքրքրել է պրոֆեսիոնալ պարողների կյանքը, երբ նրանք չեն պարում:

«Հետաքրքրեց այն, թե ինչ են անում կուլիսներում՝ նրանց կատակները, խոսակցությունները: Մտածեցի, որ դա բաց տեղ է, ոչ ոք պարին չի անդրադարձել սիթքոմի ձեւաչափով ու փորձեցի լրացնել այդ բացը», - պատմեց նա:

Դերասանական կազմի ընտրությունը շատ բարդ է եղել: Անհրաժեշտ է եղել գտնել պրոֆեսիոնալ պարողներ, որոնք նաեւ կարող են դերասանական խաղ ցուցադրել:

«Մի պահ նույնիսկ փոշմանել էի, որ նման բան եմ սկսել, որովհետեւ մի բան է խաղալ, մի բան է հումոր ներկայացնել: Ճիշտ է՝ նրանք հանճարեղ կատակերգուներ չեն, բայց փորձել ենք ինչ-որ մակարդակի բերել, որ եթեր տանք», - ասաց Իսահակյանը՝ ավելացնելով, որ մասնակիցների մոտ դերասանական խաղն աստիճանաբար շտկվում է:

Նախագծում կան նաեւ հեռուստադիտողին արդեն հայտնի դեմքեր, օրինակ, «Մեծ Հայք» խմբի Նարեկը, Սոնա Մաթեւոսյանը («Քաղաքում» սերիալում՝ Սոֆա), Անդրանիկ Անտոնյանը («Քաղաքում» սերիալում՝ Ծյապիկ), Լիա Զախարյանը, Արման Ջուլհակյանը:

Սիթքոմը եթեր է հեռարձակվում շաբաթը 2 անգամ: Դեռ հայտնի չէ, թե քանի մասից է բաղկացած լինելու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5724 | 0 | 0
Facebook