Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱ՛Մ ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ԿԱ՛Մ ԿՈՐՑՐՈՒ ՈՒՆԵՑԱԾԴ.

LilitJour
Հեղինակ`
LilitJour
18:25, երեքշաբթի, 07 մարտի, 2017 թ.
ԿԱ՛Մ ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ԿԱ՛Մ ԿՈՐՑՐՈՒ ՈՒՆԵՑԱԾԴ.

ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը համարվում է ժողովրդավարական երկիր, ուստի մեր հանրապետությունում ընդունվում և պաշտպանվում է քաղաքական բազմակարծությունը: Փորձենք հասկանալ, թե որքանով են այս հիմնադրույթները կենսագործվում մեր իրականության պայմաններում:
     Ինչպես գիտենք, ՀՀ-ում պետության գլուխն ու օրենսդիր մարմինը իրենց լիազորությունները ստանձնում են անմիջականորեն ժողովրդի կողմից՝ ազատ, համընդհանուր ընտրությունների միջոցով: Ընտրություններին՝ որպես թեկնածուներ, մասնակցում են ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության ներկայացուցիչները (եթե, իհարկե ՀՀ-ում գոյություն ունի ընդդիմություն): Ընտրությունները քաղաքական-իրավական իրողությունից վերածվում են մի յուրօրինակ խաղի, որի կանոնները որոշում են բացառապես գործող իշխանության ներկայացուցիչները: Ընտրությունների ժամանակ հասարակությունը բաժանվում է տարբեր խմբերի.

· մարդիկ, ովքեր հրամայում են հավաքել ձայներ, ներկայացնել իրենց,

· մարդիկ, ովքեր աշխատում են իշխանության համար, ձայներ են հավաքում, ընտրակաշառք բաժանում, համոզում, ստիպում, սպառնում և այդ կերպ լրացնում իրենց կողմից ներկայացվելիք ցուցակները,

· և վերջապես մարդիկ, ովքեր հլու-հնազանդ կատարում են վերևից եկած հրամանը….

Եթե նկատեցիք, իմ նշած դասակարգման մեջ կարծես բոլոր մարդիկ, այնուամենայնիվ, իրենց կամքով կամ դրան հակառակ, ձայնը տալիս են իշխանության ներկայացուցիչներին, իսկ ու՞ր մնաց ընդդիմությունը: Ինչ խոսք, ընդդիմության ներկայացուցիչներ նույնպես կան, հասարակության մեջ կա ընդդիմությանը սատարող մարդկանց մեծ բանակ, սակայն իմ կողմից կատարված հասարակության դասակարգման մեջ նրանց չնշելը ինքնանպատակ չէր, բացատրեմ՝ ինչու: Բոլոր նրանք, ովքեր, ապրելով Հայաստանի Հանրապետությունում, համարձակվում են սատարել ընդդիությանը, դեմ դուրս գալ գործող իշխանության ներկայացուցիչներին, չկատարել նրանց հրամանները, չաշխատել նրանց համար, չդառնալ նրանց ստրուկը, դատապարտված են ոչնչացման, նրանց գոյությունը այնքան խաբուսիկ է, դրա համար էլ անիմաստ համարեցի նրանց նշել իմ դասակարգման մեջ: Որպեսզի ընթերցողների մոտ չստեղծվի այնպիսի տպավորություն, որ ես պարզապես որոշել եմ վատաբանել մեր իշխանություններին, և որպեսզի խոսքերս հիմնավոր լինեն, կցանկանայի անդրադառնալ մի դեպքի, որը վերոնշյալ մտքերիս տիպիկ օրինակ է: Լրագրողական հետաքննությանս արդյունքում բացահայտեցի բավականին հետաքրքիր և միևնույն ժամանակ զարհուրելի փաստեր ՀՀ Նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կամ որ առավել հայտնի է Սաշիկի քաջագործություններից: Դեռ տարիներ առաջ համացանցում հայտնված մի հոդվածից հասկացա, որ Սաշիկի ագահությունը պարզապես սահմաններ չի ճանաչում, նա այն աստիճան է ագահացել, որ իր հսկայական բիզնեսները թողած, ընկել է մանր ու միջին բիզնեսների հետևից: Մասնավորապես, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող շինանյութի խանութը Սաշիկի հետաքրքրությունների շրջանակում էր հայտնվել, սակայն ինչպես պարզվեց, խանութի տերը՝ Արմեն Հակոբյանը, շուտ հանձնվողներից չէր, տուրք չտվեց Սաշիկի ցանկություններին…Դեռ ավելին, նշված դեպքերին հաջորդող խորհրդարանական և նախագահական/2012, 2013թթ./ ընտրությունների ժամանակ սատարում էր ընդդիմության ներկայացուցիչներին, չէր կատարում հանրապետականների հրամանները, իր մարզի բնակիչներին չէր ցուցակագրում և ներկայացնում հանրապետականներին, ժողովրդի լեզվով ասած՝ «առյուծի կաթ էր խմել», դուրս էր եկել հանրապետականների դեմ, բայց դեռ չգիտեր գլխի գալիքը: Մեր հանրապետությունում իշխանության ներկայացուցիչները չեն ներում իրենց բարկացնողներին, այդպես եղավ նաև Արմեն Հակոբյանի դեպքում: Նրանից պահանջեցին իրենց հանձնել իր ողջ ունեցվածքը, սակայն երիտասարդը հնազանդվողներից չէր…Դրան հաջորդեցին պարբերաբար խոշտանգումներն ու սպառնալիքները թե ՛ Արմեն Հակոբյանի, թե՛ նրա ընտանիքի անդամների հանդեպ… Տարիների անկոտրուն պայքարը ապարդյուն եղավ, Արմեն Հակոբյանից խլեցին ողջ ունեցվածքը և ստիպեցին լքել երկիրը… Վերջապես հասկանալով, որ հանրապետականների դեմ դուրս գալ չի կարելի, զգալով իր և իր ընտանիքի անդամների կյանքին սպառնացող վտանգը, Արմեն Հակոբյանը ճարահատյալ փախչեց երկրից… Ահա այսպիսի իրականությունն է պատճառը, որ մեր հայրենիքը օրեցօր ամայանում ու դատարկվում է… Կոչ եմ անում իշխանության ներկայացուցիչներին՝ սթափվել, զսպել իրենց ագահությունն ու փառասիրությունը, հարգել մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը, և հայրենիքը չդարձնել իրենց կեղտոտ ու ապօրինի գործունեության մրցադաշտ….

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2138 | 0 | 0
Facebook