ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ, ՊՈԵՄՆԵՐ ԵՐԿՈՒ ՀԱՅՐ 1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսր: — Հայրիկի աջը կուզեմ համբուրել, — խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին: — Բարով, տեր հայր, — աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված: — Որտեղի՞ց կուգաս: — Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ... — Ա.-ի տեր Սարգի՞սը... — Այո, Հայրիկ: — Է՞... — Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես... — Է հիմի... — Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես... այնպես, եկել եմ... եկել եմ... Հայրիկին ասեմ... էլ ոչինչ չեմ ուզում... Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին: — Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս, — գլուխը վեր քաշեց կաթողիկոսը: — Ամենքը միասին քսան, Հայրիկ: — Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար, — պատասխանեց Հայրիկը, — այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան... Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս... Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր: — Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս: — Հայրիկինը... — Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ: Ասավ ու գլուխը խոնարհեց: Քահանան շտապեց առաջ, աջը գրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով... Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին... Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը... 1907 ԳԱԲՈ ԲԻՁՈՒ ՇԵՐԱՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ Ես ու Գաբո բիձեն անցնում էինք Լոռու ձորով: — Հե՜յ, տիրացու, — ձայն տվավ նա: — Համմե՜: — Հրամանքդ շատ: Ես տեսնում եմ, որ էս մեր նոր ուսում առածները շատ աշխարհքից դուրս մարդիկ են, դու սրան ի՞նչ կասես: — Ինչո՞ւ, Գաբո բիձա: — Ընդուր համար, որ հենց գիտեն՝ ամեն բան իրենք են հասկանում, իրենցից առաջ էլ ոչ մարդիկ են էլել, ոչ բան են հասկացել: Մին էլ կտեսնես նստեցին ու գլխիդ գելի ավետարան կարդացին — հա՛ էս ճանճ պահի՛ր, էս աբրեշումի ճիճու պահի՛ր, էսպես մածուն շինիր, էսպես ցանի՛ր, էնպես հնձի՛ր... Տո՛, հեր օրհնած, մի առաջ հարցրո՛ւ, տես՝ էդ բաները դրանք էլ միտք են արել թե չէ, նրանցից ետը՝ թեկուզ ուշունց տուր: — Ետո մի՞տք եք արել որ, Գաբո բիձա: — Ախպեր, ա՛յ, ես հիմի օրինակի համար՝ մինն ասեմ, դու տես՝ մենք էլ հացակեր մարդիկ ենք, բան ենք հասկանում թե՞ չէ: Մի աշունք մեր Դավոն գնաց քաղաքը խոզ ծախելու: Մի ճանանչ մարդ աբրեշումի ճիճվի սերմ էր տվել թե՝ տարեք ձեր տեղը բհամ բերեք: ճամփա պահեցինք մինչև գարունքը բաց էլավ: Գարունքը որ բաց էլավ, ոնց որ խրատ էր տվել՝ էս ճիճվի սերմը բերինք մեր խիզանի ծոցում դրինք, որ տաքանան, դուրս գան: Դուրս էկան ասեղի ծերի չափ մանր սև զադեր — մի խոսքով մոնը քեզ օրինակ: — Գաբո բիձեն այստեղ հանկարծ ձայն տվեց: — Տիրացու: — Համմե՜: — Էդ ձեր ուսումնականները թե գիտեն — աբրեշումի ճիճուն ի՞նչ կուտի: — Թթան տերև: — Ապրե՜ս, դրուստ ա: Գնացի ձորիցը մի շալակ թթան տերև բերի, կապեցի մենծ տան ամբարի ոտիցն ու ճիճուն վրեն ածի: Ինչքան մարդ էկավ թամաշա, ոչ մնի տուն չթողինք՝ որ աչքով չտան, ասինք՝ թող մի տեսնենք ինչ ա դուրս գալի: Ա՜յ տղա, էդ անտեր ճիճուները մի քանի օր կացան ու կոտորվեցին: Հիմի թե ասենք նրանից էր, որ գոմշի ձագը շատ էր մոտ կապած, ոտնատակ էր տալիս, թե նրանի՞ց էր, որ հավերը տուն էին թափում — մե-մեն կուտ ուտում, դե ո՞նց անենք: Խո չէինք կարող հավերը կոտորել կամ ձագն սպանիլ: Թե ասենք անձրևիցն էր, որ երդիկովը ներս էր թափվում, մին էլ մարդ միտք ա անում, թե բա քաղաքումն անձրև չի գալի՞... Մի խոսքով բան գլուխ չեկավ: Տեսանք, որ մեր երկրումը աբրեշումի ճիճուն անում չի, բան չի դառնում: Դե՛, զարմանալի ի՞նչ կա որ. էնպես երկիր կա՝ ղուշ չի ապրում, էնպես երկիր կա` ցորեն չի գուրս գալի. ամեն մի աշխարհք մի տեսակ բնություն ունի. ամա էս մեր նոր ուսումնականները էսքանն էլ չեն հասկանում: 1898 ԱՐՋԱՈՐՍ Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գըվգըվում են: Մին էլ Ավագը թե՝ «Ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»: Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ, մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի: Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է: Թե` բո՛հ, չէ չէ պոզեր: Ա՜յ տղա, ասի, արջ է: Ես հա, սա` չէ. ես՝ հա, սա՝ չէ: Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա: Մին էլ էն տեսանք առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը: Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա: — Ալաբա՛շ, բռնի հա՛ բռնի, հրես հա՛, հրես: Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք: Մի հաստլիկ մերուն ունեինք. ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի: Վազ տվինք փոսերի վրա: Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում. առաջներս խտըտած ձորն է ընկնում: Վերջը շատ տեղը նեղացրինք, չէ, թող արավ, փախավ: Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ: Թե` դե՛, լավ: Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի. տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա: Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է: Ման էկա. որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի մի քիչ մոշ ուտեմ. Միամիտ մոշ ուտելիս հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց: Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել: Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի: Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ: Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի: Ես ձգեցի, նա ձգեց. տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ: Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ: Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց: Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ: Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ: Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել: Էնտեղ մեջքս կոտրեց: Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ. եղավ ոչ: Բռնեցինք իրար: Դես քաշեցինք, դեն քաշեցինք: Տեսնեմ՝ անտերն էս է, ինձ ուտում է: Ձեն տվի` «Ալաբաշ հե՜յ..., Ա՛լա բաշ հե՜յ...»: Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է: Եկավ, հասավ: «Ա՜լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ...»: Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն. որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի: Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին: Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել: Մին էլ տեսա՝ կում արավ ու մարդի պես երեսիս մի մեծ թքեց — թո՜ւ: Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի: Տեսա էլ ազատվելու դուռը չկա, ասի ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ: Բերանսիվեր տակին վեր ընկա: Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց: Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում: Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա: Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց: Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց: Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ թե չանչեց, էլ գիտեմ ոչ` ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ: Շունն էլ գնաց. մնացինք ես ու ինքը: Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում: Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ: Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի: Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց. ականջ է դրել: Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ: Գլուխը վեր քաշեց, մի քիչ կռացավ` մին էլ ականջ դրավ: Էլ ետ շունչս պահեցի: Սա որ տեսավ՝ ես էս է մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց: Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում: Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ: Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ: Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց: Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց: Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի: Միտք արի որ` թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի: Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ: Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի: Հիմի տապ արած տեղիցս մտիկ եմ անում: Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի: Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա: Քոթուկր խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛: Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը: Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը: Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմ: Ետ եմ մտիկ անում, ասում եմ տեսնեմ, հո արջը գալիս չի: Հասա մեր խոզի նիստը: էս Ավագը թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել: Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս: Թե՝ բա հրացանըդ ո՞ւր է: Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է. թողել եմ տեղը: Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք: Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ: Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի: Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի: Թե՝ դու գիտես: Հրացանս վեր կալա, քարը պնդացրի ու գնացի: Տանձի էլ կաթոցի ժամանակն է: Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա. գտա ոչ: Միտք արի` ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ: Վեր կացա, ասի ներքևեմ մոշուտների վրա: Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը, արջի հետքը առաջիս: Հետքն ընկա գնացի. գնամ՝ տեսնեմ հրես մի բարդի կրծել է, կրծել ու թողել: Գլխի ընկա, որ սրանում մեղր կա: Վերև մտիկ տամ, ճանճը արկանոցից բանում է: Ասի հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս: Մի քիչ էլ գնացի, տեսնեմ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է: Տեսա որ մոտեցել եմ: էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս: Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի: Հենց ոտս փոխեցի, մի թրմփթրմփոց եկավ: Կանգնեցի... Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ հրես տակին տանձ է ուտում: Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում: Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա: Տեսնեմ հրացանի ծերը տըմբտըմբում է: Չէ՜, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի... Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա կտաս, ընկավ ներքի ձորը: Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ սա ջրին է վազում. ասի` բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց — պրծավ, էլ ապրիլ չի: Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին. վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի: Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ: Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ... 1899 ԳԻՔՈՐԸ 1 Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։ — Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում, — լալիս էր կինը։ Բայց Համբոն չլսեց: Մի խաղաղ առավոտ էր. մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։ Քույրը` Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի. «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գի-քո՜լ» ։ Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց. գյուղը ծածկվել էր բլուրի ետև։ Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։ — Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հ՛ա, — որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութուն։ Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։ — Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՜, — ցույց տվավ Գիքորը մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան։ Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։ Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին։ Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի։ Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում։ Խոսեցին Գիքորի մասին։ Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի։ Հետո սկսեցին խոսել կռվի վրա, հացի թանգության՛ վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ։ Մյուս օրը քաղաք մտան։ Գնացին ծերունի թավլաչու մոտ: Առավոտը բազարն իջան։ — Բիձա, էդ էրեխին ծառա ես տալո՞ւ, — խանութի ներսից հարցրեց մի վաճառական։ — Հրամանք ես, — ասավ Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց։ — Բեր ինձ տուր, ես կբռնեմ, — առաջարկեց վաճառականը։ Նրան ասում էին բազազ Արտեմ։ 2 Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվավ բազազ Արտեմի տանը։ Պայմանն էն էր, որ Գիքորը պետք է տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր, դուքանը բաժին տաներ, ու էս տեսակ մանր ծառայություններ, մինչև մի տարի։ Մի տարուց ետը բազազը նրան պետք է տաներ դուքան, շիներ դուքանի «աշկերտ», ու էսպես Գիքորը պետք է բարձրանար։ — Հինգ տարի դեռ փող չեմ տալ, — ասավ բազազը պայմանը կապելիս։— Թե դրուստը կուզես, դեռ դու պետք է տաս, որ քու որդին բան է սովորելու։ Ախար իսկի բան չգիտի... — Որտեղից գիտենա, խազեին ջան, — պատասխանեց Համբոն, –— որ գիտենար, էլ ո՞ւր կբերեի, ես էլ բերել եմ, որ բան սովորի... — Կսովորի, ամեն բան կսովորի։ Էնպես սովորի ո՜ր... Զեր կողմերից էն Նիկոլն ինչ է, որ իրեն համար դուքան ունի բաց արած, նա էլ ինձ մոտ է մարդ դառել։ Ամա վերջում մի ջուխտ չայի գդալ ու մի քանի բան գողացավ... — Չէ՜, խազեին ջան, սա գողանալ չի։ Որ էդպես բան անի, կգամ կռնիցը կբռնեմ, էն Քուռը կգցեմ։ — Հա՛, որ ձեռը հալալ է` մարդ կդառնա։ — Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա. լեզու սովորի, գրիլ-կարդալ սովորի, նստիլ-վերկենալ սովորի, մարդ ճանաչի, որ աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա... Ւնքն էլ աչքաբաց էրեխա ա, մեր գեղական շկոլումն էլ գրաճանանչ ա էլել, գրի սևն ու սպիտակը ջոկում ա։ Ամա աղաչանքս էն ա, որ լավ մտիկ անեք, ղարիբ էրեխա ա, քորփա ա... Բազազը Համբոյին միամտացրեց ու դուրս գնաց, բարձր ձենով հրամայելով. «Չայ բերեք, հաց բերեք սրանց համար...» ։ 3 Հեր ու որդի նստած էին բազազ Արտեմի խոհանոցում։ — Դե, հիմի դու գիտես, Գիքոր ջան, տեսնեմ` ինչ տեսակ տղա ես դուրս գալի... Հենց պետք է անես, որ... ես ի՞նչ գիտեմ... ո՜վ տեր աստոծ... — մռնչաց Համբոն ու չիբուխը լցրեց: Այնինչ Գիքորը չորս կողմն էր դիտում։ — Ապի, սրանք բուխարի չունե՞ն։ — Չէ, սրանցը փեչն ա, ա՛յ էն ա փեչը... — Կալ էլ չունե՞ն։ — Սրանք քաղաքացի են, գեղացի հո չեն, որ կալ կասեն։ — Բա ո՞րտեղից են հաց ուտում։ — Փողով առնում են ուտում։ Հացն էլ են փողով առնում, եղն էլ, կաթն էլ, մածունն էլ, փետն էլ, ջուրն էլ... — Վա՜... — Բա՜, սրան Թիֆլիզ կասեն։ Դու հլա ղոչաղ կաց, դեռ շատ բան կիմանաս։ — Ապի, սրանք ժամ ունե՞ն... — Ունեն բա՛ս, սրանք էլ մեզ նման հայ քրիստոնյա են։ Մտիկ արա հա՜— ձեռնաքաշություն չանես։ Կարելի ա քեզ փորձելու համար փող վեր կգցեն, մոտենաս ոչ։ Թե վերցնես էլ, տար ասա — «խանո՛ւմ, էս ի՞նչ փող ա, էստեղ վեր ընկած էր. աղա՛, էս բանն էստեղ գտա», թե չէ... — էստեղ էլ պրիստավ կա՞ որ... — Կա բա՞ս... Վախտ ու անվախտ դեսդեն չընկնես, ձեռդ ընկած փողը քոռուփուչ չանես, հազար ու մի պակասություն ունենք։ Քեզ էլ լավ պահի, գիշերները բաց չըլես, մրսես ոչ... Մի-մին եկողի հետ գիր ղարկի... –մերթ-մերթ չիբուխը բերանից հանելով որդուն խրատում էր Համբոն։ Այնինչ Գիքորը ննջում էր։ — Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդ ա... Օրեր են, կմթնեն անց կկենան... Շարունակում էր հերն իր խրատը, բայց Գիքորը հորը թինկը տված քնել էր արդեն։ Էն երկու օրը նա էնքան բան էր տեսել, էս ու էն կողմը նայել, որ հոգնել էր բոլորովին։ Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար ետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանանչի բարձած ավանակները, թաբախները գլխներին կինտոները... էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր նրա գլխում։ Եվ նա հոգնել էր ու հորը թինկը տված քնել։ Էս ժամանակ բազազն ու իր կինը վիճում էին ներսը: Կինը տրտնջում էր, որ ծառան խամ էր, նոր սարիցն եկած, վայրենի, իսկ մարդն ուրախ էր, որ մի քանի տարով անվարձ ծառա էր գտել։ — Կսովորի, հո էդպես չի մնալ, — ասում էր նա կնոջը։ — Կսովորի, որդի, սիրտդ շուռ մի՛ բերի, — խնդրում էր բազազի պառավ մայրը։ Բայց տիկին Նատոն չէր համոզվում։ Նա արտասվելով անիծում էր իր բախտը։ 4 Գիքորը մենակ նստած էր բազազ Արտեմի խոհանոցում։ Նա արդեն ծառայության մեջ էր։ Խազեինի հին գլխարկը մինչև ականջները կոխած գլուխը, հին ոտնամանները ոտներին, մի մավի բլուզ էլ հագին, էսպես ոտից գլուխ փոխված, նա նստած էր խոհանոցում ու միտք էր անում, թե ընչի եկավ իրենց Գյուղից, որտեղ է ընկլել, հիմի ինչ պետք է անի... Էս ժամանակ ներս մտավ տիկին Նատոն։ Գիքորը տեղը նստած էր։ Տիկինը մի բան ասավ։ Գիքորը լավ լսեց թե չհասչկացավ։ — Քե՞զ չեմ ասում, տո արջի քոթոթ։ Գիքորը շփոթվեց, քրտնեց. մին ուզեց հարցնի, թե ինչ է ասում, մին էլ սիրտ չարավ։ Աղջիկ պարոնը բարկացած դուրս գնաց։ — Ը՜հ, հողեմ ձեր գլուխը, որ վայրենի եք ու գալիս եք մարդի գլխի խաթա դառնում... Ես բան եմ ասում, սա տեղիցն էլ ժաժ չի գալի, ձեն էլ չի հանում... — Վերջացավ, — անցավ Գիքորի մտքովը։— Բայց ի՜նչ շուտ վերջացավ... ի՛նչ վատ վերջացավ... Հիմի ես ի՞նչ անեմ... հերս էլ գնաց... Եվ ամեն բան նա վերջացած էր համարում, երբ իրեն-իրեն խոսելով ներս մտավ սև շորերով բարի պառավը բազազի մերը։ — Որ աղջիկ պարոնը ներս է գալի, տեղիցդ ընչի՞ չես կանգնում, որդի, — խրատում էր նա Գիքորին, — որ բան են հարցնում, ձեն հանի... ո՞նց կըլի էդպես... Պառավին դեդի էին ասում։ Դեդին սովորեցնում էր Գիքորին, թե ինչ պետք է անի, ինչպես սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա... Բացի պառավ դեդին, ամենքը նեղացնում էին նրան։ Բազազի «դուքանի աշկերտներն» էլ շարունակ ծաղրում էին նրան, «քիքի» էին կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները։ Բայց էս բոլորը տանելի բաներ էին։ Անտանելին էն էր, որ նա չէր կարողանում քաղցին դիմանա։ Իրենց տանը, երբ սովում էր, գնում էր տաշտիցը հաց էր առնում, կճուճիցը պանիր էր հանում, ուտելով գնում խաղալու, կամ թե չէ՝ փեշն էր դնում, գնում հանդը։ Երբ ուզում էր՝ մի ծառի տակի կամ աղբրի վրա նստում էր ուտում։ Հիմի էստեղ ուրիշ տեսակ էր։ Ինչքան էլ սոված լիներ՝ պետք է սպասեր մինչև ճաշի ժամանակը գար, էն էլ ամենքն ուտեին, հետո ինքը։ Էդ անիծած ժամանակն էլ էնքան ուշ էր գալի, որ խեղճի սիրտը քամ էր ընկնում, թրթռում։ Մին, երկու, տասը համբերելուց ետը նա սկսեց չորս կողմն աչք ածել խոհանոցում, թե արդյոք մի բան չի գտնիլ ուտելու, որ սիրտր կանգնեցնի, մինչև ճաշի ժամանակը գա։ Սկզբում ինչ գտնում էր — չոր հացի փշրանք, կրծած ոսկոր թե ուրիշ բան, գցում էր բերանր։ Մի քիչ հետո մտածեց խոհանոցի պահարանները որոնել։ Ապա թե սովորեց կերակուրի պղնձից կիսեփ մսի կտոր դուրս քաշել... Բայց եթե նկատեի՜ն... Ինչ վատ բան դուրս կգա՜ր... Եթե նկատեի՜ն... Հապա ի՞նչ անես... Թողնե՞ս, փախչե՞ս... Եվ Գիքորն սկսեց մտածել փախչելու մասին։ Բայց ո՞նց փախչես, ո՞ր կողմը փախչես. մենա՛կ, ճամփա չգիտես, մարդ չես ճանաչում... իսկ հերը... Էնքան չարչարվեց, խոսեց, խրատեց՝ «Օրեր են, որդի, կմթնեն, անց կկենան...» Եվ ահա Գիքորի գլխում հնչում է հոր խանձված ձենը. — «Օրեր են, կմթնեն, անց կկենա՜ն... անց կկենա՜ն...» ։ 5 Զանգը տվին։ Գիքորը վեր թռավ։ Ասել էին, թե երբ զանգը տալիս են, գնա տեսնի՝ ով է, ինչ է ուզում։ Նա դուրս եկավ, պատշգամբից նայեց, տեսավ` մի պարոն ու մի քանի տիկին դռան առաջ կանգնած։ — Էդ ո՞վ եք, հե՛յ, — ձայն տվավ վերևից։ Ներքևից վերև նայեցին։ Տիկինները ծիծաղեցին, իսկ պարոնը, ակնոցներն ուղղելով, հարցրեց։ — Աղջիկ պարոնը տա՞նն է։ — Ի՞նչ եք անում, — հարցրեց Գիքորը։ Ներքև ծիծաղն ավելի սաստկացավ։ — Քեզ հարցնում են՝ տա՞նն է, թե չէ, — բարկացավ պարոնը։ — Բան ունե՞ք։ Էս աղմուկի վրա տիկինը դուրս եկավ։ — Քրքրվես դու, գնա դուռը բաց արա, շո՛ւտ, — ճչաց ու սկսեց անիծել Գիքորին և իր ամուսնուն։ Բայց շուտով հյուրերն երևացին, և նա ժպտալով դիմավորեց։ — Ա՜ բարև, բարև... էս ո՞ր խաչիցն էր, ի՞նչպես է որ մտաբերեցիք... — Էս ո՞րտեղից եք գտել, — ոտից գլուխը Գիքորին չափելով հարցրեց պարոնը, իսկ տիկինները շարունակ ծիծաղում էին։ — Ի՞նչ եք նախանձում, կուզեք ձեզ տանք, — կատակի տվավ տիկինն, ու հյուրերը խնդալով ներս մտան։ Գիքորին շտապով մի տեղ ուղարկեց ու նրանց ետևից իսկույն ներս մտավ և տիկին Նատոն։ Իրար առողջություն հարցնելուց ետը հյուրերն սկսեցին պատմել իրենց ներս մտնելու պատմությունը, և դուրս եկավ մի ահագին պատմություն։ — Օ՜ֆ, սիրտս մաշել է, — գանգատվում էր տիկին Նատոն.— թե իմանաք՝ ինչ եմ քաշում ես դրա ձեռիցը։ Ասում եմ դուրս անենք կորչի, բայց դե Արտեմի բնավորությունը գիտեք էլի, ասում է՝ մեղք է, գեղացի երեխա է, թող կենա, մի կտոր հաց է, ուտի, կսովորի... Ախր էլ ե՞րբ... սիրտս մաշեց... — Օ՛հ, օ՛հ, օ՛հ, էդ ծառաների բանն էլ մի՛ ասի, — էս ու էն կողմից սկսեցին բողոքել տիկին հյուրերը։ Մի կես ժամ խոսեցին դեսիցդենից, ծառաներից, քաղաքի նորություններից։ Հենց էդ խոսակցության ժամանակ ներս մտավ քրտնած Գիքորը։ — Աղջիկ պարոն, միրգը բերի: — Հա, լավ, գնա՛, — հրամայեց տիկինը կարմրելով, իսկ հյուրերն սկսեցին ծիծաղել։ — Աղջիկ պարոն, խազեինն ասում էր բալը թանգ ա, հարկավոր չի... Էս խոսքերի վրա հյուրերից ոմանք պոռթկացին ու թաշկինակով բերաններին հուպ տվին, ոմանք էլ տանտիկնռջ խայտառակությունը ծածկելու համար վկայեցին, թե իրավ բալը շատ թանկ է, էս ժամանակին ով է բալն առնում։ Ապա սկսեցին հանդիմանել, թե ի՞նչ հարկավոր է միրգը, հո ուտելու համար չեն եկել, ի՞նչ են նեղություն քաշում... Տանտիկինը, մինչև ականջակոթերը կարմրած, աշխատում էր մի կերպ եղածն ուղղի։ — Ով գիտի ինչ է ասել, չի հասկացել էս հիմարը։ — Ով սուտ ասի՝ գետինը մտնի, — երդվեց Գիքորը, ու ամեն բան լրացավ։ 6 Հյուրերին ճամփու դնելուց ետը տիկին Նատոն բարկացած, բարձր-բարձր խոսելով վեր էր քաղում մրգի սեղանը։ Նա հայհոյում էր Գիքորին, մեկ-մեկ թվում էր, թե ինչեր է անում նա, անիծում էր իր բախտը, իր ամուսնուն։ — Քա՛, խամ է, որդի, կսովորի, որդի... ինչի ես սիրտդ շուռ բերում... Ախ աստոծ, ի՞նչի չես հոգիս առնում, — հառաչում էր պառավ դեդին։ — Երանի մի իմանամ՝ մարդու սրտի էս նեղացած ժամանակը դու ինչ ես խոսում... Խամ է, դե գնացեք դուք շինեցեք, ես հո ձեր գերին չեմ, — ձենն ավելի բարձրացնելով պատասխանեց պառավին հարսը ու շարունակեց իր տրտունջն ու անեծքր մինչև ամուսինը տուն գար։ Ամուսնու ոտնաձայնը որ լսեց՝ սկսեց արտասվել, ավելի բարձր խոսել ու ամանները իրար գլխով տալ։ — Ասում եմ՝ դուրս արա կորչի. ես ծառայի բանն էլ կանեմ. թե խնայում ես՝ փող տաս, կարգին ծառա բռնես... Լավ է մարդ ծառայի տեղ էլ քաշ գա, քան թե ամեն օր էսենց սիրտը շուռ բերի... Իմ թշնամին հո չե՞ս... — Ի՞նչ է պատահել, — հարցրեց բազազը տան մեջտեղը կանգնելով։ — Ի՞նչ պետք է պատահի. էս էր մնացել, որ խալխի մոտ էլ մարդ գետինը մտնի, էս էլ արիր. էլ ի՞նչ պատահի, — վրա թռավ տիկինը ու պատմեց բալի պատմությունը։ — Վա՜հ, — բաց ականչեց բազազը։ — Ա՛խ աստո՛ծ, — հառաչում էր բարի պառավը, դես ու դեն ընկնելով։ Բազազը Գիքորին ձեն տվեց։ Թմփթըմփացնելով Գիքորը ներս ընկավ։ — Մոտիկ արի, — կանչեց բազազը։ Գիքորը վախեց նրա գույնից, մնաց տեղը կանգնած։ — Քեզ ասում եմ` մոտիկ արի... Գիքորն էս անգամ շարժվեց, բայց դարձյալ մնաց տեղը կանգնած։ — Տո՛, արջի քոթոթ, ես քեզ ասում եմ` աղջիկ պարոնին ասա, դու գալիս ես ղոնաղներին ասում, թե բալը թանգ է՞ր... — Ես... ես... աղջիկ պարոնին...— ուզում էր արդարանա Գիքորը, բայց խոսքը բերանում՝ ապտակը հասավ, աչքերը կայծակին տվին, գլուխը դիպավ կողքի պատովն ու վեր ընկավ։ Հենց ընկած տեղն սկսեց բազազը ոտքել, անդադար կրկնելով— «բալը թանգ էր, հը՞... բալը թանգ էր, հը՞...» ։ Պառավ դեդին դողդողալով մեջ ընկավ, աշխատում էր ետ քաշի կատաղած որդուն, աղջիկ պարոնն էլ եկավ, երեխաներն էլ սկսեցին ճչալ, բազազը ետ կանգնեց հևալով ու կրկնելով — «բալը թանգ էր, հը՞», — աչքերը միշտ չռած անկյունում կծկված Գիքորի վրա, որ դողալով ու ցավագին մըրմընջում էր. — Վա՜յ, նանի ջան, վա՜յ... վա՜յ, նանի ջան, վա՜յ... 7 Տեսան տանը չի կարողանում ծառայի՝ խանութ տարան Գիքորին։ Էնտեղ ապրանք պետք է տային մուշտարիների հետ տանելու, չիթ պետք է ծալեր, խանութը սրբեր, իսկ պարապ ժամանակը մուշտարի կանչեր։ Եվ ահա Գիքորը հաց է տանում խանութը։ Կերակրամանը ձեռքին, մաշված ու անգույն, մեծ-մեծ ոտնամանները քաշ տալով անց է կենում կամուրջով, նայեց ներքև: Քարվանսարաների բարձր պատերին զարկելով ծառս էր լինում Քուոը, ոլորվում, պտտվում ու ճնշվելով խեղդվում, խուլ թշշում կամուրջի տակին։ Ափից մոտիկ պտտում էր մի կանաչ նավակ: Երկու հոգի կային նրա մեջ. մինը ուռկան էր ձգում, մյուսը նավն էր կառավարում։ — Ա՛յ հիմի կհանի, — ասավ Գիքորն ու կանգնած նայում էր ձկնորսներին։ Ուռկանը դատարկ դուրս եկավ։ — Էս մինն իմ բախտից, — ասավ Գիքորն ուռկանը ձգելիս։ Գիքորի բախտը դատարկ դուրս եկավ։ — Էս մինն էլ մեր Զաննի բախտիցը։ Էս էլ դատարկ դուրս եկավ։ — Էս մինն էլ Գալոյի բախտիցը։— Գալոն էլ էր անբախտ։ — Էս մինն էլ բաս... Բայց էդ ժամանակ մոտիկ քարվանսարի դռանը աղմուկ բարձրացավ։ Մի պարսիկ կապիկ էր պար ածում երգելով։ Ա՛յ արի, արի, մեյմուն, Ժողովուրդը հավաքվել էր գլխին ու վազում էին չորս կողմից: Գիքորն էլ վազեց։ Աշխատեց կանգնած ժողովրդի արանքը մտնի, առաջ անցնի, չկարողացավ։ Վիզը ձգեց, պճեղների վրա կանգնեց ու ճգնում էր անպատճառ տեսնի, թե ինչ է կատարվում մեջտեղը։ — Ի՞նչ ես ներս խցկվում, տո լածիրակ, գնա քու բանին, — ասավ մի կինտո ու զարկեց գլխին։ Գիքորը հանկարծ սթափվեց ու վազեց դեպի խանութը։ 8 Իրիկունը Գիքորը կուչ էր եկել խոհանոցում։ Դեռ արտասուքը չէր ցամաքել նրա երեսին, դեռ այրվում էին խազեինի ապտակների տեղերը, դեռ նոր էր լռել աղջիկ պարոնի ձենը — շվշվացնելով ներս մտավ Վասոն՝ բազազի աշկերտը։ Գիքորին նկատելով նա իսկույն կանգ առավ ու, մասխարա դեմքին լրջություն տալով, սպառնալի հարցրեք. — Կլուբումն ուշացա՞ր, տո արջի քոթոթ, թե գուբերնատի մոտ վռազ գործ ունեիր... Գիքորը գլուխը չէր բարձրացնում։ — Ասա մի տեսնեմ է, տո՜... Գիքորը լուռ էր։ — Չե՞ս իմանում, տո՛. ո՞րտեղ էիր է՛, որ էսօր ինձ քաղցած սպանեցիր. որ մեռնեի հետո՞... Էսպես խոսելով կամաց-կամաց մոտեցավ, մի քիչ կանգնեց ու հանկարծ զարկեց Գիքորի գլխին։ Գիքորը երկու ձեռքով գլուխը պաշտպանեց ու սեղմվեց պատին։ Վասոն պատրաստվում էր մի ուրիշ ձևի հարված էլ հասցնելու, բայց դուրսը բարձրացավ խազեինի ձայնը։ Գալիս էր։ — Աբա տես հիմի քեզ ի՞նչ է անում, — սպառնաց Վասոն։ «Հիմի ինձ կսպանեն» անցավ Գիքորի մտքովը, ու խեղճի հոգին տապ արավ։ Խազեինը արդեն բավականին ծեծել էր խանութում, այժմ միայն հրամայեց հաց չտան, որ իմանա, թե ինչ բան է քաղցածությունր։ Վտանգն անցավ։ Գիքորը հանգստացավ, թեև լսում էր աղջիկ-պարոնի ձայնը, որ ճչում էր.— Ախր ընչի՞ ես պահում, դուրս արա կորչի էլի, դուրս արա կորչի... 9 Գիքորը կծկվեց վերմակի մեջ, գլուխը կոխեց տակը, տապ արավ։ «Լուսնյակ գիշեր, բոլորովին քուն չունեմ, Ինձ տեսնողը կարծում է, թե տուն չունեմ, վա՜յ, տուն չունե՜մ...» իր երգը երգելով Վասոն հաց էր ուտում։ Գիքորը վերմակի տակից երբեմն զգույշ ծիկրակում, թաքուն նայում էր նրան, կրկին աչքերը ծածկում։ Նա էն օրը հաց չէր դրել բերանը. ծեծվել ու լաց էր եղել, այժմ էլ քաղցած պառկեց, ու քունը չէր տանում։ — Հը՞, ո՞նց ա, սոված քունդ չի՞ տանում հա՜, էդպե՜ս... — նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվավ Գիքորին։— Դե, առ, տեղի տակին թաքուն կեր, խազեինը չիմանա։ Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, գլուխը կոխեց տեղի տակը, թաքուն ուտում էր ու մտածում։ Մտածում էր իրենց տան վրա, էն օրերի վրա, երբ ազատ խաղում էր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում էր էն երեկոների վրա, երբ հերն ու մերը կռվում էին իրեն քաղաք բերելու համար... մերը լաց էր լինում, չէր ուզում... — Ա՜խ, նանի ջան, ի՜նչ լավ էր սիրտդ իմացել, –հառաչում էր Գիքորը տեղի տակին ու հաց ու պանիրը ուտում, ականջը սրած, թե խազեինը հո չի գալի։ Իսկ առավոտը կանգնած էր խանութի դռանը։ 10 Խանութի դռանը կանգնած ձեն էր տալի Գիքորը, մուշտարի էր կանչում ու բարձր ձենով գովում իրենց ապրանքը։ — Կանչի է՛, տո՛ ինչ ես մնջվել, մնացել կանգնած։ Բերանումդ հո ջուր չկա՞։ — Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք... — կանչում էր Գիքորը։ Ներսը ծիծաղից թուլանում էին։ Նրան սովորեցրել էին, որ մուշտարի քաշի դեպի իրենց խանութը։ Եվ նա հաճախ բռնում էր էս կամ էն անցորդի փեշից, կոպիտ ու համառ սկսում էր քաշել դեպի խանութը, ու բաց չէր թողնում, մինչև որ մարդը դուրս էր գալի համբերությունից։ Գալիս էր դարձյալ իր աեղը կանգնում ու կանչում։ Ամառվա տոթ օրերին, խանութի դռանը երկար կանգնելուց հոգնած, նա երբեմն նստած քնում էր խանութի առաջին դարսած չթերի վրա։ Էդ ժամանակ չարաճճի ընկերները կամ հարևանները բռնոթի էին բոնում նրա քթի տակը։ Նա փռշտալով վեր էր թռչում։ Շոգից թմրած վաճառականները զվարճանում էին։ Իսկ խազեինր կուշտ ծիծաղելուց հետո ձայն էր տալի. — Քնում ե՞ս, տո, արջի քոթոթ, կանչի է՛ ... — Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք, — ձեն էր տալի Գիքորը։ 11 Մի օր էլ Գիքորը երբ մուշտարի էր կանչում` դիմացից երկու գյուղացի դուրս եկան։ Նա վազեց, փաթաթվեց գյուղացիներին։ — Ա՛յ տղա, իսկի ճանաչեցի ոչ, էս ի՛նչ բան էր, — զարմացած բացականչեց գյուղացիներից մինը ու դարձավ ընկերին. — Բազո, դու կճանաչեի՞ր... — Ես աչքերիցը կճանաչեի, — պարծեցավ րնկերը։ Ճշմարիտ որ Գիքորը շատ էր փոխվել շատ էր մաշվել։ Ւնքն էլ էր փոխվել, շորերն էլ։ Դժվար էր ճանաչելը։ — Ա՛յ տղա, էս կարգին մարդ ա դաոել... հալա սրա շորերին, սրա շնորհքին...— հիանում էին գյուղացիները։ — Համբոյի հողր մեր գլխին, տես, նա իր տղին ո՛րտեղ հասցրեց, մեր տղերքը էնտեղ խոզ են արածացնում... Այնինչ Գիքորը իրար ետևից հարցնում էր. — Իմ մերը ո՞նց ա... մեր էրեխեքը ո՞նց են... իմ հերն ընչի չեկավ... մեր կովր ծնել ա, թե չէ... մեր գեղումն ո՞վ ա մեռել... — Ամենն էլ լավ են, շատ բարով կանեն, — պատասխանեցին գյուղացիք։— Էն ա Սուքնանց Ղուկասր մեռավ, մին էլ Պուճուրանց պառավր, մնացածը լավ են։ — Բա իմ հերն րնչի՞ չի գալի։ — Քու հերը լավ ուզում ա, ամա ո՞նց գա։ Ինքը մենակ մի մարդ ա, սաղ տան ջափեն վրեն... — Բա բան չեն ղարգե՞լ... — Ինչ ունեն, որ ինչ ղարգեն, դու ձեր տան բանը գիտես ո՞չ։ Էս տարի էլ հացը բարակ էր, խեղճ հերդ զոռով ծերը ծերին ա հասցնում։ Նրանցից ի՞նչ ես ուզում։ Թե ունիս, դու ղարգի. հրեն խարջ են ուզում — ձեռին գռոշ չունի։ — Հո մեր տանիցը օքմի չի՞ հիվանդացել։ — Չէ՛, էն ա ձեր Ծաղիկ կովը Միրզանց գոմի փլեկովը ներքև ընկավ, սատկեց։ — Ծաղիկը սատկե՞ց... — Խեղճ մերդ էնքան լաց էլավ` աչքերն ուռան։ Էս ասելով, գյուղացիներից մեկը մի նամակ հանեց տվավ Գիքորին ու ասավ. — Հիմի ի՞նչ ես ասում, մենք էլ քեզ տեսնիլ չենք, գնալու ենք. թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգելու, տուր տանենք։ — Ո՞րտեղից բան ղարգեմ, դեռ փող չեմ ստանում... ամա... — Ամա ի՞նչ... — Ուզում եմ՝ ես էլ գամ ձեզ հետ։ Համ մեր գեղին, համ մերոնց կարոտել եմ, համ էլ... — Վա՜յ, վա՜յ, մենք հենց իմացանք մարդ ես դառել, խելոքացել ես... էդ տեսակ բան կասե՞ն։ Էստեղ քեզ համար աղավարի ապրում ես — շորերդ թազա, ոտն ու ձեռդ իստակ... Մենք ասում ենք մեր էրեխանցն էլ տեղ անես՝ բերենք, դու էդ ի՞նչ ես ասում։ Էն որ ասել են՝ «խոզի գլուխը» գրին խալիչին, գլորվեց ետ ցեխն ընկավ», հալալ քեզ համար են ասել։ Էսպես հանդիմանեցին գյուղացիները, խրատեցին, մնաս բարով ասին ու գնացին։ Նրանց գնալուց ետը Գիքորն իր անկյունը քաշվեց ու բաց արավ հոր նամակը: «Իմ սիրելի որդի Գիքոր ջան: Ի քաղաքն Թիֆլիզ: «Մենք ողջ և առողջ ենք, միայն քու առողջութինն ենք ուզում, ամեն: Քեզ շատ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն: Մեր սիրելի որդի Գիքոր. ահա իմացած լինես, որ տեղներս շատ նեղ ա և խարջը սաստիկ ուզում են և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են և տեղներս շատ նեղ ա: Գիքոր ջան, մի քանի մանեթ փող ղարգի և մի գիր ղարգի քու որպիսութենիցը։ Եվ իմացած ըլես, որ Ծաղիկը սատկեց, և նանն ու Զանին տկլոր են»: Նամակը կարդաց ու տեղը կանգնած միտք էր անում Գիքորը, դարդ էր անում իրանց տան համար։ Սիրտը էրում էին նամակի տողերը։ — Նանն ու Զանին տկլոր են... Տեղներս նեղ ա... — Կանչի է՛, տո, ի՞նչ ես վերացել, ուշքդ հետները գնա՞ց... — ձեն տվին ներսից։ — Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք, — կանչում Էր Գիքորը խանութի դռանը կանգնած։ 12 Ձմեռը եկավ։ Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում էր քաղաքի վըրով։ Փողոցներում սուրում, սուլում, հոսան է անում։ Վզզալով մտնում Է անկյունները աղքատի ու տըկլորի է ման գալի, պանդուխտ ու անտեր երեխա է որոնում։ Ահա գտավ Գիքորին։ Մի բարակ բլուզ հագին, խանութի դռանը կանգնած ձեն էր տալի նա. — է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք... — Հրե՜սսս... — չարախինդ սուլելով ցուրտը, աներևույթ թրի նման, զարկեց անցավ ոսկորները։ Գիքորը դողաց։ Առանց էն էլ նա շատ էր մաշված. էդքանն էլ հերիք էր նրան։ Ու անկողին ընկավ։ 13 Հիվանդ պառկած էր Գիքորը բազազ Արտեմի խոհանոցում։ Պառավ դեդին օրը մի քանի անգամ ներս էր մտնում, իրեն-իրեն խոսելով։ — Ի՞նչ կուզես, որդի՛, Գիքո՛ր։ — Ջո՜ւր... Դեդին ջուր էր տալիս։ Հիվանդը դողդոջուն ձեռներով բռնում, ագահ խմում էր ու կրկին ուզում։ — էս սիրտս հովացնում չի, դե՛դի... ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դե՛դի... ես մեր տունն եմ գնում... ես իմ նանին եմ ուզում... Բազազ Արտեմը ցավի մեջ էր ընկել։ Նա դես-դեն ընկավ, նրանց կողմերից մարդ գտավ, ապսպրեց, որ Համբոն գա, իսկ Գիքորին տարավ քաղաքային հիվանդանոցը։ Էնտեղ շատ հիվանդներ կային շարքերով պառկած։ Տխուր տնքում էին ու օճորքին նայում անզոր հայացքներով։ Գիքորին էլ պառկեցրին նրանց շարքում։ Էստեղ գտավ նրան հայրը։ — Էդ ինչ ես էլել, Գիքոր ջան, — մղկտալով վրա ընկավ Համբոն։ Գիքորը տաքության մեջ չիմացավ հոր գալը։ — Գիքո՛ր ջան, բա եկել եմ, է՜, Գիքոր ջան... ես քու ապին եմ, է՛... Հիվանդր ոչինչ չհասկացավ։ Նա զառանցում էր ու զառանցանքների մեջ կանչում էր — «Միկի՜չ, Զանի՜, ապի՜, նանի ...» ։ — Է՛ստեղ եմ, Գի՛քոր ջան, նանը ղարդել ա, որ քեզ տանեմ մեր տունը... գալիս չե՞ս... Միկիչն ու Ջանին հրեն կտերը կանգնած քեզ ճամփա են պահում։ Ի՞նչ ես ասում. դե խոսա է, Գիքոր ջան... — Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք, բացականչեց հիվանղը, զանազան անկապ, կցկտուր խոսքեր ասավ ու ծիծաղում էր տաքության մեջ։ 14 Մի երկու օրից ետը Համբոն գնում էր իրենց գյուղը: Նա թաղել էր Գիքորին ու գնում էր: Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն: Շորերի գրպաններում մի բուռ փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան: Էն էլ երևի, քրոջ — Զանիի համար էր հավաքել ու պահել... Գնում էր Համբոն ու մտածում։ Շատ ժամանակ չէր անցել, որ էդ միևնույն ճամփով քաղաք եկավ իր Գիքորի հետ: Ահա էստեղ էր, որ նա ասավ. — Ապի, ոտներս ցավում են... Եվ ահա էն ծաոը, որի տակ նստեցին հանգստանալու... Ահա էնտեղ էր, որ ասավ. — Ապի, ծարավ եմ... Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին... Ամենը, ամենը կան, մենակ նա չկա... Մյուս օրը, երբ Համբոն անցնում էր լեռները հեռվո՜ւմ երևաց իրենց գյուղը։ Գյուղից դուրս կանգնած սպասում էին նանը, Զանին, Միկիչը, Մոսին, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից կանչում էր. — Ալի՜, ալի՜, հե՜ Գիքոլ... 1895 ԼԵՌՆԵՐԻ ՀՈՎԻՎԸ Լեռնե՜ր... բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների... Դո՜ւք — մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ... Եվ ո՞վ է հողեղեններից այնքան ձեզ նման հպարտ, հզոր, վեհանձն ու մաքուր, որքան ձեր հարազատ որդեգիրը, ձեր մրրիկների ու զեփյուռների, ծաղիկների ու կայծակների ծնունդը, ձեր պահած ու փայփայած հովիվը: Լեռների հովի՜վը. անծանոթ ու, խորթ կյանքի սրտամաշ հառաչանքներին, գետնաքարշ արարքներին, հացկատակ խաղերին ու տաղերին, հպարտ ու զվարթ, որպես այդ ձեր վայրենի ծաղիկները: Բայց ձեր վայրենի ծաղիկներն էլ իրանց բույրով հրապույրով ընկնում են ծանր ու կոպիտ ոտների տակ և ապականվում, ցեխ դառնում: Քաղաքում, բարձրահարկ տան բակում` յուր սրինգն ածում ու պար էր գալիս մի բարձրահասակ, թիկնավետ երիտասարդ: Նրա հագին բազմատարազ շորերի ցնցոտիներ էին, գլխին` ծանր քրդի քոլոզ: Զվարթ էր նրա հովվական սրնգի ձայնը, ուրախ էր պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև: Նրանք երբեմնակի նայում էին վերև, երևի տեսնելու, թե օքմի՞ն կա պատշգամբներում, թե չէ. նայում էին, սակայն չէին աղերսում... Տխուր էր և նրա առնական դեմքը յուր շիկասև նորածիլ շրջանակի մեջ, ուր նշանավոր էին արծվի քիթն և ուռած շրթունքները: Եվ նա ինքն ամբողջ մի մարմնացած վայրենի վիշտ էր, բայց յուր սրինգն ածում ու պար էր գալիս: Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ծիծաղաշարժ տեսարան, որ սաստիկ վիրավորում էր նրա հզոր կերպարանքն ու դառն տխրությունը: — Քո՛ւրդը, քո՛ւրդը...— աղաղակեցին երեխաները, և տանըցիք նոր ճաշերն ավարտած, թմփթմփալով սրնգի ձայնին դուրս եկան պատշգամբը, նայելու աղքատ քուրդին: Ավելի ոգևորված՝ քուրդը կրկնապատկեց եռանդը, աշխատում էր ցույց տալ յուր բոլոր շնորհքը զանազան ծամածռություններ ու խեղկատակություններ անելով... Եվ նա հասնում էր յուր նպատակին, վերևից հրճվում, ուրախ կրկչում էին: Բայց նբանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչու ինքը՝ պարողը չի ուրախանում, ինչու մենակ նա է տխուր... Եվ ի՞նչ կավելանար աղքատ քրդին, եթե մեկն այդ հարցներ: Նրան մի քանի կոպեկ սև փող էր հարկավոր, առավ դուրս եկավ: Մտավ ուրիշ բակ: Պատրաստվում էր դարձյալ յուր պարն սկսելու, երբ մեկր հարցրեց. — Ո՞րտեղացի ես, տղա՛: — Սասունիցն, աղա: — Հապա ո՞ւր ես եկել: — Ես չոբան էի, աղա. թուրքեր մեր գեղ քանդեցին... իմ ոչխար լե թալլեցին... Նա բաց արավ կռան տակը, որտեղ երևում էր խանչալի տված լայն վերքի սպին, քոլոզը վերցրեց, ցույց տվեց գկխի պատռվածը, երևի դրանով ուզում էր ասել, թե հեշտ չի տեղի տվել թշնամուն, և դարձյալ ծածկելով` սկսեց յուր սրինգն ածել ու պարել: — Где это Сасун, папа?, — հորը փարելով հարցրեց օրիորդը: — Это там, ... далеко, — ձեռը թափ տալով, իբրև պատասխանեց հայրը և շարունակեց «ղնջռտալով» նայել աղքատ սրնգահարին, որ, զանազան ոստումներ ու ծամածռություններ անելով, պար էր գալիս ներքև` բակում: Զվարթ էր նրա սրնգի ձայնը, պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին նրա թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև... Եվ այսպես պար էր գալիս հայրենիքից հալածված, ոչխարը խլած Սասունի լեռների հովիվը: Նրա հնամաշ շորերի ձերձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ցավալի տեսարան: 1894 ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ I Ղ... գյուղաքաղաքում առանձնացած ապրում էր Սիմոն անունով մի բարի մարդ։ Նա չէր խառնվում գյուղական գործերին, երևի գիտեր, որ իրան խոսքը չի ընդունվիլ, նրա համար էլ պոչն իրան էր քաշել։ Սիմոնը մի կարմիր կով ուներ, մին էլ` մի սիրուն կին. կինն էլ շատ սակավ էր պատահում, որ հարևանություն աներ դրացիների հետ. քաշվում էր հարուստ հարևաններից, գիտեր, որ յուր գնալ-գալը դուրեկան չէր նրանց համար։ Եվ իսկապես, հարևանների դռներն ընկնելու կարիք էլ չունեին: Սիմոնը չութի կամ գութանի ժամանակ ընկեր էր դառնում անասուն ունեցողի հետ, տանջվելն իրանից, անասունը, լծկանը հարևանից, և յուր հողերն էլ նրանցի հետ վարում։ Երբեմն էլ պատ էր դնում, տախտակ էր քաշում, ձուկն էր բռնում մոտակա գետից — ծախում, և կարողանում էր թե չէ, ամեն բանի էլ ձեռքը գցում էր։ Դրա համար էլ ոչ լավ ձուկը բռնող էր, ոչ կարգին պատ դնող և ոչ մի բանում հայտնի չէր. միայն մի բան լավ գիտեր, որ լավ սրախոսում էր և ծիծաղալի առակներ էր պատմում։ Այդ էլ վերագրում էին նրա խելքի պակասությանը, անունն էլ «շաշ Սիմոն» էին դրել։ «Մի անգամ մի գյուղում մնի համար պատ դրի, — պատմում էր նա յուր կյանքից, — գործս վերջացրի, ասեցի՝ դե փողս տվեք, գնում եմ։ Եկան պատին մտիկ արին, ասեցին՝ «Ուստա, էս գշեր քու շինած պատի տակին քնի, առավոտը քու վարձն էլ տանք՝ մի բան էլ ավելի, վեր կաց գնա», համաձայնվեցի ոչ. վախեցի գշերը պատը վրես քանդվի... պատն էլ թողի, վարձս էլ, վեր կացա եկա մեր տունը» ։ Բայց խո ամեն մարդ այսպիսի պայման չէր կապում ուստա Սիմոնի հետ: Շատ մարդ էլ հենց նրա զվարճախոսությունների ու առակների համար դեռ վարձիցը մի բան էլ ավել էր տալիս: Եվ իրանց աղքատության մեջ ուրախ ապրում էին մարդ ու կին: Այս մի փոքրիկ ուրախություն էր, որ ավելի շուտ բխում էր Սիմոնի սրտից, քան թե ունեցածից. բայց մարդիկ սրան էլ էին նախանձում: — Ախպե՛ր, մենք էսքան չարչարվում ենք, մեզ համար ապրանք ունենք, դուքան ունենք, առուտուր ունենք... է˜լ չենք կարողանում ծերը ծերին հասցնենք, սա էս ո՞նց ա ապրում .— ոչ ջեբումը կապեկ ունի, ոչ դռանը չորսոտնանի, ոչ գլխումը խելք... Այսպես նախանձում ու զարմանում էին համագյուղացիք, հարևանները Սիմոնի ապրուստի վրա և միշտ էլ «շաշ» էին անվանում: — Շաշ Սիմոնի թայն էլ չկաս, — նախատում էին կանայք իրանց ամուսիններին, — տարենը երկու-երեք թազա լեհին (դերիա) ա հագցնում իրան էն անբան կնգանը... թողում չի բոբիկ ոտը գետին տեսնի... — Դե նրա կնիկն էլ սիրուն ա, քու թայը խո չի, — կես լուրջ, կես հանաք նկատում էր մարդն յուր բարկացած կնոջն ու հեռանում: Հիրավի, Սիմոնի կնոջ գեղեցկությունը մի երկնային պարգև էր, որ բաժին էր ընկել աղքատին: Նա մի բուրալի, շքեղ շուշան էր, որ դուրս է գալիս հաճախ մի հասարակ մացառի, մի փոքրիկ թփի տակ, և զվարթ ծաղկում է, ժըպտում, առանց մտքովն անցկացնելու, թե քուրդը* բուսել է վճիտ ջրերի ափին, կամ զանգակածաղիկը փայփայված է բուրաստանում. նրան միայն մի փոքր լույս, մի փոքր արևի շող է հարկավոր... Ես մոռացել եմ այն պարկեշտ, ամոթխած սիրունի անունը, բայց գյուղացիք նրա ավել անունն էլ դրել էին «Եղապատառ»: ___________ Գյուղի ջահելները աչք էին տնկել այս կնոջ վերա: Քանի անգամ գանգատվել էր նա մարդուն, թե՝ աղբրումը ջուր լցնելիս Ղազոյանց Գալուստը աչքերին խոր մտիկ տվեց ու ասաց. «ուխա՜յ» ... Վարթումանց Փիլոսը իրանց դռնովն անց կենալիս աչքով արավ... Միրզանց Առաքելը ճանապարհին «ղաստի» դիպավ իրան... — Պտղատու ծառին շատ քար կգցեն... ամեն կնգա էլ կպատահի, սիրտդ կոտրիլ մի, ես էլ եմ շատերին աչքով արել, — հանաք անելով կնոջը պատասխանում էր ուստեն: Բայց, այսուամենա յնիվ, թեկուզ հենց մենակ չմնալու, չվախենալու համար, որովհետև պատդիր, խզարչի, ձկնորս և այլն, Սիմոնը հաճախ գյուղից հեռանում, ուրիշ տեղ էր մնում — իրանց հարևան դարբին Ակոփի փոքրիկ աղջիկը գիշերները Սիմոնի կնկա մոտ էր քնում: Գիշերները երկա՜ր հեքիաթ էր ասում Սիմոնի կինը յուր փոքրիկ ընկերուհու, ութ-տաս տարեկան Մարուշի համար (այսպես էր հարևանի աղջկա անունը) «Զմռուխտ ղուշի» հեքիաթն էր ասում կամ պատմում էր, թե ինչպես մայրը յուր յոթը խորթ աղջիկներին ձգեց հորը և ջաղացաքարը դրեց բերանին, իսկ նրանք օրը մի չամիչ գտան, ապրեցին ու փորելով, փորելով հասան մի ստորերկրյա զարմանալի աշխարհ... և կամ թե «Լիս ու մութ աշխարքների» մասին էր պատմում, մինչև երկուսն էլ քնում էին: II Ահա ուստա Սիմոնի սպիտակ տնակը` մենակ, առանձնացած, երկու լուսամուտի փեղկերն էլ փակած, երևում է պարտեզի մի քանի ծառերի ետևից: Գիշերը խաղաղ է, ինչպես՝ քունը և կախարդիչ, քան երազ: Կարծես թե այս գիշերն էլ արևելյան մի հի՜ն-հի՜ն հեքիաթ լինի... Երկու հոգի այս պահուն ծառերի տակովն անցան... մոտեցան Սիմոնի դռանը: Թե ինչ էին անում նրանք, դժվար էր ասել, միայն շուտով ետ բացվեց դուռը շրըխկալով, և երբ բացվեց, ներսից պարզ լսվեց մի սուր ճիչ, որ իսկույն լռեց, և մի կանացի ձայն միաժամանակ աղաղակեց՝ «ո՞վ եք, ի՞նչ եք ուզում... ո՞վ եք, ո՞վ, ո՞վ...»: Դուռը շուտ փակվեց, ձայնը խլացավ, բովորովին կտրվեց: Այդ գիշեր ուստա Սիմոնը գնացել էր մոտիկ գյուղը, կարծեմ փուռը շինելու, և, երևի, խորը քնած, մի վատ երազ էր տեսնում յուր տան գլխին: III Գյուղական դատարանում ուստա Սիմոնի գանգատը լսելուց հետո ոմանք հանդիմանելով, ոմանք թքելով, մի քանիսը բարկանալով խորհուրդ տվին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից»: — Թե որ կեղտոտ բանն ուզում չեք, դե դատաստան արեք, թե չէ՝ ես իմ ձեռովը կանեմ...— գոռում էր ուստա Սիմոնը և կարմրած աչքերը քիչ էր մնում դուրս թափվեին բներից: Նրա կողքին հեկեկում էր փոքրիկ Մարուշը: — Հա՛՚, անգաճը կկտրես, էլի, — ձայն տվին չորս կողմից և ծիծաղելով նայեցին մեղադրյալին: Սա գյուղի հայտնի լոթիներից մեկը՝ Սանդրոն էր: Մահուդ չուխայով, երկայնաճիտ, բարձրակրունկ կոշիկները հագին, ֆուրաշկան մի ականջի վրա թեքած, կարմիր բաղդադին վզովը ձգած, մի կողմ կանգնած, նա ժպտում էր ուստա Սիմոնի և նրա բարկության վրա: Հերոսին շրջապատել էին յուր ընկերներից մի քանիսը, որոնք եկել էին դատին ներկա լինելու: — Կսպանե՛մ, ետո պատասխանը դուք կտաք, — բարձրաձայն սպառնում էր Սիմոնը, տեսնելով, որ դատարանն անուշադիր է յուր բողոքին: — Սպանող ես՝ քու կնիկը պահի, շաշ գետինը մտած, — ձայն տվեց մեկը, և սրան հետևեց ընդհանուր ծիծաղ: — Սպանիլ մի՛, ուստա Սիմոն ջան, մեղք ա, մուրազի վրա ջահել ա, — հեգնեց մի ուրիշը՝ նոր հռհռոց բարձրացնելով: Այնտեղ տանուտերը մերթ ծիծաղելով ու հանաքներով, մերթ սպառնալով ու բարկանալով ստիպում էր Սիմոնին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից», բայց այդ չէր հաջողվում: — Ես ասում եմ, ՝որ արին պետք է անեմ... հիմի էս ա, որ ասում եմ...— իբրև հաստատ որոշում շուտ-շուտ կրկնում էր Սիմոնը, սակայն բոլորն էլ գիտեին, որ նա արյուն անող մարդ չի: Սանդրոյի ընկերներից մեկը պատի տակը քաշեց տանուտերին, ականջումը մի բան փսփսաց, տանուտերն էլ Սիմոնին մի կողմ քաշեց՝ ականջումը փսփսաց. — Չեմ ուզում, — նրա ձեռքից ազատվելով գոռաց ուստեն, — չեմ ուզում: — Դե՛ որ չես ուզում, վկաներդ բեր, գործը շարունակում եմ, — դեմքը թթվացնելով ասաց տանուտերը և պաշտոնական դիրք ընդունեց: Սիմոնը չվախեցավ: — Ա՛յ վկա, — համարձակ ցույց տվեց Մարուշին: — Դա երեխա ա, երեխի վկայությունը զակոնը չի ընդունում: — Իմ կնիկը ճանաչել ա, — իսկույն վրա բերեց ուստեն: — Քու կնիկը շատ կարելի ա սուտ ա ասում, զակոնը առանց ֆակտի, գանգատավորի խոսքին չի հավատում, — կրկին խիստ ու կոպիտ մերժեց տանուտերը: Սիմոնը հուսահատութենից ու կատաղութենից քիչ էր մնում վրա թռչեր, խեղդեր յուր երեսին սառն հանդարտությամբ նայող տանուտերին, բայց, իրան զսպելով, հարցրեց. — Բաս էս ո՞նց պըտի ըլիլ... — Էնհենց պըտի ըլիլ, որ դրուստն իմանալու համար ես պետք է քննություն անեմ, պետք է քու կնգանը տանեմ դոխտուրի մոտ, որ դոխտուրը քննի... Սիմոնը մնաց դիք կանգնած, արյունը գլուխը տվեց, ականջները տժժացին, նա չէր իմանում, թե որտեղ է կանգնած, չար մտքերն արդեն խռնվում էին նրա գլխում... — Ա՛դա, գնացեք սրա կնգանը բերեք, — հրամայեց տանուտերը և մի աղմուկ ընկավ: Ոմանք տանուտերին էին խընդրում. ոմանք գնացողներին էին բռնում, ոմանք էլ Սիմոնի հետ էին կռվում յուր «շաշության» համար, որ բանն այստեղ հասցրեց, և աշխատում էին համոզել, որ գոնե այժմ ետ կանգնի խայտառակությունից: Փոքրիկ Մարուշը կպել էր Սիմոնի փեշերին և յուր վախեցած աչքերով մե՛կ խոսողների երեսին էր նայում, մե՛կ Սիմոնի: Այս ժամանակ դատարանի լուսը մթնեց, և յուր ահագին գայլենի քուրքը ներս բերեց գյուղի հարուստներից մեկը` Պետրոս աղեն: — Ի՞նչ խաբար ա, ի՞նչ եք ղալմաղալ անում, — ծանր-ծանր հարցրեց աղեն: Եվ բոլոր պատմությունը, թեպետ հայտնի էր իրան, ուշադիր լսեց, իբրև թե նոր էր իմանում: Գլուխը պտտելով, խոր հառաչեց գյուղի հայրը և խորհրդավոր ձայնով դարձավ շուրջը. գետինը մտե՛ք... ձեններուդ կտրեցե˜ք, անաբուռներ, աննամուսնե˜ր... Այս խոսքերն այնպիսի ազդու կերպով արտասանեց, որ բոլորն էլ գլուխները կախ արին, և եթե մի օտար մարդ լիներ, կկարծեր, թե ամաչեցին: — Սրան մտիկ արեք, սրա՛ն, — գլուխը վեր քաշելով, ձեռքը դեպի Սիմոնը մեկնեց աղեն, — օղլուշաղի անունը բերել ա գցել գեղամեջ... — Բա սուս կենա՛մ... նամուսս գետինն եք կոխել... բա սուս կենա՞մ... — գոռալով ընդհատեց ուստա Սիմոնը: — Բաս ի՞նչ կանես, որ սուս չես կենալ... — «Ի՞նչ կանե՜մ...», — արին կանեմ, արի՜ն... —Ա՛յ տղա, դեռ կանգնած ե՞ք, էս րոպեիս գնացեք, սրա կնգանը բերեք, — տեղիցը վեր թռավ տանուտերը: — Կացե՛ք, — աչքերը չռեց աղեն, և նորից աղմուկն ընկավ: Այս ժամանակ տանուտերն ու Պետրոս աղեն իրար մի քանի խոսք ասացին: — Սո՛ւս կացեք, — ձայն տվեց աղեն, — ի՞նչ եք գորտան ժամատուն շինել... Սանդրո՛, էստեղ արի: Սանդրոն մոտեցավ: — Մի հինգ մանեթ հանիր էստեղ: — Ախար զուր ա, է՛, աղա: — Ես քեզ ասում եմ, հանի՛ր: — Ախար զուր ընչի՛ հանեմ: — Ես քեզ ասում եմ զո՛ւր հանիր, — բարկացած հրամայեց աղեն: Սանդրոն, քթի տակը ժպտալով, մի հնգանոց հանեց, տվեց աղին և ուզում էր հեռանալ: — Կա՛ց, ո՞ւր ես գնում... դու էլ էստեղ արի, Սիմոն: — Գալ չեմ, էդ խելքից հեռու բան ա... ես իմ նամուսը փողով չեմ առել, որ փողով էլ ծախեմ: — էստեղ մո՛տիկ արի: — Ասեցի, որ գալ չեմ: — Դե գնացեք, ասեցի... ես էստեղ խաղ չեմ անում... Շուտ գնացեք, սրա կնգանը բերեք, — կրկին մեջ ընկավ տանուտերը: — Կացե՛ք, դեռ չգնաք... Սիմո՛ն, քեզ ասում եմ էստեղ արի: — Առաջ գնա, է՛լի, — խառնիխուռն աղաղակում էին այս ու այն կողմից: — Գնա բարըշի, հինգ մանեթն առ, է՛լի... — Տո, շաշ, գնա, մուֆթա փող ա, առ, ջեբդ դիր. մի տարի որ տանջվես, պատ դնես, էդքան աշխատիլ չես... —Կասես թե մենձ բան ա էլել... առաջ գնա... Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին, մոտեցրին Սանդրոյին. աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց — «պռոշտի՛»: — Պռոշտի՜, պռոշտի՜, — աղաղակեցին գյուղացիք: Սիմոնն անզգայաբար գլուխն առաջ ծռեց... — Անո˜ւշ, անո˜ւշ, — ձայն տվին գյուղացիք: Հաշտությունը կայացավ... Երբ որ սկսեցին արդեն ուրիշ բաներից խոսալ, Սիմոնն աննկատելի կերպով, փոքրիկ Մարուշի ձեռքը բռնած, էնպես թաքուն դուրս եկավ դատարանից, որ ոչ ոք կնկատի... 1894 ԱԽԹԱՄԱՐ Ծիծաղախիտ Վանա ծովի Ծովն է մըտնում առանց նավակ, Խավար կըղզուց պարզ ու պայծառ Սիրուն Թամարն ամեն գիշեր Ծըփում ծովն ալեծածան, Եվ Թամարը սըրտատըրոփ Լըռեց: Ծովի խավար ափին Միայն ալիքը Վանա ծովի Նըրանք ասես փըսփըսում են... Բամբասում են կուսի սըրտում... «Ո՞վ է ջահել էն խիզախը, Ծովն անցնում է մյուս ափերից Էսպես ասին վիրավորված Մոլորվեցավ խավար ծովում Մոտ է ձայնը. խոլ խավարում, Առավոտյան ծովը ծըփաց, Այն օրվանից սըրա համար 1891 ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ 1 Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն, 2 Էսպես, ահավոր առյուծի նըման, 3 Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած 4 Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր 5 Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան 6 Քըշեց գառները մեր հովիվ հըսկան, 7 Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց. 8 Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան, 9 Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։ 10 Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին 11 Գիշերը հասավ, մընացին էնտեղ։ 12 Դավիթը էս էլ երբ որ իմացավ, 13 Համբավը տարան Մըսրա Մելիքին. 14 Էսպես երգով, 15 Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան, 16 Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ. 17 Էսպես ջարդված, արյունլըվա 18 Էսպես անհամար զորքեր հավաքեց, 19 Դավիթ գընաց հորեղբոր մոտ. 20 Հագավ Դավիթ զենքն ու զըրահ, Էս որ իմացավ, 21 Սասունցի Դավթին ուներ մի քեռի, Ասավ ու քաշեց իր ուսի բարդին, — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք, Էսպես կանչեց ասպանդակեց, Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր. Կար զորքի մեջ մի ալևոր, Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ, Մի ծերունուս խոսքին մըտիկ, Ամեն մինը մի մոր որդի, Որը մի տուն լիք մանուկներ, Թագավորը զոռով-թըրով Թագավորն է քու թըշնամին, — Լավ ես ասում դու, ծերունի՛, — Մեծ վըրանում քընած է նա, Ասին. դեպի մեծ վըրանը — Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել, — Մելիքն, ասին, քուն է մըտել, — Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ Քընել-մընել չեմ հասկանում, Ելան՝ մարդիկ ճարահատված — Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ Ելան, բերին մեծ գութանի — Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ Տեսավ Դավթին։ լուխն ահեղ Տեսավ, տեղից ժաժ չի գալի, Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ — Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ, Իր վըրանում բըռնակալը Ում որ հաղթել չէր կարենում, Իջավ Դավիթ ձիուցը ցած, — Դե, թող հիմի գընա՝ խավար 22 Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։ Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։ — Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը, Քընեց Օհանը։ Վերկացավ դարձյալ. — Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին. Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ. Զարթնեց վախեցած։ — Տունդ քանդվի, կի՜ն։ 23 Ելավ Օհան, գոմը մըտավ, «Մինչև լուսը կըհասցնեմ» . Կարմիր ձիու մեջքին զարկեց. «Մի ժամի մեջ, կարմիրն ասավ, Հերթը եկավ սևին հասավ. «Եթե ամուր մեջքիս մընաս, 24 Սև ձին քաշեց Ձենով Օհան, Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր Օխտը գոմշի կաշի հագավ, — Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու. Ձենը գընաց դըմբդըմբալով՝ Ո՜վ Մարութա Աստվածածին, Էնպես զարկեց ջաղացքարին՝ Ելավ նորից, կանգնեց ահեղ, — Էլ չեմ նըստիլ ես քու հացին, — Կըռիվ անենք, ասավ Մելիք, Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք, Երեք հազար լիդր էր քաշում — Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ, — Մեռավ Դավիթ էս մի զարկից, — Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա, Երկրորդ անգամ քըշեց Հալաբ Եկավ, զարկեց. զարկի ձենից — Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ, Երրորդ անգամ հեծավ իր ձին, Եկավ, զարկեց բոլոր ուժով, Երեք գիշեր ու երեք օր Երբ որ անցավ երեք օրը, — Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։ Գընաց, խորունկ մի հոր փորեց, Մըռընչալով ելավ տեղից Առաջ վազեց մազերն արձակ Երկրորդ անգամ թուրը քաշեց. Վերջին զարկի ժամը հասավ, Ասավ, ելավ ու փոթորկեց, Անցավ քառսուն գոմշի կաշին, — Կենդանի՜ եմ, մին էլ արի՜, — Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։ Էս որ տեսավ Մըսրա բանակ, Դուք ըռանչպար մարդիկ, ասավ, Ի՜նչ եք առել նետ ու աղեղ, Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ Դարձե՛ք եկած ճանապարհով Հորում լինեն քառսուն գազ խոր Էն ժամանակ աստված գիտի, |