Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ մերկությունն է դարձել չափանիշ (հատվածներ սուրբ Հովհան Մանդակունու «Կարկուտի ահավոր հարվածների մասին» ճառից)

19:13, հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2016 թ.
Երբ մերկությունն է դարձել չափանիշ (հատվածներ սուրբ Հովհան Մանդակունու «Կարկուտի ահավոր հարվածների մասին» ճառից)
     Ստուգեցե՛ք ձեր խորհուրդները, քննեցե՛ք ձեր սրտերը և գտե՛ք ձեր բազում մեղքերը, որոնց պատճառով երկրի վրա են թափվում բազմաթիվ պատուհասներ:
     Ոմանք նեղացնում և կտրում են ընկերոջ արտերի սահմանները, ոմանք կտրում են իրենց աշխատողների վարձը, ոմանք նախանձով են նայում Եկեղեցու նվիրյալներին, ոմանք շատախոս լեզվով չեն դադարում բամբասելուց, ոմանք ապականված են որկրամոլության մեջ, որոնց մասին Պողոսն ասում է, թե «Հարբեցողներն ու բամբասողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կոր.6: 10), ոմանք` աներկյուղներն ու ու պակասամիտները պղծություն են դիտում և աներևույթ նետերով վիրավորվում են դիվամոլ տեսարաններից, թեև մարմինները` ոչ, բայց հոգիները պղծելով` ապականում են: Ոմանք ոչ թե Աստծու երկյուղով, այլ միայն ըստ սովորության են եկեղեցի մտնում, իրենց անձերը դատարկ խոսքերով են զբաղեցնում և արհամարհելով Աստծուն փառաբանող պաշտոնյաներին` աղոթքները մեղքի են վերածում և գնում են դատապարտված: Ոմանք թողնում են քրիստոնեական հավատն ու խաչի զորությունը և հմայությունների, հուռութքների, ավելորդապաշտության, դյութանքների և դիվական հրապուրանքների են հետևում, որ կատարյալ կռապաշտություն է և աստվածային օրենքների մերժում:
     Ոմանք հարստահարում են որբերին, այրիներին ու պանդուխտներին, ոմանք դատաստանի առջև խլում են այրու իրավունքը և մեծարում են հարուստներին և անօրեն կաշառքներով դրժում են օրենքը, որի մասին Գիրքն ասում է. «Կաշառք վերցնողները հրապարակներում պիտի անիծվեն, և անեծք պիտի բնակվի նրանց տներում» (տե՛ս Հոբ.15: 34): Ոմանք վաշխի տոկոսներով հարստություն են հավաքում, լցնում են իրենց տները, որի մասին մարգարեն ասում է ողբալով. «Վա՛յ նրան, ով անօրենությամբ է հարստություն հավաքում» (Երեմիա 17: 11): Ոմանք չեն խրատում իրենց զավակներին, այլ անուս ու թափառական են թողնում նրանց, և նրանց փոխարեն իրենք են պատիժներ ստանալու: Թողնե՛նք ու չխոսե՛նք անթիվ ու բազում հանցանքների` ամբարտավանությունների, գողությունների, *****ությունների, սպանությունների, նենգությունների, կռապաշտությունների և առավել արյունարբու նախանձի, պիղծ ոխակալության, ընկերոջ հանդեպ անհաշտ թշնամության մասին. դրանք գործողները մշտապես մարդասպաններ են, մշտապես` մեղքերի մեջ:
     Եվ արդ, անօրենությունների այս բոլոր բազմությունները մշտապես խլրտում են մեր մեջ, արդյոք կհամարձակվե՞նք ասել, թե ինչու են մեզ վրա թափվում Աստծո պատիժներն ու ցասումը:
     Արդ սոդոմաբար մի պարծեցեք անզղջությամբ, այլ նինվեաբար ապաշխարեցեք` լաց լինելով ու հառաչանքներով, ձեզ հետ հաշտեցրեք երկնավոր Հորը: Եվ եթե չենք հաշտվում. մեզ վրա է առաքում չարաչար հիվանդություններ. կա՛մ անժամանակ մահեր, կա՛մ մարմնի խեղություն, կա՛մ անբժշկելի հիվանդություններ, կա՛մ դիվական ցավեր և պեսպես հիվանդություններ:
     Յուրաքանչյուր ոք թող քննի իր խիղճը.ճանաչի իր հանցանքների բազմությունը և չկարծի, թե Աստված անիրավ է, երբ հեղում է Իր բարկությունն ու ցասումը:
     Սոդոմի ու Գոմորի մասին իմացիր. քանզի նրանք հրի պես թափվող կայծակներից կործանվեցին ոչ թե իրենց բարի գործերի, այլ` իրենց սաստիկ անօրենությունների և ապականիչ ընթացքի համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3765 | 0 | 0
Facebook