Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեծ մարդասերի գործը չի մոռացվել

Artur Manukyan
Մամուլի խոսնակ`
Artur Manukyan
19:12, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Մեծ մարդասերի գործը չի մոռացվել

20-րդ դարի մեծ մարդասեր, Ազգերի լիգայի փախստականների և ռազմագերիների գծով առաջին գերագույն հանձնակատար, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը 155 տարեկան է. նրա մարդասիրական գործն անմահ է և հավերժորեն ապրելու է հայ ժողովրդի հետ:
    

«Նրա առաջ խոնարհվում էր Փարիզը,
     Պետերբուրգը տոնում էր,
     Լոնդոնը՝ ծափահարում,
     Նյու Յորքը՝ փոթորկում,
     Մենք էլ՝ հիշենք»
    
     Նորվեգացու գործն հիշելու ու գնահատելու համար միջոցառում էր կազմակերպել Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը:
     Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսավորությամբ նշվեց Մեծ մարդասերի 155-ամյակը: Երեկոյին բացման խոսք ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Ելույթ ունեցավ գրող Գրիգոր Ջանիկյանը, ում ծնողները այն երջանիկ 320 000 հայերից էին, ովքեր Նանսենյան անձնագրի շնորհիվ փրկվեցին:
    
     «Նանսենյան անձնագիրը անհայրենիք հայի անձնագիր էր» . նշեց Գրիգոր Ջանիկյանը: Գրողն իր խոսքն ավարտեց հետևայլ խոսքերով. «Նանսենը երազում էր դրախտային Հայաստանի մասին, մենք պետք է ստեղծենք այն»:
     Ելույթ ունեցան նաև Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՝ ում խոսքով ԵՊՀ յուրաքանչյուր դասախոսի համար մեծ պատիվ է ներկայացնել Ֆրիտյոֆ Նանսենի խոսքն ու գործը՝ կրթելով այսօրվա երիտասարդներին:
    
     Երեկոն բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը նվիրված էր մարդասերի գործին, որի ավարտին Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը Նանսեն հուշամեդալով պարգևատրեց Արգավանդի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանային, «Խոսիր ինձ հետ» ֆիլմի սցենարի հեղինակ Ռիտա Շառոյանին, երգչուհի Արմենուհի Սեյրանյանին, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Մանասյանին: Պարգևատրումից հետո սկսվեց երեկոյի համերգային մասը: Երաժշտական կատարումներով հանդես եկան երգչուհի Արմենուհի Սեյրանյանը, ջութակահար Գևորգ Վարդանյանը, դաշնակահար Արմեն Մանասյանը, երգչուհի Գոհար Պետրոսյանը: Համերգային ծրագիրն իր աշխույժ կատարումներով ավարտեց Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի սաներից կազմված նվագախումբը:
    
     Հանդիպման վերջում Ֆրիտյոֆ Նանսեն թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Վարդանյանից տեղեկացանք, որ վերջին ժամանակաշրջանում ավելացել է Նանսենի թանգարանի այցելուների և հատկապես երիտասարդների թիվը, ովքեր հետաքրքրված են մարդասերի կատարած աշխատանքով: Այս և նման շատ միջոցառումներ, որոնք անցկացվում են թանգարանում և այլուր, կատարում են կարևոր առաքելություն. հանրությանը ավելի մոտիկից են ծանոթացնում Նանսենի մարդասիրական առաքելությանը և հայանպաստ գործունեությանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3716 | 0 | 0
Facebook