Երեկ՝ փետրվարի 23-ին Վանաձորի Արցախ պուրակում մթնոլորտը շիկացած էր: Հանրահավաքները դեռևս սակայն չեն հասել 2008-ի պիկին, բայց, կարծում եմ ավելի վճռական են. սա էր ապացույցը երեկվա բազմամարդ հանրահավաք - երթի մասնակիցների: Չնայած, որ Վանաձորի քաղաքապետարանի հրահանգով թիվ 1, 2, 5 և մի քանի այլ միջքաղաքային միկրոավտոբուսները, ինչպես նաև գյուղական բնակավայրերից դեպի Վանաձոր շարժվող ավտոբուսները ժամը 13.00 - ից սկսած չեն աշխատել և տեղափոխել մարդկանց դեպի Արցախ պուրակ, այնուամենայնիվ մարդիկ մոտ 9-10 կմ ոտքով են եկել:
«Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի երրորդ քաղաքում ընդունեցին առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ. հանրահավաքի մասնակիցների շարքերից բեմահարթակ Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ մեծ դժվարությամբ:
Նրան հերթով ողջունում էին պուրակում ներկա քաղաքացիները: Րաֆֆի Հովհաննիսյանը ծավալուն ելույթով հանդես եկավ և իր խորին շնորհակալությունը հայտնեց Վանաձորի բնակչությանը իր քվեն չվաճառելու համար: Ժողովուրդը հաղթանակ է տարել: Նա չի վարվել այնպես, ինչպես կկամենային իշխանությունները: Արցախ պուրակը լիքն էր... լիքն էր երիտասարդներով և այն երիտասարդներով, որոնց որևէ կերպ չես խաբի, որևէ կերպ չես մտափոխի: Նրանք եկել էին տարիներ առաջ իրենց ծնողների արյամբ ազատ ու անկախ Հայասատանը վերադարձնելու ժողովրդին: Չ՞է, որ 25 տարի առաջ շատերիս ծնողները այս նույն հրապարակներում են ելել ոտքի, մի բռունցք դարձել, հույս ունենալով, որ ապահով է լինելու վաղվա մեր ապագան... հի՛մա մեր հերթն է, - ասացին Վանաձորի մի խումբ երիտասարդներ:
Ելույթներին հաջորդեց բազմամարդ երթը Արցախ պուրակից մինչև Վանաձորի Տիգրան Մեծ - Մյասնիկյան խաչմերուկ, ուր կայանված էր այն ավտոբուսը, որով եկել էին «Ժառանգության» ղեկավարները: