Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Սնահավատության մասին

Նարեկ Ավետյան
23:40, կիրակի, 03 հուլիսի, 2016 թ.
Սնահավատության մասին
    

Անպետք եւ պառավական առասպելներից հեռացիր. եւ վարժիր քեզ աստվածպաշտության մեջ: (Տիմ. 4: 7)

Տիրոջ առաքյալը պատվիրում է հեռու մնալ «պառավական առասպելներից», այսինքն սխալ ուսմունքից, սին եւ ունայն խոսքերից եւ համոզումներից, ինչից, որպես կանոն, բուսնում են զանազան մոլորություններ, բազմաթիվ սնահավատություներ ու սնապաշտական սովորույթներ:
     Սնահավատությունը` սին, անիմաստ, զուր հավատք է: Այն է` հավատալ տարբեր երեւույթների ու «նշանների», որոնց պատճառներն ու հետեւանքները իրար հետ ոչ մի կապ չունեն:

Սնահավատությունը հակադրվում է ճշմարիտ հավատքին եւ, ըստ էության, հեթանոսական անցյալի վերապրուկն է, որովհետեւ վախից եւ անգիտությունից է առաջանում: Թերեւս դժվար է պատասխանել, թե իրապես ո՞րտեղից եւ ինչից է ծագում սնահավատությունը, եւ ինչո՞ւ մեր ժամանակակից, «զարգացած գիտության դարում» այն դեռեւս չի վերացել: Ավելի շուտ այն կապ ունի խավարի ուժերի հետ: Սուրբ Գիրքից մենք գիտենք, որ նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը, պիտի հավատան ստին: Իսկ սնահավատությունը ինչ է, եթե ոչ` հավատալ ստին, անիրական բաներին, եւ այն իհարկե ներշնչված է ստության հայր` սատանայից, որն այս կերպ շեղելով ճշմարիտ հավատքի կյանքից, սնահավատներին պահում է իր դիվային շղթաների մեջ, իսկ հետո գցում հուսահատության կործանման գուբը:

Այնպես որ, ճշմարիտ հավատքից զուրկ մարդը ընկնում է սնահավատության մեջ: «Առանց հավատքի անհնար է հաճելի լինել Աստծուն», – ասում է մեզ սուրբ առաքյալը (Եբր.11; 6): Հավատն առ Աստված` առաջին եւ հիմնավոր պայմանն է մարդկային հոգու փրկության: Մեր հոգին` Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելով, մշտապես տենչում է Աստծուն, փնտրում է Նրան եւ միայն Նրա մեջ է գտնում հանգիստ եւ բավականություն:

Շատերը մեր ժամանակակիցներից չունենալով ճիշտ պատկերացում եկեղեցու հիմնավոր հավատալիքների եւ ճշմարիտ աստվածապաշտության մասին, հեշտությամբ սահում են սնահավատության մեջ: Նկատելի են եկեղեցի հաճախող մարդկանց մեջ տարածված սնապաշտական սովորություններ, օրինակ` «ուրիշի վառած մոմից մոմ չվառել», «կենտ կամ զույգ մոմեր վառել», «եթե մոմը հանգավ` վատ նշան է»` այս եւ նման այլ սին եւ փուչ ու անիմաստ հավատալիքներ` հիմնված վախի վրա, եւ ոչ թե Ամենակարող Աստծո Նախախնամության հանդեպ ճշմարիտ հավատքի: մոմավառության գեղեցիկ բարեպաշտական սովորությունը վերածում են ինչ-որ մոգական մի երեւույթի, իբր վառած մոմերի քանակից կամ ձեւից են կախված մեր դժբախտություններն ու հաջողությունները: Այնինչ վառած մոմը քրիստոնյայի հավատքի ու սիրո խորհրդանիշն է` փոքրիկ եւ համեստ զոհողություն, որը մեր աղոթքների ճանապարհն է բացում դեպի երկինք:

Ժողովրդական եւս մի սնահավատ «ավանդույթ»` չամուսնանալ, հարսանիք չանել մայիս ամսին` նախանձելի ստուգությամբ պահպանվող տարիներ շարունաակ, հաշվի չի առնում, որ մայիսն է ամենաուրախ տոների` հաղթանակների ամիսը: Իսկ Մեծ Պահքի ապաշխարության քառասնօրյա շրջանում Պսակի խորհուրդը չկատարելու եկեղեցական կանոնի նկատմամբ շատերը մնում են խուլ:
     Հաճախ հանդիպում ենք մեր չքնաղ, դարախորհուրդ, հին վանքերի կամ մատուռների տարածքում թաշկինակներով զարդարված ծառեր: Բախտագուշակներին ու գրբացներին դիմող` «երջանկություն» կամ «հաջողություն» գտնելու համար, սակայն խաբված ու մոլորված մարդկանց ու մանավանդ երիտասարդների համար պատրաստված մի ծուղակ է, ինքնախաբեություն, որովհետեւ այս «հրաշագործ» ծառերը դեռ ոչ մեկին առողջություն կամ բախտավորություն չեն պարգեւել: Զարմանում ես, թե ինչպես ինքնախաբեությամբ տարված թշվառները կառչած են մնում իրենց սին ու անիմաստ սովորույթներին, ոչ մի օգուտ չունեցող բաներին` «դռան շեմի վրայից չբարեւել», «սեւ կատուն ճանապարհդ կտրեց` սպասիր փորձանքի»` չգիտես ինչ մեղք ունի այս խեղճ կենդանին, որ սեւ է ծնվել: Փուչ եւ սին հավատալիքները անթիվ ու անհամար են, մոլախոտի նման ծլում ու տարածվում են, տեղ գտնելով մարդկանց սրտերում, որտեղ ճշմարիտ հավատքի սերմերը ընկան «ապառաժի» վրա եւ արմատ չտվեցին: Աստծո սուրբ երկյուղը թողնելով, երկյուղեցին սին եւ դատարկ բաներից, վախեցան այնտեղ, ուր վախ չկա. «որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստված չփառավորեցին նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտությամբ խավարեցին» (Հռոմ. 1;21):

Մարդիկ կան, որոնք մեծ մեղք են համարում խաղտել այդ սին եւ անիմաստ սովորություններից մեկը, բայց Աստծո պատվիրաններն անտեսելը մեղք չեն համարում:

«Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի այլ աստվածներ թող չլինեն քեզ համար», - հնչում է առաջին պատվիրանը: Սնահավատությունը այս պատվիրանի խախտումն է: Որովհետեւ սնահավատության էությունը կայանում է նրանում, որ սնահավատը Աստծուն վերաբերողը վերագրում է արարածներին եւ, փոխարեն վստահի Աստծուն, ապավինում է արարածներին, երեւույթներին, կամ նշաններին:

Որտեղ էլ լինենք, ինչ էլ անենք պիտի ասենք «Իմ Տերը ինձ հետ է, Նա ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի եւ կանի այն ինչ Նրան հաճելի է. թող լինի Նրա սուրբ կամքը»:

Որպես եզրակացություն, ասենք, որ Եկեղեցին բոլոր ժամանակներում դատապարտել է սնապաշտությունը, իսկ հոգեւորականը պարտավոր է պայքարել այդ երեւույթի դեմ, որովհետեւ այն չարիք է եւ կործանարար հոգու համար, որը պետք է ամեն կերպ արմատախիլ անել:

Պատրաստեց՝ Տեր Ընծա քհն. Միրզոյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6830 | 0 | 0
Facebook