Երիտասարդ պատմագետների ասոցիացայի անդամները Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ հանդիպեցին բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Գայանե Աթանեսյանի հետ: Գրողը ներկայացրեց իր «Ապրելը հաղթել է» գիրքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գրքում նորովի է ներկայացված Ռուբեն Սևակ գրողը, մարդը, ազգային գործիչը: Հեղինակը հակադրվում է նրանց, ովքեր մինչ օրս նշանավոր արևմտահայ գրողին փորձել են ներկայացնել որպես անհավատ, աթեիստ:
Գայանե Աթանեսյանը ուշագրավ դրվագներ ներկայացրեց Ռուբեն Սևակի կյանքից, որոնք ամբողջական են դարձնում գրողի մարդկային, հոգևոր և անձնազոհ կերպարը: Հեղինակը ներկայացրեց նաև իր մյուս գրքերը, որոնցում փորձել է ցույց տալ Աստվածաշնչի ազդեցությունը նշանավոր գրողների ստեղծագործություններում: Հանդիպման վերջում, երիտասարդների հարցերին պատասխանելուց հետո, Գայանե Աթանեսյանը նվիրեց իր գրքերը, մաղթելով, որ գիրքն ու գրականությունը մշտապես ուղեկցեն երիտասարդներին իրենց ողջ կյանքում: