Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանում մեծ շուքով նշվեց Համբարձման տոնը

23:37, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Երևանում մեծ շուքով նշվեց Համբարձման տոնը
     Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ն արդեն երրորդ տարին է, ինչ իրականացնում է «Ինքնության պահպանումը ազգագրական տոների միջոցով» ծրագիրը: Ս.թ. մայիսի 5-ին, Թումանյանի անվան այգում այս անգամ նշվեց Համբարձման տոնը կամ Վիճակը: Ծրագիրը նպատակ ունի հայոց ավանդական տոների միջոցով երիտասարդ սերնդին փոխանցել մշակութային ժառանության բազմաշերտ արժեքները` նպաստելով երիտասարդության հայեցի դաստիարակությանն ու իրական արժեքների ձևավորմանը: Փորձ է արվում այսօրվա պայմաններին համահունչ վերաիմաստավորել ու կազմակերպել բնության զարթոնքին և կյանքի հարատևությանը նվիրված այս ժողովրդական տոնը, որը, չհեռանալով բուն իմաստից, հետագայում վերակերպվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ համբարձմանը նվիրված տոնի: Միջոցառման կազմակերպման գործում իրենց մասնակցությունն ունեցավ նաև Արարատյան Հայրապետական թեմը: Տոնակատարությունը ուղեկցվեց ազգային երգ ու պարով, թատերական ներկայացմամբ, վիճակ հանելով: Այստեղ էր տոնի գլխավոր հերոսը` մանկահասակ հարսիկը: Աղջիկները, հավատարիմ մնալով սովորությանը, ծաղկեպսակներ էին կրում: Երիտասարդների ձեռքին հայկական ազգային տիկնիկներ կային: Տոնակատարության ժամանակ հնչեցին Համբարձման տոնին նվիրված և այլ ազգային երգեր: Իսկ վիճակ հանելու արարողությանը մասնակցեցին բազմաթիվ աղջիկներ: Համբարձման տոնի ուտեստներից է կաթնապուրը, որը ևս գաթայի հետ միասին մատուցվեց մասնակիցներին: Տոնն ավարտվեց բոլորի միասնական շուրջպարով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5041 | 0 | 0
Facebook