Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՈՒՑԵ ՔԵԶ ՀԱՍՆԵՆ

ԱՆՈՒԼ Հ.
Հեղինակ`
ԱՆՈՒԼ Հ.
14:07, կիրակի, 17 փետրվարի, 2013 թ.
ԳՈՒՑԵ ՔԵԶ ՀԱՍՆԵՆ
    
     10. 02. 2010
     Քեզ կարոտում եմ: Կարոտում եմ քո մազերը, քո բարի աչքերը, քո անկեղծ ժպիտը, քո ձեռքերը` այն ձեռքերը, որոնք փայփայել են ինձ: Հիշում եմ քո խորաթափանց հայացքը. քո մի հայացքից ես այնպես էի ազդվում, որ այդ պահին հայացքդ ավելի խոսուն էր, քան խոսքերդ: Կարոտում եմ անգամ այն, որ ինձ հարվածում էիր, երանի գայիր ու էլի հարվածեիր: Քեզ կարոտում եմ, ՄԱ՛Մ: Ձմռանն առանց քեզ ես մրսում եմ, իսկ երբ ինձ հետ էիր, թվում էր, թե միշտ գարուն է` պայծառ, արևոտ: Թվում էր, թե գիշեր չկա, լուսին չկա, միշտ արև է, միշտ առավոտ, իսկ այժմ հավերժ ձմեռ է կարծես:
     ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՄԱ՛Մ:
    
    
     14. 05. 2010
     Մա՛մ, ես մի տարով էլ մեծացա, առաջին անգամն է, որ առանց քեզ եմ մեծանում: Գիտե°ս, քո ընկերուհիներն էին եկել, բայց ես ձևացրի, թե չեմ լսում զանգի ձայնը` փակվել էի սենյակումս` իմ ու քո նկարներն էի նայում ու անվերջ արտասվում: Մա՛մ, ինչու՞ գնացիր, չէ որ ես առանց քեզ ոչինչ եմ, ես ոչինչ եմ Աստծո գործերը քննելու համար, բայց, գուցե, Աստված իմ ու քո երջանկությունը շատ համարեց… Ես նոր եմ հասկանում, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն էի. միշտ էլ կորցնելուց հետո ես գիտակցում հարազատիդ արժեքը:
     ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՄԱ՛Մ:
    
    
    
    
     17. 10. 2010
    
     «Շնորհավոր ծնունդդ, մայրի՛կ» . հիշու՞մ ես ամեն անգամ քեզ ծաղիկներ էի նվիրում այս գրությամբ, իսկ դու, տեսնելով դրանք, այնպես էիր ուրախանում, ինչպես երեխան է ուրախանում խաղալիք տեսնելիս: Դու գրեթե անթերի էիր, դու երկրի վրա իմ պահապան հրեշտակն էիր, իսկ այժմ իրոք հրեշտակ ես, բայց երկնքում: Ես վստահ եմ, որ երկնքում ես` ապահով, առողջ: Մա՛մ, գիտե՞ս, երբեմն մտածում եմ ինքնասպանության մասին, բայց ինչ-որ միտք ինձ միշտ հետ է պահում, բացի այն, որ ինքնասպանությունը ամենամեծ մեխքերից մեկն է, ես մտածում եմ նաև, որ մահանալուց հետո էլ քեզ չեմ տեսնի, որովհետև ես քեզ պես բարի, մաքուր չեմ, կարեկցող, ներող չեմ, ես քեզ մոտ չեմ լինի, գուցե դժոխքու°մ կլինեմ:
    
     ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՄԱ՛Մ:
    
    
     15. 11. 2010
    
     Արդեն աշունը լիովին իր ձեռքն է վերցրել բնության ղեկը: Շուրջս դեղին է, ոսկի, երկինքը մռայլ է, տխուր. սիրում եմ աշունը: Գրեթե մեկ տարի է իմ հոգում միայն աշուն է, բայց ոչ ձմեռ մա՛մ, որովհետև քեզ երբեմն տեսնում եմ, ճիշտ է, միայն երազում, բայց տեսնում եմ: Դու իմ թթվածիննես ՄԱՅՐԻԿ, իմ երազանքն էս ու ապրելու իմ կամքը: Տեսնես ո՞վ է հորինել այն հիմարությունը, թե ժամանակը բուժում է բոլոր վերքերը, չկա՛ նման բան. ոչինչ և ոչ ոք չեն կարող բուժել սրտի վերքերը: Իմ սրտի վրա կյանքը մի մեծ սպի է թողել, որը երբեք չի վերանա: Հիշում եմ վերրջին հայացքդ, երբ նայեցիր աչքերիս մեջ ու հավերժ փակեցիր աչքերդ: Ինձ ամեն վայրկյան թվում էր, թե կարթնանաս քնից ու նորից կժպտաս քո անուշ ժպիտով, ա՜խր դու քնել չէիր սիրում, մա՛մ, ինչու՞ այսքան երկար քնեցիր:
    
     ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՄԱ՛Մ:
    
    
     31. 12. 2010
     Արդեն ձմեռ է` Նոր Տարի: Հագել եմ քո ամենասիրելի բլուզը, որից մինչև հիմա քո անկրկնելի բույրն է գալիս ու պարում եմ: Հիշու՞մ ես, միասին ամեն տարի դեկտեմբերի 31-ին պարում էինք: Պարում եմ ու արտասվում, բայց այս անգամ դրանք ուրախության արցունքներ են, որովհետև ես քեզ զգում եմ իմ կողքին, դու ինձ հետ պարում ես, ուրախանում: Հիշու՞մ ես, երազում էիր, որ լեզվաբան դառնամ, արդեն ես էլ եմ երազում ու դառնալու եմ, դառնալու եմ, որ դու ավելի երջանիկ լինես, հպարտ լինես. չնայած ինչ եմ մտածում, հպարտանալը մեղք է, իսկ դու մեղքեր չէիր գործում: Տեսնես դու այժմ կարդում ես իմ նամակները: Երանի կարողանայի դրանք քեզ ուղարկել, երանի Աստված դրանք կարդար ու քեզ ինձ վերադարձներ: Թող մենք ոչինչ չունենայինք, բայց միասին լինեինք: Հիմա միայն դա եմ ցանկանում, իսկ առաջ… Ինչ հիմար եմ եղել ես, մա՛մ, նոր եմ հասկանում, որ հարազատի կորստից ավելի ծանր բան չկա: Զղջում եմ, որ քեզ հետ չեմ կիսվել, չեմ խոսել` ընկերուհիներիս էի գերադասում, իսկ այսօր իմ ընկերուհիներն են` տխրությունը, արցունքը ու վիշտը: Ես նոր եմ միայն հասկանում այս տողերի իմաստը. «Վաղը արդեն ուշ կլինի»: Կներես ինձ, մա՛մ: Կներես, որ շատ անգամ այնպիսին չեմ եղել, ինչպիսին դու ես ցանկացել: Կներես, որ հաճախ քեզ վշտացրել եմ, երբեմն նույնիսկ հունից հանել: Ների՛ր ինձ Մայրիկ այն բանի համար, որ քեզ սիրել եմ, ոչ թե ՊԱՇՏԵԼ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5041 | 6 | 0
Facebook