Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը» թեմայով քննարկում

14:26, ուրբաթ, 08 ապրիլի, 2016 թ.
Տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը» թեմայով քննարկում
     2016 թ. ապրիլի 1-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Սիգրիդ Րոզինգ Թրասթի ֆինանսական օժանդակությամբ Կոնգրես հյուրանոցի Բոլլ ռում սրահում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը» թեմայով:
     Միջոցառմանը հրավիրված էին իրավասու պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում ներկայացված դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
     Բացման խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
     Այնուհետև խոսքը փոխանցվեց ԲՀՀ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանին, որն անդրադարձավ Կազմակերպության գործունեությանը՝ ընդգծելով, որ ԲՀՀ-Հայաստանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ համագործակցության մեծ փորձ ունի: Իրականացված ծրագիրը, Դ. Ամիրյանի խոսքով, փորձ է մեր երկրում ազդեցություն ունենալու արդար դատաքննության իրականացման վրա: Անդրադառնալով ուսումնասիրության բովանդակությանը՝ Դ. Ամիրյանը նշեց, որ այն բավականին ծավալուն է և արժեքավոր՝ իրավապաշտպանների, տեսաբանների և ոլորտով հետաքրքված այլ անձանց համար:
     Բանախոսը հույս հայտնեց, որ թեմայի քննարկումը այս միջոցառմամբ չի սահմանափակվի և շարունակական կլինի նաև առանձին քննարկումների տեսքով նեղ մասնագիտական շրջանակներում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն իր խոսքում նշեց, որ ՀՀ-ում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարումն ապահովող իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ ևս հրավիրվել են միջոցառմանը, սակայն չեն հաստատել իրենց մասնակցությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց ՄԻԵԴ վճիռների կատարման ներպետական մեխանիզմների ձևավորման վիճակը, 2007 – 2015 թթ. ՀՀ դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը՝ ըստ ՄԻԵԿ հոդվածների, և ՀՀ Սահմանադրական դատարանի դերը ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում: Ա. Սաքունցը ընդգծեց ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների դերակատարության կարևորությունը ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարման շրջանակներում: Թեմայի շրջանակներում անդրադառնալով դատական իշխանության դերակատարմանը՝ Ա. Սաքունցը նշեց, որ Դատարանների նախագահների խորհուրդը, որպես ինքնակառավարման մարմին, ունի շատ կարևոր գործառույթ՝ հետևելու ՄԻԵԴ վճիռների իրականացման ապահովմանը, ինչպես նաև իր կողմից կայացված խորհրդատվական բնույթի որոշումներում անդրադառնալու ՄԻԵԴ վճիռների իրականացման վիճակին:
     ՀՔԱ Վանաձորի գրասենյակի օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող Ա. Չիլինգարյանը իր խոսքում անդրադարձավ ուսումնասիրության մեջ տեղ գտած առաջարկություններին՝ կարևորելով գործադիր մարմինների կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման պրակտիկայի ձևավորումը: Անդրադառնալով պետության կողմից ՄԻԵԴ վճիռների իրականացմանը՝ բանախոսը նշեց, որ պետությունը պարտավորություն ունի իրականացնելու երկու բնույթի միջոցառում՝ անհատական և ընդհանուր:
     Ուսումնասիրության մեջ հիմնականում անդրադարձ է կատարվել ընդհանուր բնույթի միջոցառումների կատարմանը: Այս տեսանկյունից Ա. Չիլինգարյանը նշեց, որ ՄԻԵԴ վճիռների ոչ պատշաճ կատարումը ՀՀ-ում հանգեցնում է նրան, որ նույն իրավունքի խախտման հիմքով մարդիկ նորից են դիմում ՄԻԵԴ, ինչը Դատարանի ծանրաբեռնվածության հիմնական պատճառներից մեկն է: Ա. Չիլինգարյանն արձանգրեց, որ ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Կառավարության աշխատանքներն ավելի ակտիվացան 2014-2015 թթ.-ին: Բանախոսն արձանագրեց, որ գրեթե բոլոր հոդվածներով ընդհանուր բնույթի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն դեռևս կա՝ անդրադառնալով առանձին գործերի և ՄԻԵԿ հոդվածների: Հաջորդիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի օգնական Սուսաննա Դավթյանը ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի առանձին պալատների կողմից կայացված որոշումներում ՄԻԵԴ վճիռների վկայակոչման վերաբերյալ կազմված տեղեկանքներ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը ոլորտում առկա խնդիրների վերհանման տեսանկյունից: Համեմատականներ անցկացնելով ՀՀ-ում Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ վճիռների կատարման միջև՝ բանախոսը նշեց, որ ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարումը ավելի բարենպաստ վիճակում է գտնվում: Եվ պատրաստակամություն հայտնեց մասնակցելու նաև ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ կազմակերպվող քննարկումների:
     Հաջորդիվ ելույթով հանդես եկավ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը, որն ընդգծեց կատարված ուսումնասիրության կարևորությունը՝ այն համարելով արժեքավոր ուսումնասիրություն՝ ոլորտի ներկայացուցիչների համար: Անդրադարձ կատարելով ավելի վաղ հնչած այն կարծիքներին, ըստ որոնց՝ ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռներն ավելի լավ են կատարվում, քան Սահմանադրական դատարանի վճիռները, Ա. Զեյնալյանը նշեց, որ խնդիրը վերահսկող մարմնի բացակայությունն է՝ նշելով, որ այդ գործառույթը կարող է կատարել ՀՀ Ազգային Ժողովը: Իրավապաշտպանը կոչ արեց պատկան մարմիններին՝ ապահովելու համապատասխան աշխատակիցների տեղեկացվածությունը ՀՀ դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների մասին, ինչը կարևորվեց նաև Ա. Սաքունցի կողմից: Ա. Զեյնալյանը կարևորագույն խնդիր համարեց ՀՀ դեմ ՄԻԵԴ կողմից կայացված վճիռների պատշաճ թարգմանությունը և հրապարակումը՝ նշելով, որ շատ հաճախ դրանք թարգմանվում են ըստ «նպատակահարմարության»:
     «Որպես նորմատիվային իրավական ակտ, դրանք պետք է թարգմանվեն և հրապարակվեն պաշտոնապես, մինչդեռ ավելի քան 60 վճիռներից պաշտոնապես հրապարակվել է միայն 19-ը», -ընդգծեց Ա. Զեյնալյանը:
     ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս իր ուշադրության կենտրոնում կպահի ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարման հարցը և պատրաստակամություն հայտնեց համագործակցելու տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:
     Թեմայի շուրջ իրենց դիտարկումները հայտնեցին նաև քննարկման այլ մասնակիցներ:
Աղբյուրը` hcav.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2632 | 0 | 0
Facebook