Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանուն ՙՊուճուր մարդու՚

20:05, ուրբաթ, 18 մարտի, 2016 թ.
Հանուն ՙՊուճուր մարդու՚


     Մա՛րդ եկավ գրականություն. դուռը կամաց թակել, մտել է՝ պատմվածքները ձեռքին, սպասում է:
     ՙՄարդ՚- ը իզուր չէ, որ շեշտվեց սկզբում, նորագույն սերնդի գրականության ամենատաղանդավոր հեղինակներից մեկը՝ Գրիգը, գրականություն է եկել մարդուն որոնելու, հասկանալու, ճանաչելու համար, ճանաչելով՝ չատելու, այլ սիրել կարողանալու համար, եկել է մարդուն, նրա դժվարին փորձությանը, նրա ծանր առաքելությանը, որ ապրելն է, զորավիգ լինելու համար: Իսկ ո՞վ կհամարձակվի մտնել նման բեռի տակ, ո՞վ կհամարձակվի զորավիգ լինել ՙՊուճուր Մարդուն՚, եթե ոչ Մարդը: Գրիգը հենց սկզբից իր ՙշերեփն՚ այնքան խոր է մխրճել մարդկային հոգու խճճանքների, թնջուկների, պարադոքսների մեջ, որ ակամա վախենում ես՝ կզորի՞ քաշել_հանել-տեսնել, տեսածից չի՞ սարսափի, կտանի՞: Համոզված եմ՝ տանելու է, որովհետև տաղանդով ու համբերատար ջանասիրությամբ է լծվել գործի, որովհետև սիրում է մարդուն, գրականությունը, վկա՝ քսան պատմվածքները, որ ժողովված են նրա այս առաջին՝ ՙՀիսուսի Կատուն՚ գրքում:
     Գլոբալացում, համահարթեցումներ, աղմկոտ վայրիվերումներ, խժդժոց, ունայնություն, քաղաքական, կրոնական հակամարտություններ, պատերազմներ: Այս ամենի ահարկու թրթուրների տակ որքա՞ն ՙՊուճուր մարդ՚ է և՛ ոգեպես և՛ ֆիզիկապես ճզմվում: Դյուրին է սիրել ազգին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը, և անչափ դժվար է սիրել պարզապես ու իսկապես՝ մեկ մարդու, մեկ առանձին մարդու: Այսօր, ցավոք, գրականությունը նույնպես կուլ է գնում Մեծ Արտադրողին, Քաղաքականությանը, նրանց շահերի կամակատարն է դառնում, գրողին էլ են ներառնում, ենթարկում, համահարթեցնում, և միայն հազվադեպ խիզախներն են, որ պահպանում են ազատ հայացքը, որ շարունակում են կռիվ տալ հանուն մարդու իսկական ազատության, արդարության, իսկական սիրո ու հավատի, հանուն իսկական գրականության: Գրիգը խիզախներից է: Ասելիք ունի Գրիգը: Այսօր՝ այս հրաշալի պատմվածքներով, վաղը, չեմ կասկածում, նաև վիպակներով ու վեպերով:


     Գուրգեն Խանջյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3549 | 0 | 0
Facebook