Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փնտրեի ու չգնտնեի…

23:42, երկուշաբթի, 11 փետրվարի, 2013 թ.
Փնտրեի ու չգնտնեի…

Փնտրեի ու չգնտնեի…

Երանի՜ երբեք էլ աշխարհի այս խառնաշփոթի մեջ քեզ փնտրած չլինեի, քո սև-գիշեր աչքերը փնտրած չլինեի, քո թափանցիկ ժպիտը փնտրած չլինեի: Երանի փնտրածս նյութական ու հասարակ լիներ, միայն թե դու չլինեիր, քո մեղմությունն ու երազկոտ աչքերդ չլինեին: Եթե միայն փնտրած ու գտած չլինեի քեզ իմ երազների մեջ…Ավաղ միայն երազներիս մեջ … Դու այնտեղ էիր, քայլում էիր սովորական քո քայլվածքով, մեկ-մեկ ժպտում էիր չգիտես թե ում, չէիր շրջվում երբեք ու հայացքդ լողում-փախչում էր այնքան աննկատ, որքան աննկատ ու անշշուկ հայտնվել էր: Ես փնտրում էի հետքերդ հազարավորների մեջ, ու, պատկերացրու, նրանց այնքա՜ն հեշտ էր տարբերել…Փնտրել չէր դա այլևս, այլ հետևել: Ես հետևում էի քեզ երազիս ամենալուսավոր ու ամենաեթերային շողերի մեջ: Երազիս արևն էիր ու փնտրելու կարիք էլ չունեի.դու ինձ ամենուր էիր շողում, ստվերդ միշտ կողքիս էր նստում, ու ինձ մեկ-մեկ թվում էր, որ նա գրկում է ինձ, գրկում այքան անսխալ, այնքան թեթև, որ ինձ թվում էր` քամին է ինձ փարվել: Քամի էիր դու իրավամբ, որովհետև ես քեզ չէի տեսնում, բայց ամառվա տապին հովիկ երազողի նման քեզ էի փնտրում, քեզ էի երազում:

Ասում եմ փնտրած ու գտած չլինեի՞…Հիմարությու´ն…Ախր մի՞թե երազիս երեք վայրկյանն ես միայն դու ու ոչ ավելին: Մի՞թե իրականությունս չես դու ու, երազս չէ, այլ երազանքս: Չեմ ափսոսում երեք վայրկյան տևող այդ պատրանքը ապրելուս և ոչ մի անգամը: Ամեն անգամ երազիս ես քեզ նորովի էի փնտրում: Հավատա´ միշտ էլ նորովի ու նոր թարմությամբ էլ գտնում էի: Դու ինձ համար անհայտ ու չթերթված գիրք էիր, ու ես ամեն օր նույն ջանասիրությամբ ու առանց զլանալու կփնտրեի քեզ հիմա էլ: Բայց այլևս երազ չեմ ուզում, աշխարհ եմ ուզում, որ քեզնով լցվի, օրեր եմ երազում, օր դու կլցնես և ոչ թե գիշերներ, որոնցում դու պարզապես հյուր կլինես:

Ես քեզ հիմա նույնպես փնտրում եմ: Առաջվա նման, նույն նվիրվածությամբ ու նույն տարերքին տրված: Միայն մի տարբերություն կա.երազիցս դուրս` այստեղ` երազների, ճախրող պատրանքների ու սրտիս թափանցիկ երգով լցված իմ աշխարհում եմ ես քեզ փնտրում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
3814 | 2 | 0
Facebook