ԵԿ ՀԻՇԵՆՔ
Հիշում ես դու, իմ ախպեր.
Օֆիսում ինչ խուճապ էր,
Երբ իրիկունը վեցին
Լույսերը անջատվեցին:
Ես չտեսա իմ դեմը
Ու ջարդեցի մոդեմը,
Իսկ դու լսելով Գուբին
Գլխով հաքար տրուբին:
Հաքար ու գետնին ընկար,
Բայց դա չտևեց երկար,
Դու վերստին բարձրացար
Ու զարմանքից քարացար.
Ձեռքին բռնած մեծ լոմը
Օֆիս էր մտել Ծյոմը:
Էկավ, ասեց. – ախպերներ,
Նոյը Հաբեթի հերն էր,
Բայց էտի մեզ չի քորում,
Մեկա` արաղ ենք թորում,
Ինչ եք նստել էս մթին,
Հլը նայեք էս թթին,
Բա հլը էս ծիրանը.
Ընկել ա մեր ճիրանը,
Էկեք էսօր չքնենք,
Էս արաղները խմենք,
Հետո հիշենք էս օրը,
Խորանանք խորը- խորը:
Ինչպես կասեր Բիսմարկը.
«Շատ լավն էր առաջարկը» ,
Ու մենք ուշ երեկոյան
Գլորվեցինք Կոնդի յան:
Ճարեցինք մի բիսետկա,
Ասեցինք. «Էսա որ կա»:
Պակասում էր ռեհանը,
Բայց բացեցինք սեղանը.
Թթու վարունգ, բողկ ու աղ
, Հաց, կանաչի ու արաղ:
Էդ ընթացքում մեր Ծյոմը
Տեղավորում էր լոմը:
Կիսեցինք քարի հացը
Ու հետևեց կենացը.
-Ուղեղներիս զոռ չտանք,
Դե տղեք, բարով տեսանք:
Առաջինն էր դժվարը,
Իսկ մնացած հազարը
Խմեցինք մենք ուղղակի`
Ըստ կենացացուցակի:
Դրսից խեղդում էր մութը,
Ներսից վառում էր թութը:
Խմում էինք, խոսում, խնդում,
Երգում, պարում ու թնդում:
Մի խոսքով` մենք այդ գիշեր
Դատարկեցինք շատ շշեր,
Դե հետո էլ երեքով
Դեգերեցինք քաղաքով,
Օրորվելով քայլեցինք,
Ընկանք մի տեղ, քնեցինք,
Մինչև հաջորդ առավոտ
Զարթնեցինք Կասկադի մոտ,
Ու տարբեր տաքսիներով
Ցվրվեցինք տներով:
Հիշում ես դու, իմ ախպեր.
Քո տաքսին` կարծեմ, զապ էր:
Քանի~ տարի է անցել,
Դիպվածն այդ չի մոռացվել,
Երբ հիշում ենք այդ օրը
Ու խորանում շատ խորը,
Հասկանում ենք վերջապես.
Իդեալական էր կարծես:
Բայց կա այստեղ մի այլ բան`
Բնույթով բացասական.
Երբ մենք պրծանք ֆուրշետից
Ու դուրս ելանք բիսետկից,
Թթից հարբած մեր Ծյոմը
Այնտեղ մոռացավ լոմը…
Ամեն ինչ հոյակապ էր.
Հիշում ես դու, իմ ախպեր:
Հեղինակ՝ Հովո Գևորգյան