Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵԺԿ-ի ու ՄԳԻՄՕ-ի արանքում

Эндрю Арутюн
Հեղինակ`
Эндрю Арутюн
16:52, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2015 թ.
ԵԺԿ-ի ու ՄԳԻՄՕ-ի արանքում

Սերժ Սարգսյանը Երևանում ելույթ է ունեցել ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ ֆորումում: ՄԳԻՄՕ-ն Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտն է, որի շրջանավարտների նախորդ երկու ֆորումները տեղի են ունեցել Մոսկվայում և Բաքվում: Այս հանգամանքն ինքնին արդեն բավական խոսուն է այն իմաստով, թե ինչ է իրենից ներկայացնում շրջանավարտների ֆորում կոչված միջոցառումը: Դա, ըստ էության, ռուսական քաղաքականության գործիքներից մեկն է, գուցե, այսպես ասած, ստվերային կամ կուլիսային ազդեցության գործիքներից մեկը: Ընդամենը երկու օր առաջ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում մեկ այլ ֆորումում՝ ԵԺԿ գագաթնաժողովում, որն էլ բնականաբար եվրոպական քաղաքականության գործիքներից է, սակայն, ըստ էության, բաց հարթակի տեսքով: Եվ այս խորհրդանշական ինտերվալը շատ բան է ասում Հայաստանի ներկայիս վիճակի մասին, հատկապես այն առումով, թե ԵՏՄ անդամ դարձած Հայաստանն ինչ հարաբերություններ կարող է հաստատել Եվրամիության հետ, որի հետ նոր բանակցություն է սկսում՝ նոր փաստաթուղթ ստորագրելու համար:

Հայաստանը նետվում է Եվրասիականից եվրոպական տարածք և հակառակը՝ այդ ընթացքում վատնելով հսկայական ռեսուրսներ և էներգիա, միաժամանակ անելով այդ ամենը մի հետաքրքրական իրավիճակում. այդ նետումները կամ ԵԺԿ-ի ու ՄԳԻՄՕ-ի «միջև» մանևրները իրականացվում են այն պայմաններում, երբ Հայաստանի ոտքը կապված է ՄԳԻՄՕ-ից կամ եվրասիական տարածքից: Այսինքն՝ Հայաստանը խաղում կամ լողում է Եվրասիայից Եվրոպա, պարբերաբար, բայց մի իրավիճակում, երբ բոլորը գիտեն, որ Հայաստանի ոտքը կապված է Եվրասիայից, այսինքն՝ կա առնվազն քաշելու հնարավորություն:

Այս պայմաններում ԵԺԿ-ի բաց հարթակից հետո ՄԳԻՄՕ-ի կուլիսային, քաղաքականության հետնաբեմային հարթակի պարագան խոսում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական բոլոր նախաձեռնություններում կա մի կուլիս, որն ըստ էության անհաղթահարելի է, որի հաղթահարման մեխանիզմները, ըստ էության, տեսանելի չեն ո՛չ արտաքին, և ոչ էլ ներքին կյանքում: Եվ այս իմաստով ՄԳԻՄՕ հասկացությունն ունի արդեն ընդհանուր խորհրդանշական իմաստ Հայաստանի համար և դադարում է զուտ հարաբերությունների միջավայրային կոնկրետ ֆորմատ լինելուց:

Եվ այստեղ է առանցքային խնդիրը, որ առաջանում է ընդհանուր հայաստանյան պետականության համատեքստում: Այդ պետականությունը կառուցվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև առավելագույնս անվտանգ տեղավորվելու «իմաստնության» կենսափիլիսոփայությամբ, որն առայժմ մոտավորապես քառորդ դար արդեն իրականացվում է ոչ ավելի, քան «շուստրիության» մակարդակով: Եվ սա արդեն Հայաստանում ոչ թե ձևավորվում է, այլ արմատացել է որպես քաղաքական մտածողություն, նույնիսկ արժեհամակարգ, ինչն էլ հանգեցրել է պետականության մարտահրավերների և սպառնալիքների աճին, ըստ որում՝ և՛ ներքին, և՛ արտաքին բնույթի:

«Արանքի» փիլիսոփայությունը Հայաստանում, ըստ էության, բանավեճի առարկա չէ, այն ընդունվել է մեծամասնության կողմից: Միաժամանակ շատ բարդ է ասել, թե գիտակցվե՞լ է արդյոք, որ այդ «կոնսենսուսը» ըստ էության բերում է ներքին գործընթացների անարդյունավետության և ապակառուցողականության, կամա թե ակամա:

Խնդիրն այն է, որ ներքին գործողությունների գիտակցական կամ ենթագիտակցական, մենթալ առանցքում հայտնվել է առաջին հերթին գլխավոր հաշվարկը կամ զգուշավորությունը՝ չանել որևէ բան, որը կարող է արտաքին հարթության վրա, ընդհանուր պետականության հարթության վրա վտանգել «արանքի» գոյությունը: Եվ այդ համընդհանուր «կոնսենսուսային» արգելակը բերում է արդեն ներքին գործընթացների ի սկզբանե առաջացող թերիության, որն արդեն կոնկրետ դրսևորում է ստանում ցանկացած նախաձեռնության վերջում՝ վերջնարդյունքում Հայաստանն էլ ավելի մղելով դեպի «արանք»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5670 | 0 | 0
Facebook