Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԱՆՐ ԿՐԱԿՆԵՐ

Angel Dayan
Հեղինակ`
Angel Dayan
03:12, երկուշաբթի, 04 փետրվարի, 2013 թ.
ՄԱՆՐ ԿՐԱԿՆԵՐ

Միգելի հայացքը վառում էր նրա պարանոցը: Տասնյակ հազարավոր մանր կրակներ վազվզում էին Իզայի մեջքի վրայով և չկարողանալով այլևս դիմանալ, նա շրջվեց: Նույն հայացքն էր, նույն դեղնավուն աչքերը, որոնք արևի լույսից կարծես թափանցիկ էին դարձել:
     – Դու կարող էիր չգալ:
     Միգելը տխուր ժպտաց: Ամեն ինչ կրկնվում էր, և միայն այդ մտքից գլխացավի պես մի բան էր առաջանում նրա մոտ:
     – Բայց ես եկա:
     Իզան տանջող համառությամբ ուսումնասիրում էր տղայի դեմքը:
     – Ծերացել ես:
     Երկուսի մտքերն էլ նույնն էին: Երկուսն էլ պատրաստվում էին ասել խոսքեր, որոնք պետք է ցավեցնեին մյուսին, և լռում էին: Այնինչ շուրթերն ազատություն էին ուզում, լեզուն պատեպատ էր տալիս իրեն, որ խոսի, գոռա, բայց…
     Մեղավոր չկար: Ամեն ինչ վաղուց պարզ էր երկուսի համար էլ, ու միայն ժամանակ ձգող այս խաղն էր կապում երբեմնի անքակտելի հանգույցով կապակցված սրտերն իրար:
     Իզան նայում էր իր ծերացող, հոգնած Միգելին: Նրանց բաժանում էր մի ամբողջ մետր, բայց նա շոյում էր նրա դեմքը, չորացած վարսերն ու կրծքին սեղմում նախկինում հազար անգամ իրեն շոյած ձեռքերը:
     Միգելը չէր արտասվում, բայց ժլատ արցունքները գլորվելով հավաքվում էին այտերի անկյունում գոյացած փոսիկում, որպեսզի հանգչեն Իզայի շուրթերի վրա, որոնք այդպես էլ չեն կարողանա համբուրել նրան:
     – Ծերացել ես:
     Գլխացավը վերջնականապես հաստատում էր իր դիրքերը, և ազդանշաններն արդեն սպառնում էին լուրջ հետևանքներ ունենալ:
     – Դու կարող էիր և չգալ:
     – Կարող էի:
     – Բայց դու եկար:
     – Թեկուզ կարող էի չգալ:
     – Ու ես ծերացել եմ:

Զառանցանքի նմանվող այս երկխոսությունը չէր լսում ոչ ոք: Ոչ դռան մոտ կանգնած օրենքի ներկայացուցիչը, որը հետևում էր ժամանակին, ոչ էլ մյուս կալանավորները, որոնցից բաժանում էր միայն ապակե ամուր պատը: Ոչ ոք…
     – Ես էլի կգամ:
     – Կարող ես չգալ:
     – Բայց կգամ:
     Իզան ձեռքերով հպվեց պարանոցին. վառվում էր: Կրակները դադարել էին վազվզել մեջքի վրայով, բայց մի սառը հոսանք սղոցում էր ներսից:
     – Ես ծերացել եմ:
     – Կգամ…էլի:
     Ժպտաց: Նա գիտեր, որ Միգելն էլ երբեք չի գա: Գիտեր, որ բոլոր պատկերացումներն ու երազները միաձուլվել էին իրար ու հիմա հանդարտ հանգչում էին, և խանգարել չի կարելի…
     Միգելը չի գա երբեք…չի հասցնի:

Երկու շաբաթ:
     Ընդամենը երկու շաբաթ հետո ի կատար կածվի Իզայի մահապատիժը: Պատերը չէին ճնշում, բայց ամեն քայլին զուգահեռ գիտակցությունը ստիպում էր ընդունել անընդունելի թվացող իրականությունը:
     Սիրտը կուչ էր գալիս: Սիրտը հևում էր:
     Ու նա ծերացել էր:
     Դանակի տասնմեկ հարված, որից չորսը` ուղիղ սրտին: Աշխարհներն առանձնացան. եղբայրը մահացավ, Իզան կմահանա երկու շաբաթից, իսկ ինքը… ինքը կապրի` մահանալով նրանցից յուրաքանչյուրի հետ, միասին, ծերանալով…
     Տասնյակ հազարավոր մանր կրակներ վազվզում էին Միգելի հոգնած դեմքի վրայով:
     Գլխացավի պես մի բան սպառնում էր դառնալ կյանքի անդավաճան ընկերը:
     Միգելը հոգնած էր…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1442 | 0 | 0
Facebook