Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես փյունիկ՝ մոխիրներից հառնեցիր...

Երասխի միջնակարգ դպրոց
Մամուլի խոսնակ`
Երասխի միջնակարգ դպրոց
23:35, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
Ինչպես փյունիկ՝ մոխիրներից հառնեցիր...
     Ոլորապտույտ ճանապարհը այսօր մեզ տարավ Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոց, որը Սուրենավանի միջնակարգ դպրոցի քլասթեր դպրոցներից է: Մինչ դպրոցին մոտենալը՝ աչքս առավ գյուղը եզերող սարերին, ուր հստակորեն գծագրված էին խրամատները: Մտքումս բարբառեցի՝ հերոս են այս մարդիկ: Այդ միտքը գնալով մեխվեց ուղեղումս, երբ ակնդիրն ու ունկնդիրը եղա մի միջոցառման, որն անվանել էին «Ինչպես փյունիկ՝ մոխիրներից հառնեցիր»: Կազմակերպիչները երիտասարդ ուսուցչուհիներ Անի Կիրակոսյանն ու Վերգինե Ավետիսյանն էին: Արտաքուստ կիսաքանդ այս դպրոցը մի ներքին ջերմությամբ պարուրեց մեզ, երբ շրջեցինք սրահներում: Ամենուր աղաղակում էր անցյալը, ամենուր «Հիշում եմ և պահանջում» խորագրեր էին, պաստառներ, խոսուն նկարներ: Միջոցառման սկիզբն ազդարարվեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքի մատուցմամբ, այնուհետև Տերունական աղոթքը, պատմության ահասարսուռ դրվագները, ճշտորեն ընտրված բանաստեղծությունները սկսեցին հաջորդել մեկը մյուսին՝ ժամանակ առ ժամանակ ընդմիջվելով հայրենասիրական երգերով, նազանի պարով: Միջոցառումն իր մեջ էր առել բոլորիս, հուզվում էինք, երբեմն չէինք կարողանում զսպել արցունքները: Գույներն ավելի խտացան բեմականացմամբ, ուր գյուղական խաղաղ առավոտն էր ներկայացված: Յուրաքանչյուրն իր գործին էր ու... գույժ՝ փախեք, եկա՜ն: Դահլիճ ներխուժեցին ասկյարակերպ պատանիները և խաղաղ առավոտը քաոսի վերածվեց: Ու այս ամենն այնքան բնական, այնքան ապրեցված, որ ակնհայտորեն սարսռացինք, թվում էր՝ իրականություն էր: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Մ. Լևոնյանն ու Սուրենավանի միջնակարգ դպրոցի մանկապատանեկան կազմակերպիչ Վ.Կիրակոսյանը: Իրո՛ք, շնորհակալության արժանի էին կազմակերպիչները: Միջոցառումը ստացվեց: Վերադարձին վերստին թեքվեցի դեպի Երասխի բարձունքը: Անդորր էր... Օրը ևս հավաստում էր, որ աշխարհը մասնակից է Եղեռնին, մասնակից է իր լռությամբ, իր քաղաքակիրթ անտարբերությամբ...
     Սուրենավանի միջն.դպրոցի Հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Ն.Զեյնալյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4995 | 0 | 0
Facebook