Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեր-Պետրոսյանը այլեւս պատմական իրողություն է ոչ թե քաղաքական գործիչ

15:25, հինգշաբթի, 12 փետրվարի, 2015 թ.
Տեր-Պետրոսյանը այլեւս պատմական իրողություն է ոչ թե քաղաքական գործիչ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի վերաբերյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խոհերում առաջադրված մի քանի գործնական առաջարկների ու հարցադրումների կողքին, «կարմիր թելի» նման անցնում է մեր պետական ու ազգային քաղաքականությունը սահմանազատելու՝ Հայոց համազգային շարժման ծանոթ հիմնադրույթը, որը որքան էլ իրատեսական էր թվում առաջին հայացքից, այդպես էլ ժամանակի քննությունը չբռնեց Հայաստանի երրորդ Հանրապետության շուրջ երկու տասնամյակ տեւած պատմության ընթացքում։

Այդ պատճառով 1998-ին որդեգրված Հայոց ցեղասպանության ճանաչման պետական քաղաքականության արդյունքը 2009-ի հայ-թուրքական արձանագրությունները համարող նախկին նախագահի եզրահանգումը, մեղմ ասած, անհաջող կատակ է թվում, քանզի երկրորդն իրականում անմիջական կապ չունի ցեղասպանության ճանաչման հարցում ձեռք բերված կոնկրետ նվաճումների հետ։
     Դա արտաքին թելադրանքն ի նպաստ Հայաստանի կամ Թուրքիայի օգտագործելու հակադիր փորձերի համադրության անհաջող «սիմբիոզ» էր, որը իրավիճակի փոփոխության հետ միասին կորցնում է իր արդիականությունը եւ ենթակա է վերանայման։

Անշուշտ սկզբունքորեն ճիշտ է Տեր-Պետրոսյանի այն հարցադրումը, որ մեր ցավն ու նպատակները պետք է աշխարհին մատուցել հասկանալի լեզվով ավելի ուժեղացնել Հռչակագրի՝ մարդու իրավունքներին եւ ընդհանրապես միջազգային նորմերին համապատասխանության իրավական հիմքերը։
     Սակայն մի՞թե նման պահանջը հակասում է նույն՝ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով եւ ընդհանրապես միջազգային իրավունքի նորմերով առաջնորդվող Արեւմուտքի քաղաքականության պտուղների՝ Սեւրի պայմանագրի ու Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի հիշատակմանը, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերաձեւումների հիմնական «դետոնատորն» այսօր հենց նույն ուժն է՝ ի դեմս արդի միջազգային հանրության։

Կարծում ենք՝ Հայաստանի նախկին նախագահը դրան ի պատասխան կարող է հիշեցնել այդ ամենի արդյունքը՝ ի դեմս 1920-ականների Լենին-Աթաթուրք դաշինքի կրկնության հավանականության։ Բայց չէ՞ որ Հռչակագրի բովանդակությունը որեւէ կապ չունի այն հարցի հետ, թե առաջիկայում կհաջողվի՞ Թուրքիային ու Ադրբեջանին իրենց կողմը գրավել Ռուսաստանին՝ Արցախն ու ներկա Հայաստանը ոչնչացնելու անփոփոխ երազանքին հասնելու նպատակով։

Կապ չունի, քանզի առանց Հռչակագրի էլ նրանք լավ գիտեն, թե ի՞նչ է ուզում հայ ժողովուրդն իրենցից։ Ուստի եթե անգամ ամբողջովին լռեցվի Սփյուռքի ձայնը, միեւնույն է, արդի Հայաստանը նույնպես իր ներկա աշխարհագրական դիրքի պատճառով շարունակում է խոչընդոտել Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։

Անհրաժեշտ է արձանագրել, որ պահանջատիրությունը պետական քաղաքականության վերածելու «կործանարար հետեւանքների» մասին ՀՀՇ-ական հայտնի ֆոբիաները ժամանակի քննությունը չեն բռնել։ Ուստի անպատեհ ու անհիմն է կարծել, որ հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայոց ցեղասպանության հարցի շրջանցման միջոցով։

Ավելին՝ 2009-ի արձանագրություններով ձեռնարկված նման փորձը հաջողությամբ չի ավարտվել ոչ թե Ղարաբաղյան հիմնախնդրի, այլ ցեղասպանության հարցը շրջանցելու անհնարինության գիտակցման պատճառով։ Որովհետեւ Թուրքիան իր «Ղարաբաղյան նախապայմանի» վրա երկար չէր համառի, եթե համոզված լիներ, որ շահում է ցեղասպանության ու պահանջատիրության հարցերում։ Մինչդեռ Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը ցույց տվեց, որ նման բան չի կարող լինել։
     Դրա հետեւանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրականում դեռեւս պահանջատիրությունը պետական քաղաքականություն չի դառնում, բայց եւ չի անտեսվում որպես հակառակորդի վրա ներազդելու լծակ։ Եվ սա ամենեւին էլ պետական մակարդակով Անկախության մասին հռչակագիրն ու սահմանադրությունը «կոպտորեն խախտելու» փաստ չէ՝ ինչպես կարծում է նախկին նախագահը, քանզի նրանցում առկա էր եւ է Հայոց ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանում իրականացվելու մասին հստակ պնդում-ամբաստանությունը, եւ խոսվում էր «համազգային նպատակների» մասին։

Ի դեպ, Հռչակագրի տեքստի վերջին պարբերությունը բառացիորեն կրկնում է Անկախության մասին հռչակագրի ու սահմանադրության մեջ ամրագրված վերը նշված դրույթները։ Ուրեմն այդ ինչպե՞ս են «կոպտորեն խախտվում» նշված հիմնարար փաստաթղթերը, եթե դրանց դրույթները փաստորեն մեխանիկորեն տեղափոխվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի մեջ։

Ընդհակառակը, Հռչակագիրը կազմողներին կարելի էր մեղադրել ճիշտ հակառակ «զանցանքի» մեջ, եթե նրանք մեզ չխոստանային ներկայացնել Հայաստանի ու հայության՝ Թուրքիայից ունեցած պահանջների իրավական փաթեթը։ Բայց ե՞րբ դա տեղի կունենա, ի՞նչ ձեւաչափով՝ դեռեւս վաղ է խոսել։ Ուրեմն, դժբախտաբար, դեռեւս վաղ է խոսել նաեւ պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելու մասին։

Այդ պատճառով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի վերաբերյալ գործնական առաջարկների հետ միասին Տեր-Պետրոսյանը ի ցույց է դրել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մոտալուտ կարգավորման հավանականության մասին 1990-ական թվականների իր ռոմանտիկ սպասումներից բխող անհիմն պատկերացումները, որոնք ակնհայտորեն չեն բռնել ժամանակի քննությունը։

Դրա հետեւանքով Հռչակագրի վերլուծությունը հիմնվել է ոչ թե ապագային միտված որոշակի դատողությունների համակարգի, այլ անցած-գնացած դեպքերի ու իրադարձությունների հետահայաց (ռետրոսպեկտիվ) քննության վրա, ինչը հերթական անգամ վկայում է Տեր-Պետրոսյանի այլեւս պատմական իրողություն եւ ոչ թե քաղաքական գործիչ լինելու մասին։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աղբյուրը` armarlur.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3171 | 0 | 0
Facebook