Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկու հիվանդի պատմություն: Կարդացեք անպայման

15:11, չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2014 թ.

Երկու հիվանդի տեղավորել էին նույն հիվանդանոցային համարում: Նրանցից մեկի մահճակալը սենյակի միակ պատուհանի կողքին էր: Նրան թույլ էին տալիս օրական 1 ժամ նստել անկողնում, որպեսզի մաքուր օդ շնչեր, և հիվանդ թոքերից դուրս մղվեին ախտածին նյութերը: Մյուս հիվանդի մահճակալը հեռու էր պատուհանից: Նրան շարժվել էր չէր կարելի, էլ ուր մնաց թե մոտենար պատուհանին:
     Առաջին իսկ օրվանից նրանք մտերմացան, սիրում էին ժամերով զրուցել տարբեր բաների մասին: Խոսում էին իրենց կանանց, երեխաների, տների ու աշխատանքի, զինվորական ծառայության մեջ իրենց երբեմնի զբաղվածության մասին: Ի՞նչ էր մնում ուրիշ անել, չէ՞ որ երկուսն էլ այնտեղ էին բուժվելու համար, մնալու էին երկար ժամանակով, և չխոսել ու չկիսվել սենյակակցի, ինչ-որ տեղ` նաև բախտակցի հետ, հնարավոր չէր: Խոսք` խոսքի հետևից, միտք` մտքից հետո, և ահա նրանք արդեն բավականաչափ մտերիմ էին:
     ՈՒ թեև երկուսին էլ տանջում էր ծանր հիվանդությունը, սակայն կար մի բան, որ զարդարում էր նրանց առօրյան: Բանն այն է, որ նրանց հիվանդանոցային կյանքի ամենահետաքրքիր պահն այն էր, երբ պատուհանի կողքին պառկած հիվանդը սովորականի պես ցերեկվա ժամին վեր էր կենում, նստում անկողում ու սկսում նայել պատուհանից դուրս` գեղեցիկ ու գունեղ կերպով նկարագրելով այն ամենը, ինչ տեսնում էր: Մյուս հիվանդի համար դա օրվա ամենաչքնաղ ու երանելի ժամանակն էր, քանի որ նա, լսելով ընկերոջը, մտովի կտրվում էր իր մահճակալից, սկսում էր երազել, պատկերացնել իրեն ապաքինված ու իր սիրելիների` կնոջ ու երեխաների շրջապատում, իր տանը: Նա զվարթանում էր, լցվում հույսով, դառնում ավելի կենսուրախ, չէ՞ որ իր սենյակակցի նկարագրած աշխարհն այնքա՜ն գեղեցիկ էր, շարժո՜ւն, ուրա՜խ, լուսավո՜ր, անցավ, անհոգ, աշխարհ, որից նրանց բաժանում էր հիվանդանոցային այդ սառը պատը, աշխարհ, որի հետ նրանք կապված էին ընդամենը մի նեղլիկ պատուհանով:
     Իսկ պատուհանի մոտ նստած հիվանդը շարունակում էր նայել ու պատմել, թե որքան գեղեցիկ լիճ էր տեսնում այնտեղ: Նա ասում էր, որ այդ լիճը շրջապատում էր մի կանաչ ու զվարթ այգի: Նա տեսնում ու պատմում էր ընկերոջը, թե ինչպես են լճում անհոգ լող տալիս գեղանի կարապներն ու ծիծաղաշարժ բադիկները, ինչպես են երեխաները լողում իրենց նեղլիկ նավակներով, թե ինչպես են սիրահարները ձեռք ձեռքի բռնած ու գրկախառնված քայլում գունագեղ ծաղիկներով զարդարված արահետների միջով, թե ինչպես են նրանք քնքշորեն համբուրվում` իրենց անուշ համբույրներով ազդարարելով սիրո ու գեղեցկության տոնը: Նա շարունակում էր հիացական պատմել այգում տիրող ուրախ տրամադրության մասին, նկարագրել հեռվում նշմարվող գեղեցիկ ու մեծ քաղաքի լույսերը, քաղաք, որն արտացոլվում էր երկնի կապույտին` նկատելի երիզ թողնելով հորիզոնում: Մի անգամ պատուհանի մոտ պառկած հիվանդը, նույնիսկ, տեսավ ու հիացած պատմեց, թե ինչպիսի զվարթ շքերթ էր անցնում այգով, և թե ինչպես շքերթի ուրախ մասնակիցները եկան ու անցան հիվանդանոցի պատերի կողքով: ՈՒ թեև հեռվում պառկածի համար շքերթի ձայները լսելի չէին, սակայն նա կարող էր պատկերացնել այդ ամենը, քանի որ ընկերը նկարագրում էր շատ վառ, կենդանի կերպով, տպավորիչ բառերով:
     Այսպես անցան օրեր, շաբաթներ, ամիսներ: Մի օր, երբ բուժքույրը մտավ հիվանդասենյակ, որպեսզի ջրով լցնի նրանց լոգամանները, հայտնաբերեց պատուհանի մոտ պառկած հիվանդի անշնչացած մարմինը, նա մահացել էր խաղաղ ննջելու ժամանակ: Բուժքույրը շփոթվեց, հետո ուշքի եկավ ու կանչեց մյուս բժիշկներին, որպեսզի դուրս հանեն դիակը: Ընկերոջ կորուստը սգող մյուս հիվանդը, առաջին իսկ հնարավորության ժամանակ, խնդրեց բուժքրոջը, որպեսզի իր մահճակալը տեղափոխեն պատուհանի մոտ: Բուժքույրը չառարկեց, և նրան տեղախոխեցին ընկերոջ տեղը: Երբ հիվանդանոցի աշխատակիցները համոզվեցին, որ նա հարմար տեղավորվել է, լքեցին սենյակը` թողնելով նրան մենակ: Մեծ դժվարությամբ, ահավոր ցավեր զգալով, բոլոր ուժերը գործադրելով` հիվանդը մի կերպ ձգվեց դեպի պատուհանը, բարձրացավ, որպեսզի տեսնի՜, վերջապես տեսնի՜ արտաքին գեղեցիկ աշխարհը, որի մասին այդքա՜ն պատմել էր ընկերը: Սակայն երբ նրա դեմքը հասավ պատուհանին, հիվանդը ապշե՜ց, իր առջև պատ էր, այո՛, այո՛, պատուհանից այն կողմ դատարկ պատ էր: Հիվանդը քարացել էր, նա չէր հասկանում: Երբ բուժքույրը վերադարձավ նա հարցրեց, թե այդ ինչպե՞ս էր իր հիվանդ սենյակակիցը տեսնում ու նկարագրում պատուհանից այն կողմ եղած այդքա՜ն գեղեցիկ բաները: «Տեսնո՞ւմ, -զարմացած հարցրեց բուժքույրը, – ձեր մահացած ընկերը կույր էր, նա անգամ պատը չէր կարող տեսնել»: Հետո ավելացրեց. «Երևի նա այդպիսով փորձում էր ձեզ ոգևորել…»:
    
     Հետգրություն. Վիթխարի երջանկություն է մյուսներին երջանիկ դարձնելը` անկախ մեր վիճակից, անկախ ամեն ինչից: Կիսված թախիծը վշտի կեսն է միայն, իսկ կիսված երջանկությունը կրկնակի է, կիսելով այն մենք երջանիկ ենք դարձնում նաև մեկ ուրիշին: Եթե ուզում եք Ձեզ հարուստ զգալ, ապա հաշվեք այն ամենը, ինչը ձեռք եք բերել առանց գումարի, չէ՞ որ կան բաներ, որոնք փողով չի կարելի գնել:
    
     Պատմության թարգմանությունը (անգլերեն բնօրինակից) և գեղարվեստական մատուցումը` Առլեն Շահվերդյանի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3754 | 0 | 0
Facebook