Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ Անդրե զորավարի ու նրա բանակի, Կալինիկոս և Դոմետիոս վկաների հիշատակի օր

00:11, երեքշաբթի, 19 օգոստոսի, 2014 թ.

Սուրբ Անդրե զորավար


    

Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որ նահատակվել է քրիստոնեական հավատի տարածման և ծաղկման համար: Նա Կիլիկիայից էր և ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական՝ ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում՝ միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա:

Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ՝ հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում և Տյուրոսի կիրճում նահատակում բոլորին:
    
    

Սուրբ Կալինիկոս


    

Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր, որ իբրև ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում և քրիստոնեություն քարոզում: Երբ ձերբակալվեց և պարտադրվեց ուրանալ Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով՝ նահատակվեց:
    
    

Սուրբ Դոմետիոս


    

Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր: Լինելով բժիշկ՝ նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում թե՛ իր մասնագիտական գիտելիքներով և թե՛ իր հավատքի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա՝ դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի՝ նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր և բարեսեր հոգին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2424 | 0 | 0
Facebook