Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վաչե Սաֆարյան, Առասպելական Մինասը

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
15:43, կիրակի, 20 հուլիսի, 2014 թ.
    

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՄԻՆԱՍԸ

Ազատությունը... երկնային պարգև է:
     Սերվանտես

Տարիները մեզանից տարան ամեն-ամեն ինչ՝ ջահելություն, սեր, երազանք ու կարոտներ: Բայց չկարողացան առնել ու տանել Մինասին: Ամենազոր ժամանակը անզոր գտնվեց Մինասի պարագային: Ժամանակը հաշվի է նստում մեծերի հետ, պատկառում է մեծերից:
     Լինելով մեր ժամանակակիցը, նա մնալու է սերունդների ժամանակակիցը, որպես խիզախ, ըմբոստ-նահատակ արվեստագետ: 1975-ի փետրվարից հետո ամեն օր ու ժամ հեռանալով մեզանից՝ ավելի մոտեցավ մեզ. մեծացավ որպես մեր ալեհեր հայոց 4500-ամյա պատմության ժամանակակիցն ու հասակակիցը և մեկընդմիշտ դարձավ գալիք-անցյալ՝ որևէ պահի ներկա լինելու պայմանովՙ դառնալով մեր ժողովրդի հարստություններից մեկը: Վերհիշենք, որ թագավորական դինաստիաները հնում կոչում էին հարստություն:
     Առեղծվածային է նաև այն պարագան, թե ինչպե՞ս նա Մինաս դարձավ, Մինասը մնաց համատարած լրտեսության, համատարած լակեյության գորշ տասնամյակներում: Թե ինչքա՜ն խորն էին նրա արմատները հայրենի հողում՝ մինչև երկներ երկին, և ինչքան աներեր էր կանգնած այդ սրբազան՝ Նոյի տապանի երկրի հողին, որով զորանալով՝ արարեց ազգային, համամարդկային արժեքներ: Մինասը հայոց պատմության լուսավոր արարչագործություններից մեկն էր: Հայոց պատմությունը նրան արարել էր բանաստեղծական մեծագույն ներշնչանքով:
     Երանելի է այն մարդը, ով հանդիպել, ճանաչել ու հասկացել է Մինասին՝ հայոց գեղարվեստի դիցական երևույթներից մեկին՝ Մինաս Ավետիսյանին՝ Ավեի Կարոյի որդուն: Ես բախտ եմ ունեցել տասնամյակներ շարունակ լինել Մինասի առասպելի և ողբերգականորեն դաժան իրականության արանքում: Տարիների ընթացքում ես համոզվեցի, հասկացա, որ մարդկանց նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքն իմաստուն ու մեծ մարդու բարձրագույն մարդկային կամեցողություն է. բարին ընդ ձեզ: Նա անշահախնդիր ընկեր ու բարեկամ էր, որն իր սկզբունքայնության արգասիքն էր: Հազվագյուտ արժանիք մեր հաշվենկատ, խիստ գործնական դարում, ուր շահն ու շահամոլությունը խեղդում ու ոչնչացնում է բոլոր մարդկային, իդիլիկ, մաքրամաքուր հարաբերությունները: Ապրում էր, ապրեց հեթանոս դարերի ասպետին վայել անշահախնդիր ազնվությամբ:
     Նա եկավ և մեր գեղարվեստի անդաստանը հարստացրեց Մինաս անվամբ: Մեր գեղարվեստի տարեգրությունն ունեցավ Մինասյան տարիները, Մինասի ժամանակը: Երկրորդելով ասենք, որ Մինասի սկզբունքայնությունն ուղղակի տիտանական էր: Մինասը առաջադրեց և իրացրեց մարդկային բարոյականության և գեղարվեստի այնպիսի առաստաղ, բարձունք, որն անհասկանալի ու անըմբռնելի էր սոցիալիզմի-սոցռեալիզմի նվիրյալներին: Առաջադրանք, որը դարձավ իր ողբերգության, նահատակության պատճառն ու արագացուցիչը: Նա մեկն էր այն առասպելածիններից, որ կամովին բարձրացան այն խարույկի վրա, որի վրա դարեր առաջ բարձրացել էր Ջորդանո Բրունոն: Ինքնայրումի խարույկ, որն այսօր էլ մեզ հետ է և մեզ փրկում է մութից, խավարից, մարդկանց սառուցյալ անտարբերությունից:
     Եթե փորձենք բնութագրել Մինասի կյանքն ու գործը, ապա այն կարելի է որակել միմիայն Սխրանք՝ ամեն ինչ ասող հասկացությամբ: Նրա խիզախ սխրանքը սակավախոս էր. ոչ երբեք ինքնասիրահարվածի ցուցամոլություն: Սխրանքն ու խիզախումը համարում էր արվեստագետի, մարդկային պարտքի շատ սովորական պարտականության կատարում, ոչ երբեք անհարկի ցուցամոլություն, որով տառապում էր ժամանակի մակերեսային մտավորական կոչվածը: Մինասը մեծ գործեր արարելու, մեծավայել ապրելու, մեծավարի նահատակվելու համար էր աշխարհ եկել: Եվ ըստ ամենայնի՝ իրացրեց այդ սրբազան առաքելությունը:
     Մինասի նմանները և, հատկապես, Մինասը յուրատեսակ վտարանդիներ էին՝ իրենց իսկ երկրում: Պետական այրերը, աթոռաբնակները և իրենց մանկլավիկները նրանց վրա նայում էին որպես այլմոլորակայինների: Մարդկային երևակայությունը գերազանցող անմարդկայնությունից բացի ոչ մի բարոյական նորմ չճանաչող, մերկապարանոց, հարձակողական գաղափարախոսությունից զատ սիստեմի երկրում, ուր նորից ու կրկին խրախուսվում էր մատնությունն ու ստորաքարշությունը, մարդկային-ազգային արժանապատվություն ունեցող անհատականությունը, դեմքն ու նկարագիրը չկորցրած մարդը, իրոք որ այլմոլորակային պիտի համարվեր, և էր:
     Մինասը սոցիալիզմի ամենակուլ օվկիանոսում մի անպարտելի կղզի էր, որին չկարողացավ նվաճել և յուրացնել այդ աշխարհակուլ ցիկլոն-օվկիանոսը՝ սոցիալիզմի ցունամին:
     Մինասը կենդանի մարմնացումն էր ազատ, ինքնիշխան մարդու: Նախապաշարմունքից, պայմանականություններից, հաշվենկատությունից զերծ ազատությունն էր: Նա ազատության ոգին էր՝ Մինաս անվամբ: Ազատ էր, արդարամիտ, ասպետորեն շռայլ: Ամեն քայլափոխին զգացվում էր նրա ասպետական ոգու ազնվական շռայլությունը: Ամեն ինչ անում էր խղճի մտոք:
     Իր անսխալական դատավորն ու քննիչը իր խիղճն էր՝
     մաքուր, անաղարտ: Նրա նախաստեղծ էությանն
     առանձնահատուկ էր բնականությունը, պարզությունը:
     Պարզ, բայց ոչ երբեք հասարակ: Նա իր Աստծուն գտնում
     էր իր խղճի մեջ: Իր Աստվածն իր զուլալ, լուսեղեն սիրտն
     էր: Հայոց աշխարհի, հայրենի բնության ազատ զավակի
     հազվագյուտ-եզակի օրինակն էր: Այդ մաքրամաքուր և
     անբիծ ազատությունն էր, որ ոչ մի կարգի ստրկացման
     չենթարկվեց: Ստրկախտ, որով հիվանդ էին (անբուժելի)
     ժամանակի «խելոքները»: Բնածին և բացարձակ
     ստեղծագործական ազատությունը նրա հոգեկան
     հավասարակշռության մեծագույն երաշխիքն ու
     երաշխավորն էր: Ազատ անհատի, մեծ
     անհատականության նրա էությունը ոչ մի աննշան կապ ու
     հաղորդակցություն չունեցավ ամենուրեք իշխող,
     պարտադրվող հանրակացարանային, կոմունալ,
     զորանոցային մտածողության կապանքներին ու
     կանոններին՝ պետական մտածողության կաղապարին,
     պետական անմտությանը: Ազատությամբ
     պայմանավորված նրա մոլեռանդ սերը նրան դարձրել էր
     իր գործի անմնացորդ նվիրյալը, նկարչությանը
     ապավինած ասկետ: Նրա համար նկարելը, նկարչությունը
     ճակատագիր էր և ոչ թե աշխատանք: Եվ այդ
     արժանիքների շնորհիվ է, որ նմանները շատ բան են
     հավելում իրենցից առաջ եղած մեծությունների գործին:
     Մեծանալով մեծերի հետ՝ մեծացնում են և՛ իրենց, և՛
     մեծերին: Ասենք նաև, որ ազատությունը՝ մոր կաթի հետ
     անցած, որը դուրս է գալիս, վերջանում է միայն արյամբ,
     կրկնապատկում, բազմապատկում էր նրա խիզախ հայեցի
     սխրանքը:
     Առանց ազատության, բացարձակ ազատության անհնարին
     է պատկերացնել գեղարվեստ և գրականություն:
     Մեզանում շատերը առևտուր են անում պետական
     մեքենայի հետ՝ ազատության հաշվին, ասում էր Մինասը և
     հավելում՝ երկու ազատ գրող եմ տեսնում, որոնք
     առևտուր չեն անում՝ Պ. Սևակ և Հր. Մաթևոսյան, որոնց
     ընթերցելիս հասկանում ես՝ ինչ է գրականությունը և
     ազատ մտածողությունը, ազատության համն ես զգում քո
     բերանում և էությանդ մեջ: Եվ նորից ու կրկին համոզվում
     ես, որ միայն ազատ և անկաշկանդ մտածողության
     պայմաններում են ստեղծվում գեղարվեստական արժեքներ:
     Իսկ սովետական ժուռնալիստիկան գրականություն
     համարելը հնավաճառություն է, որը լայն տարածում ունի
     մեզանում, ինչպես Պ. Սևակը կասեր՝ թոնրատնային
     մտածողություն է:
     Մինասը խորհրդավոր, բազմախորհուրդ երևույթ էր: Մի
     երևույթ, որը անբացատրելի, անմեկնելի մնաց նկարչական աշխարհում և գաստրոնոմիական ուղեղով մտավորական կոչված պետական մեքենայի պտուտակ-վինտիկներին: Վ. Թեքեյանի օգնությամբ ասենք՝ «կրակն անոր չտեսան»:
     Նա մեր բոլորի նման էր, բայց մեզանից ոչ մեկը նրա նման չէր և չեղավ:

ՎԱՉԵ ՍԱՖԱՐՅԱՆ
     «Ազգ»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3220 | 0 | 0
Facebook