Ա. Ալիխանյանի ազգային լաբորատորիայում /Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/ տեղադրվեց ժամանակակից ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրը: Թերմո Էլեկտրոն Կորպորացիայի (Thermo Electron Corporation) /ԱՄՆ/ կողմից արտադրված ARL QUANT’X դիսպերսիվ ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրը ժամանակակից գործիք է, որի զգայությունը 10-100 ppm /յուրաքանչյուր միլիոնի համար/ է` Na մինչև U տարրերի վերլուծություններ: Սա ժամանակակից սարք է, որն արագ, բարձր արդյունավետությամբ կատարում է ցանկացած տեսակի նյութի` այդ թվում պինդ նյութերի, փոշու և հեղուկի բազմատարր ուսումնասիրություն: Ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրի բազմաթիվ կիրառությունների մեջ են մտնում` շրջակա միջավայրի, քիմիայի, հանքարդյունաբերության, հնագիտության, սննդամթերքի, էլեկտրոնիկայի և մետաղական արդյունաբերության ուսումնասիրությունները:
Այժմ ԵրՖԻ-ի մասնագետները մշակում են մեթոդներ սպեկտրոմետրի տարբեր կիրառությունների համար: Այս սարքը կծառայի հայ գիտական համայնքին և արդյունաբերությանը: Ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրի ձեռքբերման միջոցները տրամադրվել են Գիտությունների պետական կոմիտեի կողմից` որպես ենթակառուցվածքների համար նախատեսված հատուկ դրամաշնորհ: