Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր ամբողջ կուսակցությունը սպասում է՝ երբ է առաջադրվելու Գագիկ Ծառուկյանը. ԲՀԿ-ական պատգամավոր

12:46, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2012 թ.
Մեր ամբողջ կուսակցությունը սպասում է՝ երբ է առաջադրվելու Գագիկ Ծառուկյանը. ԲՀԿ-ական պատգամավոր

Քաղաքական կոնսուլտացիաները իրական են, մարդիկ քննարկում են, փորձում են գտնել ուղիներ, համագործակցության կետեր, որոնք հետո կօգտագործեն նախընտրական փուլում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ քաղաքական կոնսուլտացիաները նոր մշակույթի ձեւավորում է։ Թեւան Պողոսյանը վստահ է, որ հաջորդ անգամ նման քննարկումներ ծավալելիս հասարակությունը շատ ավելի տեղեկություններ կունենա դրանցից: Պատգամավորը շեշտեց, որ այդ քաղաքական կոնսուլտացիաներով հասարակությանը մոլորության մեջ գցելու գործընթաց չկա. մարդիկ քննարկում են թեմաներ, հարցեր, փորձում բանավիճել, համագործակցել եւ այլն:

«Նախագահական ընտրություններին պատրաստվելը եւ թեկնածու առաջադրելը իմիտացիոն գործընթաց չէ: Նույնիսկ այն ժամանակ, երբ արհեստականորեն թեկնածուների անուններ են առաջ քաշվում, պետք է հասկանան, որ իրենց եւ իրենց շրջապատի անունի հետ են խաղում», - ասաց Թեւան Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով՝ «Ժառանգությունը» նախընտրական պայքարի ընթացքում կենտրոնանալու է իր թեկնածուի եւ քաղաքական տեսլականը առաջ տանելու վրա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի, մասնակցեցին քաղաքական կոնսուլտացիաների, որոնք գաղափարական կամ բովանդակային քննարկումներ էին:

«Այստեղ իմիտացիա չկա, այսօրվա քաղաքական օրակարգից բխող քայլեր են, որոնք նպաստելու են երկրի առողջ քաղաքական դաշտի համախմբմանը: ԲՀԿ-ի առաջարկն ապահովելու է նոր պլատֆորմ քաղաքական ուժերի համախմբման համար», - ասաց նա: Առաջարակը վերաբերում է խորհրդարանական կառավարաման համակարգին եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարագին։

Վահան Բաբայանը նշեց, որ վերջին հարցումների համաձայն՝ ԲՀԿ-ն եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ունեն բացառիկ վարկանիշ, Գագիկ Ծառուկյանը առաջին տեղում է: Պատգամավորը չբացահայտեց հարցումների աղբյուրը՝ ասելով, որ որոշ լրատվամիջոցներում դրանք հրապարակվել են: Սակայն նա հիմնավորեց, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը առաջին տեղում: «Պարոն Ծառուկյանը շատ մեծ արժանիքներ ունի, շատ բան է արել ժողովրդի համար, մեր երկրում չկա մեկը, ով չճանաչի նրան իր լավ գործերի համար, նա աշխատում է, որ մարդիկ լավ ապրեն, լավ զգան իրենց եւ պաշտպանված լինեն, նրա արածները տեսանելի են», - ասաց Վահան Բաբայանը:

Անդրադառնալով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը՝ նա նշեց, որ «իրենց ամբողջ կուսակցությունը, տեղական կառույցները, ժողովուրդը սպասում է՝ երբ է առաջադրվելու Գագիկ Ծառուկյանը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3455 | 0 | 0
Facebook