Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վանաձորի ռեստորանում տարեդարձի և հոգեհացի միաժամանակյա նշումն ավարտվեց դաժան դանակահարությամբ

Laura Mkrtchyan
Հեղինակ`
Laura Mkrtchyan
13:16, չորեքշաբթի, 22 հունվարի, 2014 թ.
     Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Փիլոյանի գործի դատավարությունը:
     Դանակով դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու պահին Կարեն Փիլոյանն անչափահաս էր՝ դեռ 17 տարեկան:
     Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 23-ի սահմաններում Վանաձորի Լոռվա խճուղում գործող «Վանա նավակ» ռեստորանում Կարենի եղբայր Զորիկը իր ընկերների հետ նշել է ծննդյան օրը:
     Նույն ռեստորանում նույն օրը ու նույն ժամին մեկ այլ խումբ նստած է եղել սգո հացկերույթի:
     Խմբերը, ճիշտ է, նստած են եղել տարբեր առանձնասենյակներում, բայց մի խմբի ուրախությունը, լսած բարձր երաժշտությունն ու քեֆ-ուրախությունը անհարմար մթնոլորտ են ստեղծել հոր մահվան կապակցությամբ ընկերներին հենց այդ ռեստորանում հոգեհաց տվող Ա. Բաղդասարյանի ընկերախմբի համար:
     Ընդ որում՝ այս հոգեհացի վերաբերյալ ռեստորանը պատվեր էր ընդունել դեռ նախորդ օրը, սակայն հնարավոր է համարվել, որ հոգեհացին զուգահեռ ռեստորանի հարկի ներքո նաև երիտասարդի ծնունդ նշվի: Կարևորը, ըստ էության, հաճախորդ չկորցնելն է եղել: Բայց տարբեր տրամադրություններով ռեստորանում նստած խմբերի միջև առճակատում առաջանալուն ռեստորանում չեն խոչընդոտել, միայն դիտողություն են արել, որ չաղմկեն: Ուրախացողների պահվածքից ու սգացողների անվերջ դիտողություններից զայրացած մարդիկ դուրս են եկել ռեստորանի բակ՝ միմյանց հետ պարզաբանում կատարելու՝ փոխանակ պարզաբանում կատարեին ռեստորանի պատասխանատուների հետ՝ նման անհարմար իրավիճակ ստեղծելու համար:
     Ամբաստանյալ Կարեն Փիլոյանը եղբոր ծննդյան օրվա ուրախությանը հիմնականում չի մասնակցել: Նա տարիքով փոքր է եղել հրավիրյալներից, շուտ դուրս է եկել ռեստորանից ու գնացել տուն:
     Բայց ուշ երեկոյան եղբոր հետ հեռախոսազրույցից իմացել է, որ վերջինս ռեստորանի բակում կռվի մեջ է ընկել:
     Կարենն իրեն կորցրած՝ տնից դուրս է նետվել ու մի շնչով հասել ռեստորանի բակ՝ եղբորն օգնելու:
     Կռվողների մեջ նա տեսել է եղբորը: Անմիջապես նրա աչքին է զարնել այն, որ եղբոր «տոնական» սպիտակ, սպորտային հագուստը եղել է «ճղված ու կեղտոտ»:
     Կարենը տեսել է եղբոր հետ կռվողին, ով մեջքով է կանգնած եղել: Իր ասելով՝ եղբորը պաշտպանելու մղումով հանել է դանակը ու խփել եղբոր հետ կռվողին:
     Տուժողը հետ է քաշվել, կքանստել, իսկ Կարեն Փիլոյանը փախել է: Տուժողը նկատել է, որ արյունահոսում է, գնացել է հիվանդանոց:
     Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողին պատճառվել է գոտկային շրջանի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերք՝ առաջացնելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
     Ընդհանուր իրավասության դատարանում տուժողը կասկած է հայտնել, թե իր առողջությանը ծանր վնաս է պատճառվել, նա ասել է, թե իրեն լավ է զգացել:
     Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանը նշանակել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ մեկ անգամ ևս պարզելու համար տուժողի վնասվածքի ծանրության աստիճանը:
     Այս փորձաքննությամբ ևս հաստատվել է, որ տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Ըստ այդ եզրակացության՝ հասցված վնասվածքը՝ որովայնի խոռոչ թափանցող, աջ երիկամի վնասումով, դասվում է առողջությանը ծանր վնաս պատճառող վնասվածքների շարքին՝ կյանքի համար վտանգավորության հատկանիշներով:
     Տուժողը դատարանում խնդրել է ամբաստանյալի նկատմամբ որքան հնարավոր է՝ մեղմ վարվել, քանի որ նա երիտասարդ է:
     Դատարանը հաստատված է գնահատել Կարեն Փիլոյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Հաշվի է առնվել, որ Փիլոյանը հանցանքի կատարման պահին եղել է անչափահաս, ներկայացել է մեղայականով:
     Կարեն Փիլոյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, ապա համաներման կիրառմամբ ազատվել է պատժի կրումից:
Աղբյուրը` BlogNews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4622 | 0 | 0
Facebook