Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Հանրային Ռադիոյի հյուրը` Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախստանի «Ակտոբե» -ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն է:

HAYKUHI BABAKHANYAN
Հեղինակ`
HAYKUHI BABAKHANYAN
22:34, չորեքշաբթի, 08 հունվարի, 2014 թ.

-Ողջույն Ռոբերտ:
     -Ողջույն:
    
     -Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել ֆուտբոլով: Եվ ինչո՞վ է գրավել ձեզ այս սպորտաձևը:
    
     -8 տարեկանից եմ սկսել ֆուտբոլով զբաղվել: Հիշում եմ, որ դպրոցում եկան և ասացին, թե ո՞վ է ցանկանում ֆուտբոլով զբաղվել: Դե, ես էլ եղբորս նայելով, սկսեցի հաճախել ֆուտբոլի:


     -Իսկ ե՞րբ հասկացաք, որ հենց ֆուտբոլն է ձերը:
    
     -Դե բակից սիրել եմ, բայց հասկացա, որ իմ աշխատանքն ու մասնագիտությունն է, երևի` 17 տարեկանից:
    
     -Կպատմե՞ք մի քիչ ձեր ֆուտբոլային կարիերայի մասին:
    
     -Իմ ֆուտբոլային կարիերան ամբողջ կյանքում Փյունիկում է անցել: Մինչև 2008 թվականը այնտեղ եմ խաղացել: 2008թ.-ի հունվարին տեղափոխվել եմ Դանիական «Ռանդերս» , և այնտեղ հանդես եկել 3 տարի: Այնուհետև տեղափոխվեցի Լեհաստան և 1.5 տարի Լեհաստանում խաղացի: Հետո 4 ամիս Ռուսաստանում, և հիմա էլ Ղազախստանում:
    
     -Վերջերս դուք չեմպիոն դարձաք Ակտոբեի կազմում: Կպատմե՞ք ձեր զգացողությունների մասին: Ինչպե՞ս նշեցիք չեմպիոնությունը:
    
     -Շատ լավ էմոցիաներ կային: Չնայած, որ Փյունիկի կազմում 5 անգամ դարձել էի չեմպիոն: Բայց սա ուրիշ էր, որովհետև շատ ծանր պայքարում դարձանք չեմպիոն` վերջին պահին հավասարեցնելով հաշիվը: Այդ պատճառով, մի քանի օր նշում էինք չեմպիոնությունը:
    
     -Ժամանակին մեր հավաքականի ամենաերիտասարդ պաշտպանն էիք, իսկ հիմա ամենատարեցը: Ի՞նչ եք այժմ գզում: Արդյո՞ք պատասխանատվության զգացումը մեծացել է:
    
     -Ոչ թե տարիքի համար, այլ այն, որ ես արդեն երկար եմ խաղում հավաքականում, այդ առումով է, որ պատասխանատվությունը մեծանում է: Հիշում եմ, որ 15 տարեկան էի, նոր էի խաղում հավաքականում, երիտասարդ էի, հիմնականում 30-35 տարեկան տղաներ էին, հաճույք էի ստանում խաղից` մտածելով, որ, եթե սխալվեմ, նրանք կուղղեն սխալս: Բայց հիմա սխալվելու իրավունք չկա, նամանավանդ, որ իմ դիրքն այնպիսին է, որ մեկ սխալն արդեն ճակատագրական է:
    
     -Ձեզանից երիտասարդներին խորհուրդներ տալի՞ս եք:
    
     -Ոչ միայն երիտասարդներին, այլև նորեկներին: Խաղընկերոջը միշտ էլ պետք է խորհուրդ տալ: Երիտասարդներին առավելևս, որպեսզի շուտ և արագ մերվեն թիմին:
    
     -Եթե որդի ունենաք, կցանկանա՞ք, որ նա անցնի ձեր անցած ուղով՝ իր դժվարություններով և փորձություններով հանդերձ:
    
     -Դժվարությունները ֆուտբոլիստին ավելի է կոփում: Եվ այդ դժվարությունները հաղթահարելով` ավելի շատ ես գնահատում հաջողությունները: Կողմ կլինեմ, եթե ցանկանա ֆուտբոլիստ դառնալ, բայց չեմ ստիպի:
    
     -Ֆուտբոլը ամենատարածված սպորտաձևերից մեկն է համարվում: Ի՞նչ խորհուրդներ կտաք սկսնակ ֆուտբոլիստներին:
    
     -Դե, որ սիրեն, հաճույքով զբաղվեն: Քանի որ, եթե հաճույքով չանես` երբեք հաջողությունների չես հասնի: Եվ, ամենակարևորը, որ շատ աշխատեն, որովհետև աշխատանքի դեպքում, եթե շատ տաղանդավոր չես, հնարավոր է այդ բացը լրացնել, և մեծ ֆուտբոլիստ դառնալ:
    
     -Երբ- որ ունեիք մանկական երազանքներ, Ամանորի երազե՞լ եք Ձմեռ պապից ֆուտբոլի գնդակ ստանալ կամ հանդիպել ձեր սիրելի ֆուտբոլիստի հետ: Արդյո՞ք ձեր մանկության երազանքները իրականություն են դարձել:
    
     -Ոչ: Այդպիսի երազանքներ չեմ ունեցել: Ես, ինչքան հիշում եմ, շատ շուտ հասկացա, որ Ձմեռ պապ չկա: Երևի եղբորս պատճառով, որովհետև նա ինձնից երկու տարի մեծ էր և շատ խելացի: Նա մոտ 5 տարեկանում հասկացավ, ես էլ 3 տարեկան էի, և այդ տարիքից չենք հավատում, բայց երազանքներ, որ լավ ֆուտբոլիստ դառնամ և լավ թիմում հանդես գամ` միշտ էլ եղել են:
    
     -Փոքր տարիքում սիրելի ֆուտբոլիստ ունեցե՞լ եք:
    
     -Ժամանակի ընթացքում փոխվել են: Հիշում եմ, որ սկզբնական շրջանում բրազիլացի Ռոնալդոն էր: Հետագայում` Զիդան, այժմ` Մեսսի:
    
     -Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ ունեցաք 2013 թվականին:
    
     -Այս տարի ավելի շատ ձեռքբերումներ եղան: Չնայած, որ Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ Աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել: Իմ թիմի կազմում չեմպիոն դարձա: Նաև այն, որ անձնական վնասվածքներ ստացա: Բայց, եթե կշեռքի նժարին դնենք` ավելի շատ ձեռքբերումներ եղան, քան բացթողումներ:
    
     -Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014 թվականից:
    
     -Ամենակարևորը առողջություն, որովհետև, եթե մարդ առողջություն է ունենում, կարողանում է լավ աշխատել և հաջողություններ ունենալ:
    
     -Ո՞րն է ձեր հաջողության գրավականը:
    
     -Ճիշտն ասած` չեմ մտածել այդ ուղղությամբ, թե որն է իմ հաջողության գրավականը: Բայց, երևի աշխատասիրությունը:
    
     -Ո՞րն է եղել ձեր կյանքի ամեախորհրդանշական Ամանորը:
    
     -Երևի` փոքր ժամանակ, որ բոմբեր էինք պայթեցնում: Բոլոր Նոր Տարիներն էլ շատ լավ են անցել: Չեմ կարող ինչ-որ մեկը առանձնացնել:
    
     -Փաստորեն` փոքր հասակում չարաճճի եք եղել:
    
     -Այո, դե բակում մեծացած բոլոր երեխաների պես չարաճճի եմ եղել:
    
     -Ի՞նչ կմաղթեիք մեր ռադիոլսողերին` Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
    
     -Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն և հաջողություն:
    
     -Շնորհակալություն: Մենք էլ ձեզ մաղթում ենք առողջություն, առանց վնասվածքների տարի, բազում հաղթանակներ և նոր առաջընթացներ: Եվ հիշեցնում, որ Հանրային Ռադիոյի հյուրն էր` Հայաստանի ազգային հավաքականի ու Ղազախստանի «Ակտոբե» -ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Իսկ հարցազրույցը պատրաստել էր Հայկուհի Բաբախանյանը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5037 | 0 | 0
Facebook