Ուռաա՜ա…Ուռաա՜ա…Ուռաա՜ա…
Ուզում եմ լսել այն քննադատ երկրպագուներին, ովքեր ընդամենը 5 օր առաջ հեղեղել էին բոլոր սոց-կայքերը իրենց քննադատություններով, երբ Հայաստանը Մալթային պարտվել էր 1-0 հաշվով: Իսկ հիմա ի՞ նչ կասեք «սիրելի» երկրպագուներ: Ու՞ ր են ձեր քննադատությունները: Հիմա էլ կարող եք ասել, որ մեր հավաքականը վատն է, մարզիչը պետք է հրաժարական տա, որ Մխիթարյանն ու Օզբիլիսը միայն իրենց ակումբներում եմ լավ հանդես գալիս ու գոլերի հեղինակ դառնում:
Լավ, իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ երեկվա խաղին: Մեր հավաքականը ջախջախիչ հաշվով (4-0) հաղթանակ տոնեց խմբի ուժեղագույն հավաքականներից մեկի` Դանիայի ընտրանու նկատմամբ: Մեր տղաները ուղղակի փայլում էին խաղադաշտում: Չհաշված մի քանի թերությունների` հավաքականը իդեալական հանդես եկավ: Մենք երեկ տեսանք այն հավաքականին, որին արդեն մի քանի խաղ է` ինչ չէինք տեսնում: Առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը, ում հիանալի խաղը, վաղուց է` ինչ չէինք տեսել: Արագ գոլը մեզ օգնեց ավելի վստահ խաղալ, իսկ դանիացիները հակագրոհների նետվեցին, ինչի արդյունքում Արաս Օզբիլիսը 19-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը` այն դարձնելով 2-0: Թվում էր, թե տանտերերը ընդմիջումից հետո պետք է միայն գրոհեին. նրանք գրոհում էին, մենք` ավելացնում հաշիվը: 59-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը (3-0): Իսկ 82-րդ րոպեին մենք տեսանք մեր առաջատար Հենրիխ Մխիթարյանի հերթական գլուխգործոցը` 4-0: Ամբողջ Պարկեն մարզադաշտը ցնծում էր: Նույնիսկ դանիացի երկրպագուները ծափողջուններով էին ճանապարհում մեր տղաներին: Ահա, թե ինչ կարող են անել մեր տղաներն ու մեր մարզիչները: Իսկ Մալթայից կրած պարտությունը ուղղակի պատահականություն էր: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել նույնիսկ Դանիայի պես հավաքականին: Այս խաղը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք կարողանում ենք խաղալ, եթե չենք լինում ֆավորիտի կարգավիճակում: Մեզ պետք է այսպիսի Յուրա Մովսիսյան, ով միշտ միտված է գրոհի, մեզ պետք է հավաքականի ուղեղ Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև սառնասիրտ Արաս Օզբիլիս: Մեզ պետք են այսպիսի ֆուտբոլիստներ, այսպիսի պաշտպաններ, այսպիսի մարզչական կազմ…Նման խաղեր տեսնելով` մենք չենք կարողանում համակերպվել այն մտքին, երբ պարտվում ենք մեզանից շատ ցածր խաղամակարդակով թիմերին: Կարծում եմ` Մալթայից կրած պարտությունը սթափեցրեց մեզ, և ստիպեց ցուցադրել այն ֆուտբոլը, որը բնորոշ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ…Կեցցե՛ք, տղաներ. Մենք հպարտանում ենք ձեզնով…