Կանգնել եմ ահա պայթյունավտանգ մի սիրո դիմաց,
Ահ կա պայթյունի, բայց չկա սիրուց փախչելու բնազդ,
Սիրել եմ, հաճախ, սիրվել հազվադեպ,
Սիրվել եմ ստով, ապրել բնազդով:
Պայթյունավտանգ սեր չեմ ունեցել,
Երբ թե պայթում է, հոգու մեջ միայն,
Պայթում է ինչպես կպայթի հյուլեն,
Սերս կոչելով սեր ատոմային,
Պայթյունավտանգ ու վտանգավոր:
Եվ սերս, գիտեմ, կպայթի մի օր
Ինչպես պայթում է բողբոջը գարնան,
Կյանքը սիրելու անհագ ցանկությամբ:
Կպայթի ինչպես արևն է պայթում,
Ամեն-ամեն օր մարդկային ցեղին լույս տալու համար:
Կպայթի ինչպես ամպրոպն է պայթում,
Լիցքերի ահեղ մի հանդիպումից,
Լիցքերը մենք ենք…
Ոչ բացասկան, ոչ էլ դրական,
Այլ երրորդ բևեռ…
Սիրո մի բևեռ, որ չունի անուն,
Պայթում է ամեն շշուկից նույնիսկ,
Անզգույշ մի խոսքից, նույնիսկ հայացքից:
Պայթում է նույնիսկ ծածուկ երազից:
Բացում է հոգուդ մեղքերը բոլոր,
Մատնում է սրտիս կրքերը բոլոր,
Պայթյուն է դառնում մի ատոմային,
Եվ մերկ ջերմության փոխակերպումից վերածվում լույսի:
Բայց ոչ մեզ համար,
Մենք չունենք կարիք …
Մենք միշտ խավարի սիրտն ենք որոնել,
Փնտրել լռության չգրված նոտան,
Որ այնտեղ պայթենք:
Արև տանք նրանց, ով չունի արև,
Եվ երգ տանք նրանց, ով ձայնն է կորցրել:
Սակայն սիրելիս մենք չունենք արև,
Մեր սիրո հիմնը մահն է միշտ երգել:
Տվել ենք արև, և ազատության երգին մեղեդի…
Կանգնել եմ ահա պայթյունավտանգ մի սիրո դիմաց,
Եվ թե պայթյունը սեր է սփռելու համայն աշխարհում, բայց ոչ մեր սրտում,
Իզուր է պայթում, զի ամեն պայթյուն խոլ պատերազմի խորհրդանիշն է,
Մեր պատերազմում հաղթող չի լինի, քանզի ես քեզ եմ խնայում լույսով,
Եվ դու ես ինձ միշտ փարատում հույսով…
© Արարատ Բայազետցի