Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ"...

Vladimir
Հեղինակ`
Vladimir
23:23, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2012 թ.
"ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ"...

Միացյալ Նահանգներում այսօր նախագահ ընտրեցին: Ընտրեցին միջնորդավորված, մեզանից շատ ու շատերի համար անընկալելի կերպով: Այո, Հայաստանում /ինչպես նաև հետխորհրդային այլ երկրներում/ շատերի համար սա անիմաստ բեմականություն է, որ քողարկում է "աշխարհակալական մութ" ուժերի իրական խաղը: Մի խոսքով` աճպարարություն, որ ոչինչ էլ չի փոխելու… Ասում են թե ԱՄՆ նախագահների փոփոխությունը լուրջ ազդեցություն չի ունենում այդ երկրի քաղաքականության վրա: Նշվածի պատճառը մերոնք գտնում են ոչ թե այդ երկրի պետական համակարգի կայացած լինելու մեջ, այլ առավելապես նրանում, որ այդ երկիրը իրականում կառավարվում է չգիտես ում կողմից, բաց ոչ հանկարծ պետական մարմինների...


    

Մի կողմ թողնելով այս երկրի արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը, չթերագնահատելով աշխարհում առկա շատ ու շատ խմբերի ու միությունների ազդեցությունները, ամենայն սթափությամբ գիտակցելով, որ բոլոր հասարակություններում և պետական կարգերում, բոլոր ժամանակներում խնդիրներն ու փողիշխանության մարդկային տենչանքը անխուսափելի են, այնուամենայնիվ մեկ անգամ պետք է ճանաչել, որ կան պետություններ ու հասարակություններ հաջողած և հակառակը` ձախողած:


    

Հաջողածի կամ ձախողածի թեսթը ես տեսնում եմ պետության` մարդուն ծառայելու արդյունավետության մեջ: Այս գաղափարի հենքը մարդու ազատությունն ու արժանապատվությունն է: Այն ամենը ինչ դասվում է սրանից վեր, իմ խորին համոզմամբ սին է. դատարկաբանություն` ուղղված հպատակների խոնարությունը պահպանելուն:
    
     Մարդուն ծառայելը, նրա արժանապատվությունն ու ազատությունը առաջնահերթություն համարելը անշուշտ, ոչ միայն դեմ չէ, այլ հիմքն է այնպիսի վեհ արժեքների, ինչպիսիք են ազգային միասնականությունը, կրոնը, ավանդական բարոյական կարգերը և այլն: Սակայն, նշվածը կարող է ծնել միմիայն մարդու ազատության ու արժանապատվության անառիկությունը:


    

Մեր զավեշտը կայանում է նրանում, որ մենք` չհավատալով մեր սեփական անձին, մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ արժեք ենք և, որ արդարություն լինում է կյանքում, սարկազմով լցված անհավատի բարդույթով լցված դատափետում ենք այլոց: Մեր հավատը կորցրաց` ընկել ենք ուրիշների հետևից… Կյանքն այլևս առանց ինտրիգների, կեղծիքի ու մութ գործարքների չենք պատկերացնում… Սա կենսակերպ է դարձել… մեզ երկար և արդյունավետ սնուցել են այս բարդույթը…
    
     Առաքինին, ճշմարիտը, հավատը փոխարինվել են բացարձակ անհավատությամբ, խորտակիչ կույր հպարտանքով, լիակատար անվստահությամբ մարդկային վեհ արժեքների հանդեպ... Սա բնական երևույթ է, քանի որ մարդկանց մեծամասնությունն էությամբ փոփոխական է և այդ փոփոխականությունը որպես կանոն պայմանավորված է իշխանակիրների և հոգևոր հայրերի բարքերով ու բարոյական նկարագրով...


    

Այո, Հաջողածների թիվը քիչ է: Քիչ է, քանզի "Հաջողած" եզրույթը ոչ թե լավ բախտ է ենթադրում, այլ պարզ պատրաստակամություն ենթարկվելու իրավունքին, անհաշտ պայքար` արդարության և ազատության հաստատման ու պահպանման համար…


    

Այսօր մեր իշխանակիր խումբն* իրեն պաշտոնապես ազգակենտրոն և միասնականության գաղափարակիր է համարում… Սխալ բարքերի դեմ պայքար է հռչակել…


    

ՍՈՒՏ Է պարոնայք, ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ…


    

Ես հավատում եմ, որ Աստծո կողմից ստեղծված ենք երջանիկ լինելու հավասար իրավունքով,


     Ես հավատում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը;


     Հավատում եմ, որ իմ հասարակությունը դեռ ամբողջապես չի կորցրել ճշմարտությունը տեսնելու ցանկությունը,


    

Հավատում եմ, որ փոխվելու եք: Փոխվելու եք ոչ թե որպես անձինք, այլ չեք լինելու իշխանություն, և իշխանությունն էլ այսպիսին չի լինելու` ի հակառակ հարատևության ձեր պատկերացումների…


    

ՓՈԽԵԼՈՒ ԵՆՔ:
     ՓՈԽՎԵԼՈՒ ԵՔ, ՀԵՆՑ ԱՅՍ ՀԱՎԱՏՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ…


    

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՈՒՆԱԿ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՋՈՂԵԼՈՒ…


     Տիգրան Նահապետյան
    
    

*Իշխանական խմբում են բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ նպաստում բարձրագույն իշխանակիրների և այս համակարգի լինելիությանը…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4048 | 0 | 0
Facebook