Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

նկարիչը.../մաս երկրորդ/ /վիպակ/

Bayazetci Studio
Մամուլի խոսնակ`
Bayazetci Studio
23:40, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2013 թ.
    
Նա սիրում էր պատուհանից նայել դուրս ու ծխել, կանգնում էր փակ պատուհանի առաջ ու մի քանի ժամ շարունակ նայում պատուհանից դուրս: Մի օր սովորականի պես մտա սենյակ, որ վերցնեմ դատարկ գինու շիշն ու մաքրեմ ձայնապնակը փոշուց, ի դեպ նա թույլ էր տալիս մաքրել միայն ձայնապնակը, նա կանգնել էր պատուհանի առաջ ու խոսում էր ինքն իրեն, ես մտածեցի թե ինձ է դիմում. «չլսեցի, ինչպե՞ս…» , նա կարծես սթափվեց, մի պահ չգիտեր թե ինչ անի սիգարետի մնացորդը, հետո նայեց ինձ ու ասաց. «դու պատուհանից դուրս նայե՞լ ես…» , ես պատասխանեցի. «երբեմն, եթե ազատ եմ լինում, նայում եմ …»: Նա ժպտաց. «որքան գեղեցիկ է կյանքը… հն այդպես չէ՞…» , ես փորձում էի գտնել պատասխան, բայց նա նորից խոսեց. «Աստված փրկիր սրբերից…»: Ես ոչինչ չգտա ասելու ու դուրս եկա սենյակից: Հաջորդ օրը նա չգնաց գինու ետևից, փոխարենը վեց բաժակ կոնյակով թեյ խմեց օրվա ընթացքոմ: Նա չափազանց քիչ էր ուտում, քիչ էր քնում և ես միշտ տեսնում էի նրան մտածելիս՝ կանգնած պատուհանի դիմաց, կամ կտավի առաջ:
Երեկո էր, թակեցի սենյակի դուռը ու մտա սենյակ, նա նստած բազմոցին նայում էր իր նոր նկարին, ինչպես միշտ նկարը ծածկված էր միայն սևով, իսկ նա, նա նույնպես սևի մեջ էր, թույլտվություն հարցերի, որ գնամ, բայց թույլ չտվեց, սենյակից դուրս էի գալիս ու դռների մեջ ձայնեց. «ես այսօր երկար եմ աշխատելու, մնա …»: Տեղավորվեցի խոհանոցի բազմոցին ու նայում էի բոցկլտացող վառարանին, եկավ, նստեց կողքիս, հանեց սիգարետն ու սկսեց ագահաբար ըմբոշխնել: «Դու գիտե՞ս թե որն է նկարչի ամենամեծ սխալը…» առանց հայացքը թեքելու հարցրեց, ու չսպասեց պատասխանի. «մենք չափազանց անկեղծ ենք ու չափազանց ճիշտ ենք ապրում... այ եթե ես խաբել իմանայի, միգուցե ապրեի պալատում, միայն թե խաբել իմանայի…»: Իհարկե ինձ միայն մի հարց էր տանջում ՝ թե ինչ է նա նկարում: Համարձակվեցի նորից հարցնել՝ պատասխանեց. «ես նկարում եմ մարդու խղճին հավասար մի բան, ես նկարում եմ այն, ինչը երբեք մաքուր չէ…» , ասաց ու հեռացավ իր սենյակ, դռների մեջ թեքվեց դեպի ինձ. «կարող ես գնալ… վաղը հանգստացիր, մյուս օրը նույն ժամին»:
Մաքրում էի խոհանոցի պատուհանը, երբ տեսա թե ինչպես նա ֆուտբոլ է խաղում բակի երեխաների հետ: Զարմանքս անչափելի էր, նա նկատեց ինձ ու շտապեց տուն: Տուն մտնելուն պես զայրացած նայեց ինձ ու ատամները զայրույթից կրճտացնելով գոռաց. «նրանք անկեղծ են, անկեղծ են, բայց տարիները նրանց կկործանեն, կկործանեն ինչպես բոլորին..» և դրմփոցով փակեց սենյակի դուռը: Ես նրան զայրացած հազվադեպ էի տեսնում:
Հաջորդ առավոտ, երբ փորձեցի մտնել նրա սենյակ՝ դուռը փակ էր: Անցա իմ գործին ու չնկատեցի թե ինչպես անցավ օրը: Երեկոյան նա դուրս եկավ սենյակից, տվեց դատարկված ներկամանն ու ասաց. «այսօր կեղտոտելու եմ վերջին կտավը, ներկն էլ վերջացավ…գնա ներկի ետևից…» ու տվեց ինձ երկու դոլլար: Երկու ժամից վերադարձա տուն, թակեցի նրա սենյակի դուռը, լսվեց նրա ձայնը . «դիր դռան դիմաց ու գնա … շնորհակալ եմ»:
Օրն ամպամած էր ու Լոնդոնի փողոցներում ծանր քողի պես նստած էր շաղը: Չէր նշմարվում գիշերվանից հետո վառ մնացած լապտերների լույսը թանձր օդի պատճառով: Սառն էր մթնոլորտը Լոնդոնի փողոցներում: Հասա տուն, թակեցի նրա սենյակի դուռը, չպատասխանեց, արդեն սովորական դարձած օրակարգով անցա իմ գործին: Նա նույնիսկ դուրս չեկավ գինու ու սիգարետի ետևից:
Սպասեցի մինչ երեկո, նա ոչ կանչեց ինձ և ոչ էլ դուրս եկավ սենյակից, գործերն ավարտելուն պես նորից թակեցի սենյակի դուռը՝ նորից լռություն: Տարօրինակ լռությունն ինձ սկսեց վախեցնել՝ բացեցի դուռն ու տեսա դռան դիմաց դրված կտավը՝ բոլորովին սև ներկված, և տեսա նրան՝ կարծես աշնան տերև, որը վերջին ճիգերն է գործադրում ճյուղից չպոկվելու համար ու մահաբեր ձյունն է իր սառնությամբ պարուրում տերևին, որը գարնան հետ իհարկե չի կենդանանալու: Նրա անէացած մարմինը կիսախավար սենյակում առավել վտիտ էր երևում, իսկ ձեռքերը մինչև արմունկները ներկի մեջ էին, ալեխառն մազերը ծածկել էին դեմքը, իսկ եթե չծածկեին, ապա իհարկե նրա հայացքը ինչպես միշտ մտածող էր: Ես մեխվել էի տեղումս ու լուռ նայում էի: Իրավիճակն հասկանալու համար մի քանի վայրկյան էր հարկավոր, բայց ես երկար կանգնեցի:
Դուրս վազեցի տնից, գիշերային պահակախումբն արդեն անցել էր ծառայության, պատմեցի նրանց կատարվածը ու նրանց հետ միասին հասանք տուն, ոստիկանները դուրս բերեցին նրա դին, իսկ ինձ հրավիրեցին ոստիկանության բաժանմունք: Հաջորդ օրն առավոտյան պահակախմբի պետն ազատ արձակեց ինձ ու տվեց Ռենդալի հետմահու նամակը: Իրավիճակն ստիպում էր արտասվել, բայց աչքերսչոր էին՝ ինչպես և հոգիս: Բացեցի ներկոտված նամակը.
«Սիրելի Կառլին, իմ ծառա, իմ ընկեր, իմ միակ ծանոթ, գիտեմ, հիմա դողացող ձեռքերիդ մեջ բռնել ես այս թղթի կտորն ու քեզտանջում է միայն մեկ հարց՝ …
    
     շարունակելի
    
     Արարատ Բայազետցի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4615 | 0 | 0
Facebook