Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նշեցին անվանի երկրաբանի 100-ամյակը

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
17:32, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2013 թ.

Օրերս ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, տնօրեն Գայանե Գրիգորյանի ղեկավարությամբ, կազմակերպել էր հուշ- ցերեկույթ՝ նվիրված վաստակաշատ երկրաբան Արմենակ Եզեկի Քոչարյանի ծննդյան 100-ամյակին:

Միջոցառմանը հրավիրված էին անվանի գիտնականներ, Բնապահպանության, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներ, ԱՄՆ եւ Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներ, ՀՀ սեյսմոլոգիայի եւ երկրի ֆիզիկայի ասոցիացիայի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, անվանի գիտնականի հարազատները, ուսանողներ եւ այլոք:

Միջոցառումը բացելու համար թանգարանի կողմից հրավիրվել էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի նախկին տնօրեն, Հրաբխականության եւ երկրի ընդերքի քիմիայի միջազգային ասոցիացիայի անդամ, Հայաստանի երկրաբանական ընկերության նախագահ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ Ռուբեն Ջրբաշյանը, ով էլ ներկայացրեց Արմենակ Քոչարյանի կենսագրությունից մանրամասներ: «Արմենակ Քոչարյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում 1913 թվականի հոկտեմբերի 15-ին: Դեռ մանուկ տարիներին Արմենակը սիրել է Լոռվա գեղեցիկ բնությունը եւ որոշել է դառնալ բնախույզ՝ իրեն նվիրել երկրաբանությանն ու լեռնային գործին: Ավարտելով Թիֆլիսի անդրկովկսայան երկրաբանական-հետախուզական տեխնիկումը՝ մեկնել է Ճիաթուրիի մարգանեցի հանքավայր: 1935 թվականին ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: Արդեն 1945 թվականին ավարտել է հետազոտական աշխատանքը եւ ստացել երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»:

Ժամանակակիցների կողմից Քոչարյանի գործունեության բուռն տարիներից առանձնացվեցին «Գրոմովյան» արշավախմբում աշխատանքի տարիները, երբ նա մասնակցել է գաղտնի ուսումնասիրությունների՝ ուրանի հանքավայրերի բացահայտմանը: Արդեն 1961թ.-ից մինչեւ կյանքի ավարտը Ա. Քոչարյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ ինստիտուտի տնօրենի, փոխտնօրենի պաշտոններում: 1970 թվականին ստացել է գիտությունների դոկտորի աստիճան:

Երկրաբան գիտնականի որոնումների եւ ստեղծագործության բնագավառը եղել է ընդարձակ եւ բազմազան: Նա զբաղվել է Հայաստանի հանքային հումքի տարբեր տեսակների ուսումնասիրությամբ, դրանց օգտագործման հեռանկարային հարցերով: Գիտնականը զգալի ներդրում է ունեցել հանրապետությունում հազվագյուտ տարրերի հանքավայրերի բացահայտման, տարածման եւ գնահատման գործում: Նրա գործունեության ամենաբնորոշ կողմը երկրաբանության տեսական եւ գործնական հարցերի միասնությունն է եղել, դրանց խոր գիտական վերլուծությունը:

Անվանի երկրաբանի մասին խոսեցին նաեւ նրա ժամանակակիցները՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ե գ.դ Ռաֆայել Լեւոնի Մելքոնյանը եւ Արմենակ Քոչարյանի հետ ամենաերկարը աշխատած, օգտակար հանածոների բաժնի աշխատակից ե.գ.թ Շավարշ Ամիրյանը, որոնց հուշերում Քոչարյանը տպավորվել է որպես անսահման բարի, համեստ եւ համբերատար անձնավորություն, որպես մեծ գիտնական, ով ունի 40-ից ավել տպագրած աշխատություն, 200-ից ավելի հաշվետվություններ, գրախոսություններ եւ այլ նյութեր: Նրանք շատ ջերմ արտահայտվեցին երկրաբանի մասին՝ հիշելով նրա ներդրումները գիտության պատմության եւ հայերենի տերմինաբանության բնագավառներում:

Առանձնահատուկ հիշեցին նաեւ մանկավարժության մեջ նրա ունեցած ձեռքբերումների եւ այն հարգանքի մասին, որ ուսանողները տածել են սիրելի դասախոսի հանդեպ: Շուրջ երկու տասնամյակ Արմենակ Եզեկի Քոչարյանը դասախոսել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում՝ պատրաստելով ՀՀ երկրաբանական ծառայության ոլորտում բազում առաջատար մասնագետներ:

Միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը, ով շնորհավորեց ներկաներին, անվանի երկրաբանի հարազատներին՝ Արմենակ Եզեկիչի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով որ մեր երկիրը, մեր հանրապետությունը հարուստ է նման անհատներով, ովքեր իրենց անփոխարինելի ներդրումն են ունեցել թե՛ երկրաբանական գիտության զարգացման գործում եւ թե՛ ինստիտուտի պատմության զարգացման գործում:

Միջոցառման ավարտին թանգարանի աշխատակիցներ Սեդա Ավագյանի եւ Անուշ Գրիգորյանի կողմից ներկայացվեցին հուշեր գիտնականի կյանքից, ընթերցվեցին Արմենակ Քոչարյանի հեղինակային ստեղծագործություններից:

Միջոցառումն իր գեղեցիկ ելույթներով ամփոփեց թանգարանին կից գործող «Արտ Վոկալ անսամբլն» ՝ Առնո Բարխուդարյանի ղեկավարությամբ:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3640 | 0 | 0
Facebook