Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ովքե՞ր են Անի Երանյանի, Էմիլ Գալստյանի և Անաիս Սարդարյանի առաջին սերերը

Six Product HD
Հեղինակ`
Six Product HD
17:46, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2013 թ.
     Դպրոցական հուշեր… սրանք յուրօրինակ են ոչ միայն աշակերտական հետաքրքիրպատմություններով, այլև մեր առաջին սիրահարվածությամբ, սրտի թրթիռով:) Առաջինսեր… Այս անգամ որոշել ենք թափանցել հայտնիների հոգու խորքերն ու նրանց ստիպելվերհիշել իրենց առաջին սիրուն:)
    
     ___________________________________________________
    

Անաիս Սարդարյան. «Մինչև հիմա փնտրում եմ նրան…»

Դերասանուհի Անաիս Սարդարյանի հավաստմամբ` դպրոցում ինքը հեշտ սիրահարվողներից չի եղել: Դերասանուհին առաջին դասարանում սովորել է Մոսկվայի հայկական դպրոցում, որտեղ էլ հանդիպել է իր առաջին սիրուն: «Այդ տղայի անունը Կարլեն էր: Ի դեպ, մինչև հիմա հետաքրքրությունից դրդված փնտրում եմ նրան, սակայն ազգանունը չեմ հիշում և չեմ կարողանում գտնել: Հետաքրքիր է` կկարդա՞ այս նյութը, - ծիծաղելով ասաց Անաիսն ու հիշեց, որ համադասարանցին միշտ կոստյումով ու «բաբոչկայով» էր դպրոց գալիս: -Իմ ու իր համար միշտ կոնֆետներ էր բերում, իսկ երբ ճաշարան էինք գնում, ինքն իր պայուսակից բացի նաև իմն էր տանում, իսկ ես հանգիստ գնում էի:) Դա շատ է տպավորվել մեջս, քանի որ առաջին սերս էր»: Անաիսի փոխանցմամբ` այդ սերը մոտ մեկ տարվա կյանք է ունեցել, քանի որ ինքն իր ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան, ու բոլոր կապերը խզվել են:

Դերասանուհին մի անգամ էլ տասնչորս տարեկանում է սիրահարվել, ավելի ճիշտ` հրապուրվել իր ընկերուհու եղբորով: «Ոչ թե սիրահարվել էի, այլ ինքն ինձ համար իդեալ էր: Ես եղբայր չունեի, ինքն էլ խիստ եղբայր էր ընկերուհուս համար, և իդեալականացրել էի նրան: Իհարկե, հիմա հիշում ու ծիծաղում եմ», - հավաստիացրեց նա: Անաիսի փոխանցմամբ` դպրոցում իրեն հաճախ են սիրահարվել, քանի որ շատ ակտիվ է եղել, սակայն ինքն անտեսում էր բոլորին: «Երբ իմանում էի, որ ինչ-որ մեկն ինձ է սիրահարված, սկսում էի անտեսել նրան, կողքով անցնելիս չնայել: Չգիտեմ ինչու` վախ էր առաջանում մեջս, - ասաց Անաիսն ու ընդգծեց, որ տասը տարի առաջ, երբ ինքն էր դպրոցական, հարաբերություններն ու զգացմունքներն ավելի մաքուր էին: -Մեր տարիներին այնքան անմեղության կար. մենք հոնքերը չէինք հանում, չէինք շպարվում: Մեր դասարանում մի տղա կար, ով տասը տարի ինձ սիրել էր: Ավարտական երեկոյի շուրջպարին կողքիս էր, ու ինքն էր ձեռքս բռնել: Դրանից հետո մի քանի ամիս շարունակ նա համառորեն գալիս էր մեր բակ ու ասում, որ չի հավատում, որ ես իրեն չեմ սիրում: Ես չէի հասկանում` ինչու չի հավատում, բայց անցավ մի քանի ամիս, և իր ընկերուհին ինձ ասաց. ՙԲա որ չէիր սիրում, ինչու՞ էիր ձեռքը բռնել»: Ուզում եմ ասել, որ այն ժամանակ այդ աստիճան անմեղություն կար, որ ձեռք բռնելը սիրո նշան էր»:

___________________________________________________
    

Էմիլ Գալստյան. «Միշտ անպատասխան էի սիրահարվում»

Ըստ դերասան Էմիլ Գալստյանի` դպրոցական տարիներին ինքը հաճախ չի սիրահարվել: «Իսկ առաջին անգամ սիրահարվել եմ ոչ թե առաջին դասարանում կամ մանկապարտեզային տարիքում, այլ տասնվեց տարեկանում. աղջիկներով հաճախ էի հրապուրվում, - ասաց Էմիլն ու հավելեց, որ իրեն էին հաճախ սիրահարվում: -Դա հավանաբար պայմանավորված էր նրանով, որ փոքր տարիքում նկարահանվեցի Միստր X-ի տեսահոլովակում, բացի դրանից, թատրոնում էի խաղում:

Էմիլի խոսքերով` սիրո տոներին հաճախ էր անանուն «վալենտինկաներ» ստանում: «Սակայն ոչ անուն էին գրում, ոչ համար, որ իմանայի` ով է: Իսկ ես ում սիրահարվում էի, անհասանելի էր դառնում ինձ համար: Չգիտեմ ինչու, միշտ այդպես էր. ում սիրում էի, ինձ չէր սիրում, ում չէի սիրում` ինձ էր սիրում, - հայտնեց դերասանն ու նշեց, որ ուշադրություն գրավելու համար երբևէ խենթ քայլերի չի դիմել: -Ես գերադասել եմ նորմալ բացատրել. ուզում է` կշփվի, չէ` չեմ ընկնելու նրա հետևից: Նման բաներ չեմ սիրել»:


     ___________________________________________________
    

Անի Երանյան. «Միշտ ուշադրության կենտրոնում էի»

Անի Երանյանն առաջին անգամ սիրահարվել է դեռևս մանկապարտեզում: Թեև մանրամասները լավ չի մտաբերում, սակայն հիշում է, որ իրենց խմբի ամենագեղեցիկ տղան էր` շիկահեր ու կապուտաչյա. «Իրար ձեռք բռնած ման էինք գալիս:)»:

Անիի մեջ առավել տպավորվել է առաջին դասարանի սիրահարվածությունը: ՙՍիրահարվել էի մեր դասարանի Գոռիկին, ով ավելի կարճահասակ էր, քան ես (ես այն ժամանակվանից հասակով էի): Նա իրենց տանից` Քանաքեռից, փախչում էր, գալիս էր մեր տուն` Զեյթուն, ու տատիկիս հարցնում էր` «Վալյա տատի, ի՞նչ ուտեմ, որ բոյովանամ, Անիի բոյին դառնամ»: Տատիս ասել էր` «Գազարի հյութ խմի», ու նա ամեն օր գազարի հյութ էր խմում, չգիտեմ ինչեր էր ուտում, որ բոյովանա:) Մինչև հիմա կապ ունենք իրար հետ ու երբ հիշում ենք, շատ ենք ծիծաղում, - պատմեց Անին ու հիշեց, որ մեկ ուրիշ համադասարանցու էլ էր սիրահարվել: -Հետո տեղափոխվեցի այլ դպրոց, այնտեղ ինչ-որ տղաներ կային, որ ինձ էին սիրում, ինձ համար ինչ-որ կռիվներ էին անում: Ես էլ չէի կողմնորոշվում, թե ում եմ սիրում: Մի խոսքով` էսպիսի ծիծաղելի, մանկական լավ հիշողություններ ունեմ»:

Անին հիշեց, որ չորրորդ կամ հինգերորդ դասարանում մի երկրպագուի կողմից հետաքրքիր անակնկալ է ստացել: «Մի օր գնացի դպրոց ու տեսա, որ բակում վարդի թերթիկներ էին լցված. գնացի դրանց ուղղությամբ, որոնք մեր դասարան էին հասնում: Գնացի, տեսա, որ այդ ամենն ինձ համար էր, որովհետև ուղղությունը դեպի իմ սեղանն էր, սեղանիս վրա գեղեցիկ ծաղիկներ էին դրված և անանուն բացիկ` «Ես քեզ սիրում եմ» գրությամբ: Հետո իմացա, որ հեղինակն ավելի բարձր դասարանից էր, բայց թե ով էր, չեմ հիշում, քանի որ այլ դասարաններից ոչ մեկի հետ չէի շփվում, - վստահեցրեց Անին և հավելեց, որ երկրպագուների պակաս չի ունեցել: -Դեռևս մանկապարտեզից երկրպագուների տարափ է եղել: Սիրո տոնի կապակցությամբ, երբ դպրոցներում արկղեր էին դնում, ամենաշատ նամակները ես էի ստանում ու մինչ օրս պահպանել եմ դրանք: Փառք Աստծո, դա պահպանվել է մինչ օրս»:


    
Անաիս Սարդարյան
Էմիլ Գալստյան
Անի Երանյան
Աղբյուրը` Es
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
18607 | 0 | 0
Facebook