Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պետք չէ մտածել, թե ինչ է տվել քեզ հայրենիքը, պետք է մտածել, թե ինչ ես դու տվել հայրենիքին

GOR PETROSYAN
Հեղինակ`
GOR PETROSYAN
03:45, կիրակի, 08 սեպտեմբերի, 2013 թ.

Հայրենասիրություն... Ոմանց համար այս բառը պարզապես շահի ու գործարքի հաջողության իրական ու անուրանալի լոկոմոտիվն է, ոմանց համար լոկ բառ է, ոմանց համար ապրելակերպ է, որոշների համար էլ՝ ուղղակի ապրելու իմաստ...Ոմանք այս բառը շահարկում են հանրության զգալի զանգվածների ականջները շոյելու համար, ոմանք էլ՝ սեփական անձին կարևորություն տալու համար: Ոմանք լուռ ապրում են դրանով...Իսկ ո՞րն է ավելի ընդունելի մեր հասարակության համար... Ինչ խոսք, ցավալի է, բայց փաստ. այն, ինչ ասվում է հրապարակավ, ավելի մեծ արձագանք է ստանում և գովաբանվում, քան այն, ինչ կատարվում է լուռ ու կամովի...

Փորձենք չընդարձակվել մարդկային մտածելակերպի հորիզոնում, որովհետև յուրաքանչյուրս այս գաղափարի շուրջ ունենք մեր անհատական պատկերացումներն ու վերաբերմունքնը...Բայց մի բան անվիճելի է, որ եկել է դարերից և կգնա դարերով. Ազգերի մեջ միշտ էլ գտնվել են անհատներ, որոնց շնորհիվ (չեմ վախենա արտահայտությանս համար) ազգերը գոյատևել են, ապրել մինչև մեր ժամանակները...Եղել են ազգեր, որոնց մեջ նվազ հայրենասերներ են եղել, և այդպիսի ազգերը կամ կործանվել են, կամ էլ մնացել են որպես ազգային փոքրամասնություններ: Ժամանակի լաբիրինթում դժվար է կողմնորոշվել ու դիմակայել, երբ չկան այնպիսի անհատներ, որոնց գերնպատակը ազգայինն է, հավաքական մի կերպար՝ հայրենիքը, անձնական ամեն մի տարաձայնություն, ինչպես նաև ժամանակային, տնտեսական, սոցիալական, քաղաքական, ռազմական ցանկացած իրավիճակ չի ստիպում ընկճվել, քանի որ արյունը կանչում է, հոգին պահանջում է, միտքը աշխատում է...

Որտեղի՞ց է սկսվում հայրենասիրությունը կամ ինչ է դա առհասարակ...Բարդ, ծավալուն թեմա, որին չեմ ուզում անդրադառնալ, յուրաքանչյուր ոք թող ինքն իր համար ստեղծի այդ գաղափարը: Ես այսպես եմ մտածում. Ամեն մի գործ, անկախ բնույթից, քանակից, մասշտաբից, որ կարող է աննշան բարիք ստեղծել, կամ թեկուզ լավ տրամադրություն, ինքնին հայրենասիրություն է...Պարզ, հասարակ առօրեական օրինակներ, որոնք իրենց իսկ պրիմիտիվությամբ երբեք մտածելու առիթ չեն տվել, բայց իրականում ամեն ինչ սկսվում է փոքր, հաճախ աննշան բաներից... Երբ սեփական դռան շեմդ մաքուր ես պահում, խնամում ես, զարդարում, երբ փողոցում ձեռքդ ընկած ամեն մի աղբ չես թափում գետնին, երբ ամեն մի ծառի շիվի խնամքով ես վերաբերում, երբ հարևանիդ կամ պարզապես դիմացինիդ հանդեպ բարեհամբույր վերաբերմունք ես դրսևորում, դա ինքնին հայրենասիրություն է:

Մտածե՛ք այս մասին, մտածե՛ք, քանի որ ամեն մի կաթիլ բաժակ է լցնում, ամեն մի բաժակ՝ ծարավ հագեցնում: Պետք չէ մտածել, թե ինչ է տվել քեզ հայրենիքը, պետք է առաջին հերթին մտածել, թե ինչ ես դու տվել հայրենիքին: Անտարբերությունն ամենավտանգավոր թշնամին է, ազգակործան գործոն: Անտարբեր ես, երբ կամ իսկապես չես մտածում, կամ վախենում ես, կամ ուղղակի թքած ունես, սակայն կյանքը, ինպես գիտենք, բումերանգի պես է.մի օր էլ ինքդ ես բախվելու այդ խնդիրներին: Օտարության մեջ երկար չես ապրի, ինչպես որ հյուրընկալության մեջ....Անտարբերություն.ահա՛ այն միակ պատճառը, որ ծովից ծով Հայաստանից մնաց այն, ինչ մնաց: Կարևոր չէ՝ ես առաքելական եմ, դու կաթոլիկ ես, մյուսը՝ ավետարանչական...Հայրենիք...Բոլորիս արյունով հայկական գեներն են հոսում, իսկ բոլորիս շուրթերին միևնույն բարևն է հնչում, միևնույն օդն ենք շնչում, միևնույն ջուրը խմում, միևնույն հողից ենք սնվում, միևնույն երկրում ենք ապրում, բոլորս հայ ենք: Ժամանակի հրամայականը պարզապես ստիպում է մեզ լինել մի բռունցք...Եվ նույնիսկ պետական քաղաքականությունը պետք է մղված լինի այս ամենին, պետական քարոզչական մեքենան պիտի աշխատի այս կերպ. Մի ազգ ու մի հայրենիք...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5527 | 0 | 0
Facebook