Սարգիս Հովսեփյանը ծնվել է 1972թվականի նոյեմբերի 2-ին` Երևանում: Հայ ֆուտբոլիստ է, որը հանդես է եկել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում` որպես պաշտպան։ Նա նաև Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն է:
Սարգիս Հովսեփյանը իր կարիերան սկսել է Երևանի «Մալաթիա» ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում: 1991-ին տեղափոխվել է Վանաձորի «Լոռի», որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում: Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ «ՀՄԸՄ»ակումբ, որի կազմում 1992թ.-ին դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն: Վեց տարի հանդես գալով ՀՄԸՄ-ի (հետագայում` Փյունիկ ) կազմում դառնում է Հայաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր: 1998թ.-ին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է գալիս մինչև 2003թ.: 1998թ. ամռանը տեղափոխվում է Պրեմիեր Լիգայի մեկ այլ` Մոսկվայի «Տորպեդո Մետալուրգ» ակումբ: 2004թ. գարնանը մարզչի հետ տարաձայնությունների պատճառով լքում է Մոսկվան և վերադառնում «Փյունիկ», ուր հանդես է գալիս մինչև 2012թ. սեպտեմբերի 20-ը:
Սարգիս Հովսեփյանը իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1992թ. հոկտեմբերի 10-ին` Հայաստանի ազգային հավաքականի անդրանիկ հանդիպմանը Մոլդովայի հավաքականի դեմ խաղում: Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության հինգ (1996, 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության չորս (1998, 2002, 2006, 2010) ընտրական փուլերին: Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ): ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով, ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար:
1992, 1995, 2008 թվականներին պարգևատրվել է «Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ» տիտղոսին:
2003 թվականին դարձել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի գավաթակիր:
2012թ. սեպտեմբերի 20-ին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Չնայած նրան, որ Հովսեփյանը լքել է «Մեծ Ֆուտբոլը», նա կաշխատի հավաքականում, թե ինչ կարգավիճակում` կիմանաք առաջիկայում, -ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյանը:
Թվում էր, որ Հովսեփյանը իր կարիերան կավարտի Աշխարհի առաջնության այս մրցաշրջանից հետո:
Ափսոս, որ նա իր կարիերան ավարտեց, որովհետև իր մարզավիճակով նա դեռ կարող էր օգնել մեր հավաքականին:Բայց եթե նա այդպես է որոշել, ուրեմն այդպես էլ պետք է լիներ:Ես նրան մեծ հաջողություն եմ մաղթում հետագա կյանքում, -ասել է Էդուարդ Քալանթարյանը:
«Դժոխային երկու օր պահանջվեց այդ որոշումը կայացնելու համար», -ասել է Հովսեփյանը իր հարցազրույցներից մեկում:
Ինչ-որ բանի ավարտը, դա մեկ այլ բանի սկիզբն է: Սարգիս Հովսեփյանն իր կյանքը չի պատկերացնում առանց ֆուտբոլի, իսկ նրա անունը մենք դեռ հաստատ լսելու ենք...