Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գյուղացին կտրելու է իր իսկ տնկած դեղձենիները

17:07, ուրբաթ, 19 հուլիսի, 2013 թ.

Բերքի իրացման դժվարությունը շուկայի հեռավորության պատճառով շարունակում է մնալ Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչների մտահոգության հիմնական առարկան: Նոյեմբերյանի, հատկապես` Արճիսի դեղձի համբավը դեռ ԽՍՀՄ-ում էր հայտնի: Որակի և մեծության բացառիկությամբ ԽՍՀՄ տարիներին Արճիսը իր դեղձով մասնակցել է գյուղատնտեսական մի շարք ցուցահանդեսների: Մինչ այսօր արճիսցին հպարտությամբ է հիշում, որ իր դեղձի բացառիկ նմուշով մասնակցել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին (ВДНХ): Բայց դա անցյալում էր, երբ գնահատվում էր գյուղացու աշխատանքը…

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի գյուղացին չի կարոողանում իրացնել դեղձը այն գնով, որ կարողանա գումար կուտակել ամբողջ տարվա ապրուստը հոգալու համար: Նշենք, որ գյուղացին բերքն իրացնում է կա՛մ ճանապարհի կողքին նստելով` վաճառելով երթևեկողներին (ինչպես պատկերված է նկարում) (Հիշենք նաև որ «Առևտրի և ծառայությունների» մասին նոր օրենքը փողոցային առևտրով զբաղվողներին սպառնում է տուգանել մինչև 20000 AMD-ով: Օրենքի խստացումը ուղեկցվեց ծածկով մրգի վաճառքի կետերի կառուցմամբ, ինչը նոր անհարմարություններ ստեղծեց գյուղացու համար: Նախկինում, երբ բերքը վաճառվում էր այգու մոտ, դրա փոխարեն այժմ փոխադրամիջոց չունեցող գյուղացին ստիպված է հարյուրավոր մետրեր բերքը կրած տանել` հասնելու սահմանված շուկան: Մյուս կողմից պետք է նկատել, որ այս կետերը չեն նվազեցնում բերքի աղտոտվածության վտանգը, ինչը դրված էր օրենքի ընդունման հիմքում), կա՛մ հանձնում է վերավաճառողին և կա՛մ էլ տանում է քաղաքներում` Ալավերդիում, Վանաձորում, Իջևանում, լավագույն դեպքում Երևանում վաճառելու:

Վերջին տարբերակը թերևս լավագույնն է, բայց պետք է նկատել, որ նման հնարավորություն ոչ բոլորն ունեն, բացի դրանից՝ գյուղացին, Երևան հասնելով, շուտ վերադառնալու և մնացած բերքը չփչացնելու խնդիր ունի, ինչը ստիպում է նրան միրգը անհամեմատ ցածր գնով վաճառել շուկայում:

Սա է պատճառը, որ հիասթափված գյուղացին, այլ միջոցներ չգտնելով, պատրաստ է սեփական ձեռքով ոչնչացնել իր իսկ տնկած այգին` նրանից ոչ մի օգուտ չստանալով: Արճիսցի հողագործ Գուրգեն Վերանյանն ասում է, որ նախորդ տարի 10 տոննա դեղձ է ունեցել, որից միայն 1 տոննան է կարողացել վաճառել, մոտավորապես նույնքան բերք էլ այս տարի ունի, եղածն էլ մանր: «Մարդիկ իրենց խոշոր դեղձը չեն կարում ծախեն, ես իմը ո՞նց ծախեմ» , - ասում է հողագործը և ապա հավելում, - «աշունքը չիմ դեղձի ծաեռերը կտրել տիմ» (Աշնանը ամբողջ դեղձենիները կտրելու եմ): Ցավն այն է, որ Գուրգեն Վերանյանը միակը չէ Արճիսում, ով այսպես է մտածում:

Արճիսցիները գանգատվում են, որ ամեն ինչը` գազը, լույսը, առաջին անհրաժեշտության իրերը թանկանում են, իսկ գյուղացու արտադրանքը շարունակում է էժան մնալ:

Հ.Գ. Տարին բերքառատ լինի, թե ոչ, գյուղացու համար լայն առումով նշանակություն չունի. նա դրանից և ոչ մեկի դեպքում չի շահում: Էական նշանակություն ունի թերևս քաղաքբնակի համար` միրգը թանկ, թե էժան կգնի, իսկ արդյունքում կշահի վերավաճառողը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4724 | 0 | 0
Facebook