Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Նոր հարցեր 27.06.2013.

Qahana.am
Մամուլի խոսնակ`
Qahana.am
22:13, հինգշաբթի, 27 հունիսի, 2013 թ.
Նոր հարցեր 27.06.2013.
    
    

1. Կցանկանայի իմանալ, արդյո՞ք մատաղը բացի խաշլամայից ուրիշ տեսքով կարելի է պատրաստել (խորոված և այլն):
     Մատաղի միսն ընդունված է խաշլամա պատրաստել: Սակայն մատաղ, այսինքն՝ բարեգործություն կարող է համարվել նաև քահանայի օրհնությամբ` դրամական նվեր, հագուստ, այլ կերակուր տալը կարիքավորներին: Մատաղի իմաստը և խորհուրդը ողորմածությունն է: Լինել ողորմած, ինչպես Տերն է: Իսկ թե ինչով դա կարտահայտվի, կարևոր չէ: Կարևորը, որ այն անշահախնդիր և անկեղծ սրտից բխած լինի:
     Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

2. Երբեմն երազներս իրականանում են: Ինչպե՞ս պետք է վերաբերվել դրանց:
     Երազներին մեծ նշանակություն պետք չէ տալ: Սակայն, չի կարելի մերժել իսպառ դրանց գոյությունը: Գիտականորեն՝ երազները ինչ որ ժամանակահատվածում գլխուղեղում կուտակված ին‎‎ֆորմացիայի կամ ավելի ճիշտ՝ ոչ պետքական ին‎որմացիայի լիցքաթափումն են: Այսինքն՝ այն ինչ պետք չէ ուղեղին, մարդու օրգանիզմից երազի տեսքով դուրս է գալիս: Երազը տևում է շատ կարճ` մի քանի վայրկյան: Սակայն, երբեմն երազի իմաստը հասկանալի է դառնում, երբ կատարվում է մի իրողություն, որը դառնում է երազի տրամաբանական շարունակությունը: Բացատրություն տալը բավականին դժվար է: Հոգևոր տեսանկյունից երազները երկու բնույթի են. երազ, որը չարից է, և երազ, որն աստվածային է: Աստվածաշունչ մատյանը բազում դեպքեր է նկարագրում, ուր Աստված մարդկանց հետ խոսել է երազի միջոցով, երազներով է երբեմն մարդուն տրվել մարգարեական տեղեկությունները: Սակայն այսօր, երբ կատարվում է աստվածաշնչյան խոսքը, թե չարը կարող է նաև լուսե հրեշտակի կերպարանքով երևալ, մի տեսակ դժվար է զանազանել՝ երազը բարուց է, թե՝ չարից: Այդ պատճառով մեծ նշանակություն չպետք է տալ երազներին: Պետք է շատ աղոթել Աստծուն, որպեսզի բացվեն հոգու աչքերը՝ տեսնելու և զանազանելու ճշմարտությունն ու սուտը:
     Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

3. Եթե մեկը չարամիտ կերպով խաբել է ինձ ու մեծ ցանկություն ունեմ վրեժ լուծել, ի՞նչ կասեք դրա մասին:
     Վրեժխնդրությունը քրիստոնյային ոչ վայել երևույթ է: Կարծում եմ, պետք է իմանալ, որ մեզանից յուրաքանչյուրի գործած մեղքերն Աստծո հանդեպ շատ ավելի մեծ են, քան որևէ մարդու կողմից մյուսի նկատմամբ գործած մեղքը կամ չարիքը: Եթե վրեժխնդրությամբ պատասխանում են դիմացինի չար արարքին, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել Աստծո դատաստանից: Սակայն ընդհակառակը. եթե կարողանաք Ձեր մեջ այդքան ուժ և քրիստոնեական առաքինություն գտնել, որ ներեք դիմացինի չար արարքը, ապա համոզված եղեք, որ Ձեր բազմաթիվ մեղքերը կներվեն Դատաստանի ժամանակ: Այդ դեպքը կարող եք դիտել որպես Աստծո կողմից ողորմություն, որով հնարավորություն է տալիս մեղմացնելու Աստծո Դատաստանը Ձեր գործած մեղքերի համար:
     Հիշենք Գարեգին Նժդեհի խոսքերը. «Սիրում է նա, ով ուժեղ է: Քրիստոս սիրում է, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր է»:
     Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան

4. Նշանակություն ունի, թե ինչո՞վ են վառում մոմը:
     Բոլորովին նշանակություն չունի, թե ինչով են վառում մոմը՝ կրակայրիչով, թե՞ կողքի վառվող մոմերից: Սնոտիապաշտություն է, երբ մարդիկ մտածում են, թե ուրիշի մոմից վառելով, կարող է ինչ-որ բան պատահել և այլն: Այդ երևույթին ավելի ցայտուն նկատել եմ Տավուշի մարզում` Շամշադինում, երբ հավատացյալ ժողովուրդն այցելում էր գերեզմանատան եկեղեցի կամ այլ մատուռ, ապա բոլոր այցելուներն իրենց մոմերի հետ մեկտեղ տանում էին մեկ տուփ լուցկի: 4 մարդ 4 լուցկու տուփ ուներ: Այնուհետև վերադառնալիս` լուցկիները թողեցին այնտեղ: Եթե օրվա ընթացքում 20 մարդ այցելեր, լուցկու ի՜նչ կուտակում կլիներ այնտեղ: Յուրաքանչյուր հավատացյալ պետք է հստակ իմանա, որ մոմավառությունը զուտ բարեպաշտական սովորույթ է, որն իր կարևորությամբ զիջում է աղոթքին: Վառած մոմերը որևիցե նշանակություն չեն ունենա, եթե աղոթք չեն անում եկեղեցում: Աղոթքն է, որ կենարար է և անհրաժեշտ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար: Քանի որ աղոթքով կապվում են Աստծու հետ և հոգիդ ստանում է իրեն անհրաժեշտ սնունդը, որով յուրաքանչյուր անհատ ազատագրվում է չարի ամեն տեսակ ներգործությունից: Մոմավառությունը զուտ զոհաբերության մի տեսակ է, որը կատարում են սեփական եկամուտից եկեղեցու պայծառակերպության համար: Այսինքն, մոմավառությամբ լուման են ունենում եկեղեցաշինության գործում: Երբևիցե մոմը չի կարող արտահայտել մարդու հույզերն ու հոգևոր վիճակը: Այդ ամենը տեղի է ունենում աղոթքի միջոցով: Մոմավառությունը գեղեցիկ բարեպաշտական սովորություն է:
     Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

5. Ի՞նչ են ասում մարդու ենթագիտակցականի մասին մեր միջնադարի և արդի հոգևոր այրերը: Հաճախ մտածում եմ, որ հիմա ամուսինս կզանգի, ու զանգը հնչում է: Դա կանխազգացո՞ւմ է, թե՞ ենթագիտակցություն:
     Առ այսօր միջնադարյան հեղինակների մոտ չեմ կարդացել այդ հուզող հարցի պատասխանը, բայց այդ երևույթը գոյություն ունի: Պատահում է սիրող զույգերի մոտ ինչ-որ հոգևոր կապ է զգացվում, որը երբեմն ապշեցուցիչ է: Դա նման է մոր սրտի կանխազգացմանը, երբ մայրը հեռավորության վրա կարող է զգալ՝ զավակն առողջ է, թե հիվանդ: Երբ հոգիների մտերմություն կա, ենթագիտակցական զգացումը կարող է ինչ որ պահ մեզ սարսափեցնել: Սակայն պետք չէ սարսափազու ընդունել նման երևույթները, քանի որ ջերմ վերաբերմունքի մասին են վկայում: Թե ինչպես է այդ երևույթը տեղի ունենում, ոչ ոք չի կարող բացատրել, բայց, որ այն գոյություն ունի, ակնհայտ է: Պարզապես այդ երևույթը պետք է ընդունել որպես առօրյա զգացումների արտահայտում:
     Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

6. Տասանորդ տալը պարտադի՞ր է: Եթե՝ այո, ապա տասանորդի մեջ ի՞նչ է մտնում՝ նվերներ, աշխատավարձ, նպաստ…:
     Երբ Իսրայելի 12 ցեղերի մեջ Ավետյաց երկրի հողերը բաժանվեց, ապա 11 ցեղերին հավասար բաժին տրվեց: Եվ միայն Ղևիի՝ քահանաների ցեղին, այդ բաժինը չտրվեց: Քանի որ Ղևի ցեղի քահանաները պետք է աղոթեին ամբողջ հրեա ժողովրդի համար, իսկ դրա դիմաց յուրաքանչյուր ցեղը պետք է իր հողից ստացված բերքի և կամ աճեցրած անասունների 1/10-րդ մասը նվիրաբերեր տաճարին, այսինքն՝ քահանաներին: Նույն ավանդույթը պահպանեց նաև քրիստոնեական եկեղեցին: Եվ վաղ շրջանից սկսած եկեղեցու սպասավորներն ապրում էին ժողովրդի նվիրատվությամբ: Պողոս առաքյալն էլ դրա մասին հիշատակում է իր թղթերում, ասելով, հավատացյալները պատրաստ են նվերներ բերել սրբերի՝ այսինքն եկեղեցու սպասավորների համար, որպեսզի ինքը հետադարձ ճանապարհին դրանք տանի իր հետ: Հայ Առաքելական եկեղեցին նույնպես հետևել է այդ աստվածաշնչային կանոնին և իր գոյությունը և գործունեությունը ծավալել է հենց դրանց միջոցով: Հայտնի է, որ եկեղեցին բիզնես չի անում և սեփականատեր չէ: Եկամտի հիմնական աղբյուրն այդ նվիրատվություններ են: Այսօր էլ շատ համայնքներում ժողովուրդն իր բարի կամքի դրսևորմամբ մատուցում է տասանորդը, որը սակայն չի պարտադրվում եկեղեցու և նրա սպասավորների կողմից: Ի տարբերություն բոլոր աղանդավորական խմբավորումների, որոնք փրկություն չստանալու սարսափով վախեցնում են մարդկանց, պարտադիր դրամահավաք են կատարում իրենց հավաքույթների ժամանակ: Այսօր, եթե որևիցե մեկը ցանկանա իր բարի օժանդակությունը բերել Եկեղեցուն կամ սպասավորին, ապա կարող է դրամ տալ:
     Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

7. Կարելի՞ է երիտասարդ հանգուցյալի անունով նորածին երեխային կոչել: Մորաքույրս խորհուրդ չի տալիս, ասելով, որ մանուկս կարժանանա նույն ճակատագրին, ինչ ունեցավ ամուսնուս հանկարծամահ երիտասարդ եղբայրը:
     Ձեր մորաքրոջ կարծիքն ամբողջությամբ սնոտիապաշտություն է: Այն որևէ լուրջ հիմք չունի: Անշուշտ, կարող եք երեխային տալ Ձեր ցանկացած անունը, որը կարող է լինել ի հիշատակ սիրելի անձնավորության:
     Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան

8. 23 տարեկան եմ, ամուսնացել եմ և պետք է երեխա ունենամ: Սակայն չեմ դադարում սիրել այն մարդուն, ում հետ ինտիմ կապի մեջ եմ չորս տարի: Շատ անգամ եմ փորձել այդ կապը խզել նրա հետ, չի ստացվել: Մե՞ղք է, երբ սիրում են անշահախնդիր:
     Աստված շնորհել է մարդուն մեծ սեր, նաև այդ սերը բաշխելու կարողություն: Երբ կարդում ենք տասնաբանյա պատվիրանները կամ խոստովանության կարգի «մեղա» -ների շարքը, հանդիպում ենք անհավատարմության, շնության մեղքերի, որոնք կարելի է համարել նաև անշահախնդիր սիրո արդյունք: Պետք է քաջություն ունենալ խոստովանելու, որ ճիշտ չէ այն զգացումը, որը կարող է մեծ մեղք ծնել: Մարդն ազատ կամք ունի և ինքն է տնօրինում իր կյանքը: Մարդը պետք է հասկանա, որ ամուսնության հիմքը սերն է: Եթե ամուսինների միջև բացակայում է սերը, ապա ամուսնությունը դառնում է զուտ միություն` որդեծնության նպատակով: Ամուսնության նպատակը կյանքի ուղիով միասին սիրով քայլելն է: Աստված բարի է և քեզ շատ բան է շնորհել ու կշնորհի: Իրականում Աստծո շնորհները կորցնելու ճանապարհին եք: Պետք է հասկանաք, որ այդ «սերը» ոչ թե փրկում, այլ կործանում է Ձեզ: Ձեր ապագան Դուք պետք է կերտեք: Այս պարագայում ճիշտ կլինի որևէ առնչություն չունենալ այդ մարդու հետ: Ժամանակն ու տարածությունն իրենց գործն անում են: Եթե արժեվորում եք Ձեր ընտանիքը և երեխայի խաղաղ կյանքը, ապա վստահ եմ, որ խելացի քայլ կանեք:
     Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

9. Ունեմ շատ լավ ամուսին և սիրում եմ նրան: Նա էլ ինձ է սիրում: Բայց հաճելի է շփվել իմ ընկերոջ հետ, որը նույնպես սիրում է ինձ: Ի՞նչ անել:
     Եթե ընտանիքում փոխադարձ սեր ու նվիրում կա, ապա դժվար է հասկանալ, ինչու եք բարդացնում Ձեր համատեղ կյանքը: Ոչ ոք չի կարող Ձեզ արգելել՝ սիրել կամ չսիրել որևէ մեկին: Վստահ եմ, որ մի առ ժամանակ հետո, Դուք միայն հեռվից սիրելով չեք հագենա, և անխուսափելի կլինի ցավալի իրողությունը:
     Հուսով եմ, հեռատես կլինեք, և միշտ Աստծուն կդիմեք, որ Ձեզ օգնի: Վստահաբար Նա Ձեզ ցույց կտա դժվարին իրավիճակից դուրս գալու ելքը:
     Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7201 | 0 | 0
Facebook