Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխատանքից ազատված Արմեն Դուլյանը «Շանթ» ՀԸ ղեկավարին բացատրել է, որ ֆեյսբուքյան գրառումն իր անձնական գործն է, բայց...

Արժե Իմանալ
Հեղինակ`
Արժե Իմանալ
18:16, երեքշաբթի, 11 հունիսի, 2013 թ.
Աշխատանքից ազատված Արմեն Դուլյանը «Շանթ» ՀԸ ղեկավարին բացատրել է, որ ֆեյսբուքյան գրառումն իր անձնական գործն է, բայց...

«Շանթ» հեռուստաընկերությունից ֆեյսբուքյան իր վերջին գրառման համար ազատված Արմեն Դուլյանը նախկինում՝ մոտ 1, 5 տարի առաջ, իր գրառումների հետ կապված խոսակցություն է ունեցել հեռուստաընկերության սեփականատեր Արթուր Եզեկյանի հետ և կարծել է, որ իր բացատրությունից հետո, այդ թեման այլևս սպառված է:


     Tert.am –ի հետ զրույցում Արմեն Դուլյանը ներկայացրեց. «Ինձ ղեկավարը կանչեց և ասաց, որ պետք չի այդպիսի բաներ գրես էլեկտրոնային լրատվամիջոցներում և ես բացատրեցի իրեն, որ դա իմ անձնական բանն է. ինքը իրավունք ունի ինձ ասել այն, ինչ ես չեմ կարող անել իր հեռուստաընկերությունում, ինչը ես երբեք չեմ արել՝ շատ լավ իմանալով շրջանակները, սահմանափակումները, որոնք դրված են վերևից՝ նախագահականից: Ես երբեք դա չեմ արել, աշխատել եմ գոնե երբեք դա չխախտել: Իսկ մնացածը ես իրեն ասացի, որ դա իմ անձնական գործն է»:


     Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Արմեն Դուլյանին «Շանթ» հեռուստատեսության ղեկավարությունը տեղեկացրել է, որ նրան աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:


     Իսկ աշխատանքից ազատելու պատճառն էլ լրագրողի կողմից Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերությունում վերջերս գրանցված միջադեպի կապակցությամբ զուգահեռներ տանելն էր ռուսաստանյան և հայաստանյան իրականության միջև: Միջադեպը կապված էր հեռուստաընկերության եթերից մի հաղորդում հանելու հետ, որի ընթացքում եթեր էր հեռարձակվել Պուտինի և նրա կնոջ ամուսնալուծության վերաբերյալ կատակ։ Մեջբերելով այդ միջադեպի վերաբերյալ ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած լուրը՝ Դուլյանը, մասնավորապես, գրել էր. «Բայց ինչ նման ենք...

Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»:


     Մեզ հետ զրույցում նա ավելացրեց, որ իրեն թվացել է, որ Արթուր Եզեկյանը «Ֆեյսբուքի» մասին իր դիտարկումները ընդունել է, որովհետև դրանից հետո որևէ խոսակցություն չի եղել:


     «Եվ ես Արթուր Եզեկյանին շատ եմ հարգում, նաև նրա համար, որ ինքը «Շանթը» զուտ լենինականյանից դարձրեց Հայաստանում, իմ կարծիքով՝ թիվ մեկ հեռուստաընկերությունը: Բայց նա… իմ կարծիքով թյուրըմբռնում է եղել, իմ ասածները վերագրել է իրեն, որը իմ կարծիքով՝ անհեթեթություն է, որովհետև աշխարհում նման բան չկա, որ մի աշխատող իր ղեկավարին վիրավորի հրապարակայնորեն ՝ աշխատելով այդ հեռուստատեսությունում: Նա կամ պետք է դուրս գա կամ ակնկալի, որ իրեն դուրս կհանեն»:


     Հեռուսատալրագրողից փորձեցինք տեղեկանալ՝ եթե հեռուստաընկերությունը չընդունի իր պարզաբանումը, չի՞ փորձի դատի տալ: Արմեն Դուլյանն ասաց, որ ոչ, քանի որ նման պայմաններում չի կարող աշխատել. երբ հեռուստաընկերության ղեկավարությունը կարող է իր մասին այդպիսի կարծիք ունենալ, որ կարող է այնտեղ աշխատելով վիրավորել ղեկավարությանը: «Եթե մարդիկ կարող են նման կարծիք ունենալ, ապա այդտեղ աշխատելը պարզապես անհնար է», - ասաց Արմեն Դուլյանը:
    
     Մեր Ֆեյսբուքյան էջը՝ ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5741 | 1 | 0
Facebook