Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առաջին անգամ Հայ Ճամբարի ծրագիր

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
14:47, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
Առաջին անգամ Հայ Ճամբարի ծրագիր
    

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի առաջնորդությամբ՝ հունիսի 21-ից 23-ը, Նիդերլանդների և Բելգիայի տարբեր եկեղեցական համայնքների միասնական աշխատանքի շնորհիվ 10-17 տարեկան հարյուր մանուկների և պատանիների համար, առաջին անգամ տեղի ունեցավ Հայ Ճամբարի ծրագիրը։ Ճամբարի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար Գերշ․ Տ․ Խաժակ Սրբազանի տնօրինությամբ նշանակվել էր հանձնախումբ, կազմված հոլանդահայ և բելգիահայ տարբեր համայնքներից մասնակցող եկեղեցանվեր անձերից և հոգևոր հովիվներից, որը գլխավորում էր Բարեշնորհ Սերժ Սրկ․ Դեմիրբաջակը։

Հայ ճամբարը իրականացնելու համար նախապես ընտրվել էր տարբեր Քրիստոնեական համայնքների ամառային արձակուրդների և ճամբարական ծրագրերի համար գործող «Christelıjke Vakantie en Conferentiecentrum De Kroeze Danne» կենտրոնը, որը գտնվում է Նիդերլանդների Դելդեն գյուղաքաղաքում։

Ուրբաթ, հունիսի 21-ի երեկոյան ժամը 17։00-ին մանուկները և պատանիները իրենց ծնողների և հոգևոր հովիվների ուղեկցությամբ մուտք գործեցին ճամբար։ Իրենց համար նախատեսված սենյակներում տեղավորվելուց հետո, նրանք հավաքվեցին գլխավոր սրահում՝ Գերշ․ Տ․ Խաժակ Սրբազան Հոր, հոգևոր հովիվների, ճամբարի հանձնախմբի անդամների և միմյանց ծանոթանալու նպատակով։ Ապա, մասնակիցներին ներկայացվեցին ճամբարի կանոնները և նրա երկօրյա ծրագիրը։ Ծանոթացումից հետո բոլորը ուղղվեցին դեպի ճաշարան ընթրիքի, որը սկսվեց աղոթքով։ Ընթրիքից հետո կատարվեց գիշերային աղոթք։

Հաջորդ օրը սկսվեց ժամը 8։00-ին, նախաճաշով և առավոտյան աղոթքով։ Այնուհետ, հոգեւոր, աշխարհիկ եւ մշակութային ծրագրերը իրականացնող տարբեր մանկավարժ մասնագետների կողմից ճամբարականները բաժանվեցին երկու տարիքային խմբի։ Բացի կրթական և դաստիարակչական ծրագրից, նախատեսված էին զանազան զբաղմունքներ՝ պար, լող, ոտնագնդակ եւ այլ խաղեր։ Ճաշի ընդմիջումից հետո, կրթական և խաղային ծրագրերը շարունակվեցին մինչև երեկոյան ժամերգություն, որին ճամբարի մասնակիցները ընթերցեցին այդ օրը իրենց կողմից պատրաստած աղոթքները։

Ժամերգությունից հետո բոլորը հավաքվեցին ընթրիքի սեղանի շուրջ։ Երեկոյան նրանց դեռ սպասում էին՝ երաժշտական երեկո և ֆուտբոլային խաղ։ Ճամբարականները գնացին քնելու օրվա միջոցառումներից ոգևորված, տպավորություններով լի և հաճելի հոգնածությամբ։

Կիրակի առավոտյան ճամբարի մեծ սրահում Խաժակ Սրբազանը՝ բոլոր մասնակիցների ներկայությամբ Սուրբ Պատարագ մատուցեց ընթերականությամբ՝ Հոգշ․ Տ․ Մաղաքիա Աբղ․ Բեսքիսիզյանի։ Խաժակ Սրբազանը իր հոգևոր պատգամում ներկաներին հիշեցրեց Պենտեկոստեի դեպքը ասելով․ «Քիչ առաջ Գործք Առաքելոց 2: 1-3-ի ընթերցման ժամանակ լսեցինք, որ Քրիստոսի աշակերտները հավաքված էին վերնատանը միասին և միասիրտ աղոթելու, ինչպես որ մենք հիմա այստեղ միասին և միասիրտ ենք, և միատեղ աղոթում ենք։ Վերնատանը Սուրբ Հոգին կրակի լեզուների պես իջավ առաքյալների վրա և նրանք Սուրբ Հոգով լցվեցին և զգացին Աստուծո ներկայությունը իրենց մեջ։ Այդ հասարակ, ձկնորս մարդիկ աշխարհը փոխեցին: Ավետարանի պատգամը այն է, որ մեզանից յուրաքանչյուրը, երբ զգա Աստուծո ներկայությունը իր մեջ, կարող է հրաշքներ գործել։ Այնպես որ դուք ել հավատալով Քրիստոսին և հետևելով իր օրինակին կարող եք հրաշքներ իրականացնել ձեր կյանքի մեջ» ։

Հոգևոր պատգամի ավարտին Սրբազան Հայրը իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց Սերժ Դեմիրբաջակի գլխավորությամբ Հայ Ճամբարի խորհրդի անդամներին ու կամավորներին:

▪ ▪ ▪ ▪

Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի առաջնորդութեամբ՝ Յունիս 21-23, 2024թ․ առաջին անգամ, Նիտերլանտներու եւ Պելճիքայի մէջ գտնուող եկեղեցական համայնքներուն աշխատանքով ի մի բերուած 10-17 տարեկան հարիւր երախաներու եւ պատանիներու համար, տեղի ունեցաւ Հայ Ճամբարի ծրագիրը։ Ճամբարի կազմակերպչական աշխատանքները իրականացման համար Գերշ․ Տ․ Խաժակ Սրբազան Հօր տնօրէնութեամբ նշանակուած էր յանձնախումբ մը որը կը գլխաւորէր՝ Բրշ․ Սերժ Սրկ․ Տէմիրպաճագ քովը ունենալով այլ համայնքներէն մասնակցող եկեղեցանուէր անձինք եւ Հոգեշնորհ ու Արժանապատիւ Հայրեր։

Հայ ճամբարը իրականացնելու համար նախապէս որոշուած էր տարբեր Քրիստոնէական համայնքներու ամառնային արձակուրդներ եւ ճամբարական ծրագիրներ իրակացնելու նպատակաւ գործող «Christelıjke Vakantie en Conferentiecentrum De Kroeze Danne» կեդրոնը որը կը գտնուի Նիտերլանտներու Տելտեն գիւղաքաղաքի մէջ։

Ուրբաթ, 21 Յունիս 2024թ․ երեկոյեան ժամը 17։00-ին երախաները եւ պատանիները իրենց ծնողներու եւ Հոգեւոր հովիւներու գլխաւորութեամբ մուտք գործեցին ճամբար։ Մասնակիցներուն համար նախատեսուած սենեակներ տեղաւորելէ ետք հաւաքուեցան սրահը որպէսզի ծանօթանան Գերշ․ Տ․ Խաժակ Սրբազան Հօր, հոգեւոր հովիւներուն եւ ճամբարի յանձնախումբի անդամներու ինչպէս նաեւ իրարու հետ։ Ապա, յաջորդեց ծանօթացում ճամբարի կանոններու եւ ծրագիրին հետ։ Յետ բացատրութեանց բոլորը ուղղուեցին դէպի ճաշարան ընթրիքի, որը սկսուեց աղօթքով։ Ընթրիքէն ետք գիշերային աղօթքը կատարուեցաւ։

Յաջորդ առաւօտ բոլոր մասնակիցները արթնացան առաւօտեան ժամը 8։00-ին նախաճաշելու եւ առաւօտեան աղօթքի մասնակցելու համար։ Աղօթքէն ետք, մասնակիցները երկու տարիքային խումբին բաժնուեցան հոգեւոր եւ մշակութային ծրագիրներու մասնակցելու համար։ Բացի դաստիարակչական ծրագիրներու, նախատեսուած էին նաեւ զանազան զբաղմունքներ՝ պար, լող, ոտնագնդակ եւ այլ խաղեր։ Երեկոյեան ժամերուն ընթրիքէ առաջ տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն: Ժամերգութեան ընթացքին երիտասարդներն ու երեխաները այդ օրը իրենց կողմէ պատրաստուած աղօթքները ընդերցեցին։ Ընթրիքէն ետք երախաները երկու խումբի բաժնուեցան՝ երաժշտական երեկոյի եւ ոտնագնդակի խաղը դիտելու համար։

Կիրակի առաւօտ ճամբարի մեծ սրահի մէջ Խաժակ Սրբազան ճամբարի բոլոր մասնակիցներու ներկայութեան Սուրբ Պատարագ մատոյց ընթերականութեամբ՝ Հոգշ․ Տ․ Մաղաքիա Աբղյ․ Պէսքիսիզեանի։ Խաժակ Սրբազան իր հոգեւոր պատգամին մէջ ներկաներուն յիշեցուց Պենտեկոստէի դէպքը ըսելով «Քիչ առաջ Գործք Առաքելոց 2: 1-3 ի ընթերցման ժամանակ լսեցինք որ Քրիստոսի աշակերտները հաւաքուած էին վերնատան մէջ միասին եւ միասիրտ կաղօթէին, ինչպէս որ մենք հիմա այստեղ միասին եւ միասիրտ ենք եւ միատեղ կ՛աղօթենք։ Վերնատան մէջ Սուրբ Հոգին կրակի լեզուներու նմանութեամբ իջաւ առաքեալներու վրայ եւ անոնք Սուրբ Հոգւով լեցուեցան եւ զգացին Աստուծոյ ներկայութիւնը իրենց մէջ։ Այդ պարզ ձկնորս մարդիկ աշխարհը փոխեցին: Աւետարանի պատգամը այն է որ մեզմէ որեւէ մէկը երբ զգայ Աստուծոյ ներկայութիւնը իր մէջ կրնայ հրաշքներ գործել։ Այնպէս որ դուք ալ հաւատալով Քրիստոսին եւ հետեւելով իր օրինակին կրնաք հրաշքներ իրականացնել ձեր կեանքին մէջ» ։

Իր հոգեւոր պատգամի վերջաւորութեան Սրբազան Հայրը իր գնահատանքը եւ շնորհակալութիւնը յայտնեց Սէրժ Տէմիրպաճակի գլխաւորութեամբ Հայ Ճամբարի խորհուրդի անդամներուն ու կամաւորներուն:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
171 | 0 | 0
Facebook