Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.

Հոդվածներ

«…ես մահանում եմ, բայց ինձ համար մեծ պատիվ է արյունովս կնքելու իմ երկրի ազատությունը»

09:52, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
«…ես մահանում եմ, բայց ինձ համար մեծ պատիվ է արյունովս կնքելու իմ երկրի ազատությունը»

Հայրենիքի և հայրենակիցների նկատմամբ ոչ մի հանցանք չգործած նախագահին նույնպես կարող են սպանել

Բոլիվիացի քաղաքական և պետական գործիչ Պեդրո Բլանկո Սոտոն ընդամենը մեկ շաբաթ է զբաղեցրել երկրի նախագահի պաշտոնը։ Նրա կառավարումն ընդհատվել է սպանությամբ, որը տեղի է ունեցել ամանորի գիշերը Սուկրեի (չնայած պաշտոնապես Սուկրեն է Բոլիվիայի մայրաքաղաքը, բայց պետական գրեթե բոլոր հաստատությունները Լա Պասում են) Լա Ռեկոլետա վանքում։ Այժմ այդ վանքի պատին հուշատախտակ կա փակցված: Ժամանակակիցներից շատերը նրան համարել են պերուամետ գործիչ և հենց այդ հանգամանքով էլ բացատրում են նրա սպանությունը: Պաշտոնական տեսակետը նույնն է:

Խոսե Մանուել Բլանկոյի և Վիսենտա Սոտոյի որդին՝ Բլանկոն, ծնվել է Բոլիվիայի Կոչաբամբայում, 1795 թվականի հոկտեմբերի 19-ին։ 17 տարեկանում միացել է միապետականների բանակին՝ մասնակցելով արգենտինացի հայրենասերների դեմ արշավանքին իր հայրենի Հյուսիսային Պերուում։ Վիլկապուջոյի ճակատամարտից հետո ստացել է լեյտենանտի կոչում, իսկ Վիլումի ճակատամարտից հետո՝ կապիտանի։

Սան Մարտինի ազատագրման արշավախմբի ափ իջնելուց հետո ջոկատը, որում ծառայել է կապիտան Բլանկոն, տեղափոխվել է Հարավային Պերու։ Նա հատկապես աչքի է ընկել 1823 թվականին, և գեներալ Ջերոնիմո Վալդեսը նրան թուր է նվիրել ամբողջ դիվիզիայի առջև։

Չնայած թագավորական բանակում իր խոստումնալից կարիերային, նա, ինչպես շատ այլ սպաներ, դասալիք է դարձել, որպեսզի անդամագրվի Պերուի անկախության համար կռվող ջոկատին: Վերադառնալով Լիմա՝ նա միացել է Պերուի ազատագրական բանակին և նշանակվել է երրորդ էսկադրիլիայի հրամանատար։ Այակուչոյի արյունալի և վճռորոշ ճակատամարտում Բլանկոն ծանր վիրավորվել է։ Կարծելով, որ մահն անխուսափելի է, նա գեներալ Խոսե դե լա Մարին ասել է. «Գեներալ, ես մահանում եմ, բայց ինձ համար մեծ պատիվ է արյունովս կնքելու իմ երկրի ազատությունը» ։

Քանի որ վերքը պատշաճ կերպով մշակվել է, նա ապաքինվել է և մեկնել է Հյուսիսային Պերու, որտեղ հռչակավոր Բոլիվարը, Հյուսիսային Պերուն անջատելով Հարավային Պերուից, ստեղծել է Բոլիվարի Հանրապետությունը (այժմ՝ Բոլիվիա) ։ Սոտոն զորակոչվել է հայրենի բանակ՝ գեներալի կոչումով։

1828 թվականի հուլիսի 6-ին Բոլիվիայի Պիկիս քաղաքում Անտոնիո Խոսե դե Սուկրեի և գեներալ Ագուստին Գամարայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որով Պերուն պարտավորվել է հավակնություններ չունենալ Բոլիվիայի նկատմամբ։

Պիկիսում կնքված հաշտության պայմանագիրը նախատեսել էր Սահմանադիր ժողովի գումարում: Այն տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, և գեներալ Պեդրո Բլանկոն նշանակվել է Բոլիվիայի ժամանակավոր նախագահ։ Նա պաշտոնն ստանձնել է 1828 թվականի դեկտեմբերի 26-ին։ Նրա կազմած կառավարության կազմը չի գոհացրել Բոլիվիայի ռազմական ղեկավարությանը, հատկապես գնդապետ Խոսե Բալիվյանին, որն էլ 5 օր անց տապալել է Բլանկոն։ Բլանկոն թաքնվել է, բայց խռովարարները գտել են նրան, կալանավորել են և 1829 թվականի հունվարի 1-ին տարել են Սուկրեի Լա Ռեկոլետա վանք: Այստեղ նրա թշնամիները բեմականացում են կազմակերպել՝ իբրև թե տապալված նախագահի կողմնակիցները փորձում են նրան ազատել։ Դա դարձվել է առիթ, որպեսզի նրան ուղեկցող զինվորականը կատարի իր վերադասի հրամանը և մի քանի կրակոցով սպանի նախագահին:

Պեդրո Բլանկոն Բոլիվիա պետության ամբողջ պատմության միակ նախագահն է, որը կառավարել է ընդամենը 6 օր:

Իսպանիայից նրա հարավամերիկյան գաղութների ազատագրման պայքարին նվիրված իր աշխատությունում իսպանացի պատմաբան Մարիանո Տորենտեն անդրադարձել է նաև Պեդրո Բլանկո Սոտոյի անձին. «Լիովին տրամաբանական է, որ այդպիսի արժանավոր սպան զոհաբերվեց այն նույն անկախականների կատաղությանը, որոնց շարքերն էր նա անցել»: Պեդրո Բլանկոն փորձել էր որոշ ընդդիմադիր ռազմական առաջնորդների ազատել իրենց պաշտոններից։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
414 | 0 | 0
Facebook