Ֆրանսիայի Բրետան երկրամասի բնակչությունը կելտական ծագում ունի: Նրանց հիմնական մասը թեպետ իրեն ոչ ֆրանսիացի է համարում, բայց լիովին ինտեգրված է Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին: Այնուամենայնիվ, առ այսօր բավականին շատ են այն բրետոնցիները, որոնք իրենց հոգում փայփայում են Ֆրանսիայից անջատվելու և անկախ պետություն ստեղծելու հույսը: 2011 թվականին մահացել է այդ հույսն ու հանուն անկախության պայքարի ոգին նախորդ դարի կեսերից իր հայրենակիցների սրտում բորբոք պահող Յան Ֆուերյեն (հայտնի է նաև Շոն Մոգեր անվամբ): Նա ժամանակին ստիպված է եղել անձնագրում Ժան Ադոլֆ Ֆուերյե անունը գրանցել, քանի որ Ֆրանսիայի Երրորդ հանրապետությունն արգելել էր բերետոնական անունները:
Ֆրանսիայի ազատագրումից հետո նա փախել է Ֆրանսիայից և 1950-ականների սկզբին իռլանդական քաղաքացիություն է ընդունել: Նա Իռլանդիայում հիմնել է «Parti pour l'organisation d'une Bretagne libre» («Ազատ Բրետանի ստեղծման կուսակցություն») և իր հայրենակից Ալան Հոյսաֆի հետ դարձել է «Կելտական լիգա» կազմակերպության հիմնադիրը: Նա նաև «Եվրոպական ազատ ալյանս» -ի համահիմնադիրներից մեկն է:
Ենթադրվել է, թե Ֆուերյեն համագործակցել է գերմանացիների հետ, բայց 1955 թվականին, երբ նա կամավոր վերադարձել է Ֆրանսիա ու կանգնել դատարանի առջև, լիովին արդարացվել է:
Նա եղել է «Երուսաղեմյան ինքնիշխան միաբանություն» կազմակերպության անդամ:
Ֆուերյեն ջատագովն է եղել «100 դրոշների Եվրոպա» գաղափարի, որի համաձայն դաշնակցային Եվրոպան պետք է հիմնված լինի ներկայումս գոյություն ունեցող պետությունների վրա, իսկ ռեգիոնալ քաղաքականությունում՝ «100 դրոշներ» -ի վրա: Ըստ այդ գաղափարի՝ «Մայրցամաքը պիտի բաժանվի, որպեսզի միավորվի, այն ներքուստ պիտի լինի ապակենտրոնացված, իսկ արտաքուստ՝ դաշնակցային»:
1962 թվականին նա հրատարակել է «Ծվատված Բրետանը» գիրքը, որը ներծծված է իր հայրենիքն ազատ տեսնելու բաղձանքով: Ահա´ մի քաղվածք այդ գրքից.
«Մեզ սպանում են ոչ թե «կյանքի մակարդակի» և ոչ էլ ծաղկակաղամբի գնի համար: Մեզ սպանում են այն պատճառով, որ մենք Հայրենիք ունենք, այն պատճառով, որ մենք այն վերագտել ենք, այն պատճառով, որ մենք սիրում ենք այդ հայրենիքը, այն պատճառով, որ մենք այդ հայրենիքի մարդկանց վերադարձնում ենք իրենց արժանապատվությունը, իրենց ազատությունը և իրենց իրավունքները»: