«Յուրաքանչյուր շաբաթապահքից առաջ Հայ Առաքելական Եկեղեցին ունի տոնի Բարեկենդան, մեծ պահքից առաջ տոնվող բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ հաջորդում է քառասնորդական պահքը:
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Բուն Բարեկենդանը նշում է փետրվար 11-ին: Բուն Բարեկենդանից առաջ շաբաթ երեկոյան ժամերգության ընթացքին հոգևոր դասը երգում է «Բանն որ ընդ Հօր» շարականը և փակվում է եկեղեցու վարագույրը, քանի-որ ըստ եկեղեցու կարգի երեկոյան ժամերգության ավարտին օրը փոխվում է:
Իսկ արդեն փետրվարի 11-ի երեկոյից մտնում ենք ՊԱՀՈՑ ՇՐՋԱՆ:
Այս ընթացքին արարողակարգերը ավելի քիչ են, Սուրբ Պատարագները մատուցվում են փակ վարագույրով, հաղորդություն չի տրվում, Ավետարան չեն համբուրում, քարոզի հատվածը կատարվում է վերջում: Այս ընթացքում վարագույրը բացվում է այն ժամանակ, երբ նշյալ եկեղեցու տոնի օրն է, կամ այլ եկեղեցական մեծ կարևոր տոն է, որից հետո կրկին փակվում է:
Վերադառնալով Բուն Բարեկենդնանին պետք է նշենք, որ ժամանակին այս տոնը ավելի հետաքրքիր ձևով է անցկացվել, եվրոպական երկրներում սա նույնիսկ ավելի շատ ասոցացվել է Դիմակահանդեսի հետ:
Բայց հայերիս մոտ ավելի շատ կրոնական իմաստ է ունեցել և ավելի շատ շեշտը դրվել է մարդկան հոգևոր պատրաստվածության վրա, ինչպես որ այժմ է:
Բարեկենդանը որպես եկեղեցու ծեսի անբաժան մասնիկ շատ հետաքրքրական անցկացվել է վանքերում և այդ օրը կոչվել է Աբեղայաթող, մի փոքր ավելի ազատություն է տրվել և հոգևոր իմաստով և սննդակարգի իմաստով, որովհետև դրանից հետո բոլորն անցել են լուռ աղոթական վիճակի, այդ օրը վանքերում կազմակերպել են տոնակատարություններ, թափորներ են արվել, ձայների մեծամասնությամբ թափորապետ է ընտրվել, կարողացել են կատակներով զվարճացնել մարդկանց, ոչ միայն այժմյան իմաստով ասված ասել խոսելով ուղղակի, այլ այդ ամենով մարդկանց հասկացնել իրենց սխալը և այդ օրը որևէ մեկը մյուսից չի նեղացել ասածի համար, կարգը եղել է այդպես և տարվա մեջ միայն այդ օրը:
Եվ նաև կա այսպիսի ժողովրդական ավանդություն, որ Բուն Բարեկենդանի օրը մարդիկ ապրել են խրախճանքով, քնելուց առաջ կերել են թանապուր և ձու ու քնել և ասվում է այդ ձվով փակել են իրենց բերանները, որպեսզի չշատախոսեն մեծ պահոց շրջանին ու Հարության տոնին կարմիր ներկված ձևով իրենց բերանները բացեն նորից:
Խնդրանքս և հորդորս է բոլոր հավատացյալներին, որպեսզի Բուն Բարեկենդանով սկսեն իրենց աղոթական կյանքը, աղոթենք մեկս մոյւսի համար, մնանք մշտապես աղոթական վիճակի մեջ, փորձենք մեկս մյուսի մեր աղոթքով օգտակարություն բերել, որովհետև աղոթքից միայն բարություն է բխում»:
Տեր Զորայր քահանա Կարապետյան