Իմ հոգում հնչող երաժշտությունը սիրո և հավատի մասին է․ Վարդան Պողոսյան
Ջութակահար Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ստեղծագործական կյանքի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ -Ո՞ւմ որոշումն էր Ձեզ որպես ջութակահար տեսնելը՝ ճակատագի՞ր, թե՞ ինչ-որ մեկի ցանկություն: -Իմ՝ որպես պրոֆեսիոնալ ջութակահար դառնալը կարելի է ասել առաջին հերթին ծնողներիս ճակատագրական որոշումն էր։ Հատկապես մեծ էր ցանկությունը մայրիկիս մոտ, չնայած որ հայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է, և, անշուշտ, մեծ է նրա ունեցած ավանդը իմ՝ որպես երաժիշտ կայացման գործում։ Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին արդեն ես կատարեցի իմ ընտրությունը՝ հաստատապես և ամբողջ հոգով նվիրվելով ջութակին։ -Հետաքրքիր է՝ ի՞նչ ստեղծագործություններով կբնութագրեք Ձեզ առօրյա կյանքում, և Ձեզ՝ աշխատանքի մեջ։ -Երբ զբաղվում ես սիրածդ գործով, հասկանում ես, որ դա ապրելակերպ է ոչ թե աշխատանք, և երաժշտի կյանքն ու առօրյան երաժշտության մեջ է և երաժշտության հետ սերտ փոխկապակցված: Այնուամենայնիվ, եթե փորձեմ ինձ բնութագրել որևէ երաժշտական ստեղծագործությամբ, միանշանակ կընտրեմ ռոմանտիզմի դարաշրջանի դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ -Ձեր ուսուցիչները, գործի բերումով տարբեր հանդիպումներն անվանի երաժիշտների հետ, ենթադրաբար, մեծ հետք են թողել Ձեզ վրա: Խնդրում եմ առանձնացնել այն մարդկանց, որոնց ազդեցությունն անփոխարինելի է: -Անգնահատելի է իմ դասախոսի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և մեծանուն ջութակահար Արտաշես Մկրտչյանի ունեցած դերը։ Ջութակի հիմնական տեխնիկական հմտություններն ու գաղտնիքները սովորել եմ հենց Արտաշես Մկրտչյանի մոտ ուսանելու տարիներին։ Բարոկ, միջնադարյան և հայ հոգևոր երաժշտության ժանրերում շատ թանկ, մնայուն և օգտակար գիտելիքներ եմ ձեռք բերել թավջութակահար Գրիգոր Առաքելյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի հետ համագործակցություններից։ Ջութակի հայտնի ռուսական դպրոցի լավագույն ավանդույթներին ծանոթացել եմ ամերիկահայ ջութակահար Աշոտ Տիգրանյանի հետ համագործակցության ընթացքում։ 16 տարվա երկարատև ուսումնառության ընթացքում շատ անվանի և հարգարժան դասատուներ ու դասախոսներ եմ ունեցել, որոնց բոլորի անունները հիմա չեմ կարող նշել, բայց շատ շնորհակալ եմ իրենց տված գիտելիքների համար։ -Կա՞ ինչ-որ բան, որը կարող է Ձեզ ստիպել հրաժարվել երաժշտությունից։ -Երաժշտությունից հրաժարվել կնշանակի հրաժարվել ինքդ քեզնից. երբ ամբողջ գիտակցական կյանքդ ապրել և ապրում ես երաժշտության մեջ, հրաժարվելով երաժշտությունից` կարծես դեմ գնաս քո էությանը։ Բնականաբար, բոլորիս կյանքում լինում են դժվար պահեր, ծանր և ողբերգական օրեր, բայց երաժշտությունը օգնում է դուրս գալ այդ դժվարին իրավիճակներից և հաճախ ապաքինող դեր ու նշանակություն է ունենում։ -Ձեր կատարողական ռեպերտուարը շատ բազմերանգ է: Կա՞ ստեղծագործություն, որը դեռեւս անհասանելի բարձրություն եք համարում: -Պրոֆեսիոնալ երաժիշտների համար անհասանելի ստեղծագործություններ չկան, ուղղակի պետք է գործին ճիշտ մոտեցում ցուցաբերել, հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստվել, լցվել համբերությամբ քրտնաջան աշխատանք տանելու համար, և այս պարագայում նույնիսկ ամենաբարդ կատարվող ստեղծագործությունները դառնում են հասանելի և հաղթահարելի։ Սրանք այն սկզբունքներն են որոնք ես փորձում եմ ուսուցանել նաև իմ աշակերտներին։ -Ձեր էությունն ու հոգու թաքուն կողմերը ցույց տալու համար ո՞ր կոմպոզիտորի օգնությանը կդիմեիք ինքնաարտահայտվելու համար: -Եթե պետք է նշեմ մեկին, միանշանակ կնշեմ մեր հանճարեղ Արամ Խաչատրյանին։ Բայց իմ էությանն ու բնավորությանը շատ հոգեհարազատ են նաև Բախի, Բեթհովենի և Բրամսի ստեղծագործությունները։ -2018 թվականից մեր հայրենիքի համար սկսվեց շատ դժվար ժամանակահատված, որը դեռ շարունակվում է․․․ Հայաստանի մասին ինչպիսի մտքեր են ձեզ հաճախ համակում։ -Պատմությունը փաստում է, որ բոլոր դժվար ժամանակաշրջանները մենք կարողացել ենք հաղթահարել անկոտրում հավատով առ Աստված, մեր հազարամյա հզոր մշակույթով և մեր միասնական պայքարով: Հայաստանս իմ հոգում հնչող հավերժ երաժշտություն է հավատի, պայքարի և սիրո մասին։ |