Loading...

Articles

Իմ հոգում հնչող երաժշտությունը սիրո և հավատի մասին է․ Վարդան Պողոսյան

15:52, Saturday, 06 May, 2023
Իմ հոգում հնչող երաժշտությունը սիրո և հավատի մասին է․ Վարդան Պողոսյան

Ջութակահար Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ստեղծագործական կյանքի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։


    

-Ո՞ւմ որոշումն էր Ձեզ որպես ջութակահար տեսնելը՝ ճակատագի՞ր, թե՞ ինչ-որ մեկի ցանկություն:

-Իմ՝ որպես պրոֆեսիոնալ ջութակահար դառնալը կարելի է ասել առաջին հերթին ծնողներիս ճակատագրական որոշումն էր։ Հատկապես մեծ էր ցանկությունը մայրիկիս մոտ, չնայած որ հայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է, և, անշուշտ, մեծ է նրա ունեցած ավանդը իմ՝ որպես երաժիշտ կայացման գործում։ Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին արդեն ես կատարեցի իմ ընտրությունը՝ հաստատապես և ամբողջ հոգով նվիրվելով ջութակին։

-Հետաքրքիր է՝ ի՞նչ ստեղծագործություններով կբնութագրեք Ձեզ առօրյա կյանքում, և Ձեզ՝ աշխատանքի մեջ։

-Երբ զբաղվում ես սիրածդ գործով, հասկանում ես, որ դա ապրելակերպ է ոչ թե աշխատանք, և երաժշտի կյանքն ու առօրյան երաժշտության մեջ է և երաժշտության հետ սերտ փոխկապակցված: Այնուամենայնիվ, եթե փորձեմ ինձ բնութագրել որևէ երաժշտական ստեղծագործությամբ, միանշանակ կընտրեմ ռոմանտիզմի դարաշրջանի դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները։

-Ձեր ուսուցիչները, գործի բերումով տարբեր հանդիպումներն անվանի երաժիշտների հետ, ենթադրաբար, մեծ հետք են թողել Ձեզ վրա: Խնդրում եմ առանձնացնել այն մարդկանց, որոնց ազդեցությունն անփոխարինելի է:

-Անգնահատելի է իմ դասախոսի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և մեծանուն ջութակահար Արտաշես Մկրտչյանի ունեցած դերը։ Ջութակի հիմնական տեխնիկական հմտություններն ու գաղտնիքները սովորել եմ հենց Արտաշես Մկրտչյանի մոտ ուսանելու տարիներին։ Բարոկ, միջնադարյան և հայ հոգևոր երաժշտության ժանրերում շատ թանկ, մնայուն և օգտակար գիտելիքներ եմ ձեռք բերել թավջութակահար Գրիգոր Առաքելյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի հետ համագործակցություններից։ Ջութակի հայտնի ռուսական դպրոցի լավագույն ավանդույթներին ծանոթացել եմ ամերիկահայ ջութակահար Աշոտ Տիգրանյանի հետ համագործակցության ընթացքում։ 16 տարվա երկարատև ուսումնառության ընթացքում շատ անվանի և հարգարժան դասատուներ ու դասախոսներ եմ ունեցել, որոնց բոլորի անունները հիմա չեմ կարող նշել, բայց շատ շնորհակալ եմ իրենց տված գիտելիքների համար։

-Կա՞ ինչ-որ բան, որը կարող է Ձեզ ստիպել հրաժարվել երաժշտությունից։

-Երաժշտությունից հրաժարվել կնշանակի հրաժարվել ինքդ քեզնից. երբ ամբողջ գիտակցական կյանքդ ապրել և ապրում ես երաժշտության մեջ, հրաժարվելով երաժշտությունից` կարծես դեմ գնաս քո էությանը։ Բնականաբար, բոլորիս կյանքում լինում են դժվար պահեր, ծանր և ողբերգական օրեր, բայց երաժշտությունը օգնում է դուրս գալ այդ դժվարին իրավիճակներից և հաճախ ապաքինող դեր ու նշանակություն է ունենում։

-Ձեր կատարողական ռեպերտուարը շատ բազմերանգ է: Կա՞ ստեղծագործություն, որը դեռեւս անհասանելի բարձրություն եք համարում:

-Պրոֆեսիոնալ երաժիշտների համար անհասանելի ստեղծագործություններ չկան, ուղղակի պետք է գործին ճիշտ մոտեցում ցուցաբերել, հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստվել, լցվել համբերությամբ քրտնաջան աշխատանք տանելու համար, և այս պարագայում նույնիսկ ամենաբարդ կատարվող ստեղծագործությունները դառնում են հասանելի և հաղթահարելի։ Սրանք այն սկզբունքներն են որոնք ես փորձում եմ ուսուցանել նաև իմ աշակերտներին։

-Ձեր էությունն ու հոգու թաքուն կողմերը ցույց տալու համար ո՞ր կոմպոզիտորի օգնությանը կդիմեիք ինքնաարտահայտվելու համար:

-Եթե պետք է նշեմ մեկին, միանշանակ կնշեմ մեր հանճարեղ Արամ Խաչատրյանին։ Բայց իմ էությանն ու բնավորությանը շատ հոգեհարազատ են նաև Բախի, Բեթհովենի և Բրամսի ստեղծագործությունները։

-2018 թվականից մեր հայրենիքի համար սկսվեց շատ դժվար ժամանակահատված, որը դեռ շարունակվում է․․․ Հայաստանի մասին ինչպիսի մտքեր են ձեզ հաճախ համակում։

-Պատմությունը փաստում է, որ բոլոր դժվար ժամանակաշրջանները մենք կարողացել ենք հաղթահարել անկոտրում հավատով առ Աստված, մեր հազարամյա հզոր մշակույթով և մեր միասնական պայքարով: Հայաստանս իմ հոգում հնչող հավերժ երաժշտություն է հավատի, պայքարի և սիրո մասին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1297 | 0 | 0
Facebook