Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Քանի ուշ չէ, ինքներդ մաքրեք եկեղեցում տիրող արատավոր բարքերը». Արագած Ախոյանը՝ ԳՀԽ անդամներին

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
13:10, հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ.
«Քանի ուշ չէ, ինքներդ մաքրեք եկեղեցում տիրող արատավոր բարքերը». Արագած Ախոյանը՝ ԳՀԽ անդամներին

Բաց նամակ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին
    
    

Գերագույն հոգևոր խորհրդի հարգելի´ անդամներ,

Ինչպես տեսանք, Աթեշյանը Հայաստան չժամանեց: Այս առիթով անհրաժեշտ եմ համարում արձանագրել մի իրողություն, որը միևնույն ժամանակ երկու իրարամերժ զգացումներ է առաջացնում:
     Առաջին հայացքից կարելի է հաջողություն գրանցել, ուրախանալ, որ պայքարեցինք, մեր ձայնը լսելի դարձրինք և ինչ-որ առումով հաղթանակ տարանք. սա մեզ լցնում է հպարտությամբ: Բայց կա նաև մի ցավալի իրականություն. ինչո՞ւ պետք է պայքարենք, բողոքենք մի կառույցի դեմ, որը դարեր շարունակ ապահովել է մեր երկրի, ամբողջ հայության միասնականությունը և մեր ազգային ինքնության կարևոր բաղադրիչ է հանդիսացել. սա իր հերթին ամոթի զգացում է առաջ բերում:
     Երբ խոսում էինք, քննադատում եկեղեցականների դրսևորած վարքը, տեսանելի դարձավ, որ ժողովրդի մի ստվար հատված սկսել է այլևս չհավատալ, չվստահել մեր հոգևորականերին, այնինչ պետք է ակնածանքով ու խորին հարգանքով լցված լինեինք նրանց հանդեպ: Այժմ էլ մեր շուրջը կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ, որոնք իրենց կյանքն ու հոգին են նվիրել եկեղեցուն ու ազգին ծառայելուն. նրանց մենք պարտավոր ենք մեծարել:
     Ուստի հորդորում եմ, հարգելի´ հոգևոր հայրեր, քանի ուշ չէ, ինքներդ մաքրեք այն արատավոր բարքերը, որոնք, ցավոք սրտի, տիրում են մեր եկեղեցում, որպեսզի ժողովրդի մեջ չհասունանա այնքան մեծ դժգոհության ալիք, որը կստիպի նրանց պայքար մղել սուրբ եկեղեցու դեմ:
    
     Արագած Ախոյան
     «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, քաղաքական, հասարակական գործիչ, նախկին պատգամավոր

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3392 | 0 | 0
Facebook