Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արվեստագետ Միսակ Մելքոնյան

Haykuhi
Հեղինակ`
Haykuhi
19:38, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Արվեստագետ Միսակ Մելքոնյան

Միսակ Մելքոնյան

Ծնվել է 1965-թ հունվարի 12 -ին:
     1991 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ –ի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետը:
     1993 թվականին հրավիրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ-ի գեղարվեստի ֆակուլտետում դասավանդելու գծանկար և քանդակ առարկաները:
     2002 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է:
     2017 թվականից նշանակվել է ՀՊՄԻ-ի գեղարվեստի ֆակուլտետի ամբիոնի վարիչ:
     Մասնակցել է հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների: Իր ստեղծագործական տարիների ընթացքում կերտել է ինչպես հարթաքանդակներ, այնպես էլ բազմաթիվ արվեստագետների, ազգային հերոսների քանդակները` Վիտյա Այվազյանի, Սամվել Գևորգյանի, Մհեր Մկրտչյանի, Օհան Դուրյանի, Սոս Սարգսյանի, Կոմիտասի, Տիգրան Պետրոսյանի, Խորեն Աբրահամյանի և այլոց:


    


     Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք մոտիվացնում են, և ումից շատ բան կարող ես սովորել: Իմ կյանքում այն անձնավորությունը, որ ինձ հիացնում է, ում սիրում ու անսահման հարգում եմ և ով ինձ համար յուրովի է իր տեսակով, իմ մորեղբայրն է` Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, գեղանկարչության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, քանդակագործ Միսակ Վարդգեսի Մելքոնյանը: Նա ինձ ոգեշնչում է, նրանից կարելի է անսպառ էներգիա, հավատ ու ջերմություն ստանալ:
     Իմ և նրա (կարելի է ասել) գիտակցված շփումը սկսվել է, երբ ես տասնվեց տարեկան էի: Այդ ժամանակվանից սկսած աստիճանաբար սկսել եմ հասկանալ նրա արժեքը, տեսակը: Ինձ համար նա ուժի, տաղանդի և սիրո մարմնացում է: Մարդ, ով սերվելով հասարակ քարտաշի ընտանիքից, կարողացել է վեր խոյանալ, կայանալ ու զարգանալ` ստանալով միմիայն նախնիների շնորհը: Համաձայնեք, որ այդ շնորհը կարող էր մարել և անգամ չդրսևորվել, կամ էլ դրսևորվելու դեպքում կանգնեցներ նրան միջակության հարթակին միայն:
    
     Մարդը կատարելության մոտ է կանգնած, երբ ունի տաղանդ բնությունից, և ցանկություն, ուժ` առաջ շարժվելու, օր օրի ավելի ու ավելի լավը դառնալու: Նա հենց այդպիսին է: Իմ աչքի առաջ նա աճել է և կայացել, կերտել այնպիսի արվեստի գործեր, որոնք հիացնում են իրենց ճոխությամբ ու միևնույն ժամանակ իրենց պարզությամբ ու խորիմաստությամբ: Նա բանաստեղծ է, աստվածաբան և փիլիսոփա: Ինձ ապշեցնում է այն, որ այս ամենի հետ մեկտեղ նա նաև նվիրված է, սիրառատ և աստվածապաշտ:
     Էլ ինչ է պետք կատարյալ լինելու համար…
     Գուցե նրա տված կյանքի դասերից կան բաներ, որ հստակ չեն արմատավորվել իմ մեջ: Հնարավոր է: Բայց այն, որ այդ մտքերն ու մեկնաբանություններն ինձ դրել են լրիվ այլ ուղղության վրա, անհերքելի է:
     Նրա արվեստի բոլոր գործերում պատկերված է ուժ, սեր և պայքար. Այն, ինչն այնքան խորն է հենց իր ներաշխարհում: Անգամ դժվար օրերին տեսել եմ` ինչպես օտար հողի վրա չի ընկճվել, ավելի վճռական է դարձել, և այդ մտազբաղ աչքերից անսահման հավատ ու լավատեսություն է ճառագել: Ես վստահ եմ` մարդկանց մեծ մասը հիասթափությունից (մարդկանց նկատմամբ), կյանքի թոհուբոհի միջով անցնելուց հետո փոխվում է, դառնում սառը, անտարբեր և պարփակված: Բայց նրա դեպքում ամեն ինչ այլ է, նա էլի ու էլի մնում է կյանքին, գեղեցիկին սիրահարված, իսկ մարդկանց մեջ առկա յուրաքանչյուր վատ դրսևորում համարում օրինաչափ:
     Ես վստահ եմ, որ նա տաղանդաշատ արվեստագետ է (դա վաղուց եմ հասկացել), բայց ինձ համար նաև իմաստության և գեղեցիկի մարմնավորում է: Շնորհակալ եմ, որ իմ կյանքում ունեմ նրան ու նրա օրինակով ձևավորվել է իմ արժեքային համակարգը: Ուզում եմ` լինի առողջ մեր կողքին, կերտի հազարավոր արվեստի գլուխգործոցներ: Չեմ ասում լինի ավելի արժևորված, գնահատված հասարակության կողմից: Միշտ էլ երևելիներին հետո են էլ ավելի արժևորում, և բացի դա մարդու արժեքային համակարգը պետք է այն աստիճան ձևավորված լինի, որպեսզի նկատի ու հասկանա:
     Հպարտ եմ նրա բոլոր ձեռքբերումներով, առ այն, որ վերջերս Մոսկվայի «Հաղթանակ» թանգարանում իր արժանի տեղը զբաղեցրեց Միսակ Մելքոնյանի հեղինակած Մարշալ Բաղրամյանի կիսանդրին: Ուրախ եմ նրա այս և մյուս բոլոր ձեռքբերումներով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4012 | 0 | 0
Facebook