Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերակազմակերպվելու կամ փակվելու են շուրջօրյա խնամքի եւ պաշտպանության կենտրոնները

Հովսեփ
Հեղինակ`
Հովսեփ
20:43, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Վերակազմակերպվելու կամ փակվելու են շուրջօրյա խնամքի եւ պաշտպանության կենտրոնները

Շիրակի մարզում ամենատարբեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տեղի գիշերօթիկներում եւ մանկատներում երեխաները հայտնվում են հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով: Ծնողները, չկարողանալով ապահովել բնակարանային եւ կենցաղային պայմաններ, նախընտրում են երեխաների ժամանակավորապես խնամքը վստահել այս կենտրոններին:

Մյուս կողմից էլ` հանրապետությունում իրականացվում է գիշերօթիկների բեռնաթափման ծրագիր` «Երեխան պետք է ապրի ընտանիքում» սկզբունքով: Այս ծրագրի շրջանակում ընտանիք վերադարձած երեխաներին պետությունը դեռեւս չնչին աջակցություն է ցուցաբերում` ընտանեկան նպաստի տեսքով:

ՀՀ կառավարությունը 2017-2021 թվականները փոփոխություններ է խոստանում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող եւ խոցելի խմբերի երեխաների համար:

ՀՀ կառավարության նոր ծրագրի համաձայն` (կառավարության ծրագրերի գործողության ընթացքում 2017-2021 թթ) բացառվելու է երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող պետական հաստատությունների ստեղծումը: 2017-2018 թվականների ընթացքում վերակազմակերպվելու կամ փակվելու են երեխաների շուրջօրյա խնամքի եւ պաշտպանության հաստատությունները, զարգանալու են երեխայի լավագույն շահն ապահովելու նպատակով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգը, ընդ որում, հաստատությունների վերակազմակերպման ընթացքում երեխաներին այլ հաստատությունում տեղավորելը դիտվելու է որպես ծայրահեղ քայլ եւ ժամանակավոր միջոց:

Կառավարությունը նախատեսում է 2020-2021 թվականների ընթացքում հզորացնել խնամակալության եւ հոգաբարձության ինստիտուտը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն իր սոցիալական միջավայրում կազմակերպելու նպատակով, մինչեւ 2022 թվականի ավարտը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ընդյալնման նպատակով ինտեգրել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում սեռի հատկանիշով բաղադրիչը, ներդնել իրավիճակի գնահատման և մոնիթորինգի գործիքները:

Նախատեսվում է նաեւ մինչեւ 2018 թվականի ավարտը հստակեցնել որդեգրման ընթացակարգերը, բարձրացնել թափանցիկությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ սահմանել բռնության ենթարկված երեխայի պաշտպանությանն ուղղված ուղղորդման ընթացակարգը, մինչեւ 2018 թվականի ավարտը բարեփոխել խնամատարության ընթացակարգը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ընտանեկան պայմաններում կազմակերպելու նպատակով:

Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 եւ թիվ 2 գիշերօթիկ հաստատություններն այսօր ընդհանուր ունեն 158 դպրոցահասակ սան: Երկու գիշերօթիկների տնօրեններն էլ կարծում են, որ պետության նախատեսած փոփոխություններն անհրաժեշտ են, նպատակային քայլ է երեխայի` ընտանիքում ապրելը: «Կառավարության առաջարկը տեղին է, պետությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին», -ասում են նրանք:

Տնօրենները միաժամանակ փոխանցում են, որ դեռեւս տեղյակ չեն, թե Գյումրու թիվ 1 եւ թիվ 2 գիշերօթիկ հաստատություններում առաջիկայում կոնկրետ ինչ փոփոխություններ են սպասվում:
    
    

Անի Մկրտչյան

Աղբյուրը` Ասպարեզ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4350 | 0 | 0
Facebook