Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-10/ Բոլոր հնարավոր տարբերակները

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
11:41, երկուշաբթի, 03 հուլիսի, 2017 թ.
Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-10/ Բոլոր հնարավոր տարբերակները
    

-10-

Բոլոր հնարավոր տարբերակները
     Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7/ 8/ 9
Չեմ ուզում մոռանալ Ամստերդամում անցկացրած այդ հիանալի ամիսը: Ուզում եմ հիշել բոլոր վայրկյանները, զգացողությունները, փորձությունները: Եվ որպես այդ ամենի անբաժանելի մասնիկ ուզում եմ պատմել իմ սովորական աշխատանքային օրվա մասին:
Ես կարթնանամ առավոտյան 6: 10-7: 10 ընկած ժամանակահատվածում: Կոնկրետ ժամը կախված է նրանից, թե երբ են ինձ կանչել հիվանդանոց: Իսկ դա կարող է խիստ տարբեր լինել (օրինակ՝ 8: 10 կամ 8: 25): Սովորաբար աչքերս բացում եմ զարթուցչի առաջին զնգոցից, բայց երբեմն մի քանի վայրկյան անց եմ արթնանում: Իսկ դա կախված է քնիս խորությունից: Ոտքի կկանգնեմ ու մի քանի վայրկյան շշմած շուրջս կնայեմ: Հետո կսթափվեմ, կմտնեմ ցնցուղի տակ, կհագնվեմ, անկողինս կհավաքեմ, այսինքն՝ մատրասս պատին կհենեմ, բարձս աթոռին կդնեմ: Դառը թեյ կխմեմ որևէ քաղցրավենիքով: Նորմալ նախաճաշել չեմ կարողանում. սիրտս խառնում է: Տանտերս կարող է դեռ քնած լինել կամ արդեն արթնացած: Ու նա կշրջի տնով մեկ՝ մենակ տրուսիկով:
Կգնամ կանգառ: Ավտոբուսը կամ միանգամից կգա, կամ ստիպված կլինեմ սպասել ամենաշատը 14 րոպե: Այդ ընթացքում գիրքս կբացեմ, կկարդամ: Ավտոբուսով տասը րոպեում կհասնեմ Կենտրոնական կայարան, տրամվայ կնստեմ: Կես ժամ տևող ճանապարհի ընթացքում կամ կքնեմ ու կարթնանամ իմ իջնելու տեղից երկու-երեք կանգառ առաջ, կամ գիրք կկարդամ, կամ պարզապես կմտածեմ: Ու միայն մի անգամ այնպես էի քնել, որ աչքերս բացեցի, երբ տրամվայը հասել էր վերջին կանգառին, բոլորն իջել էին, նույնիսկ վարորդը:
-1 հարկից կմտնեմ հիվանդանոց, նոր խալաթս կստանամ, կգնամ հանդերձարան, իրերս կտեղավորեմ պահարանիս մեջ, կվերցնեմ միայն ինձ անհրաժեշտը (հեռախոս, բլոկնոտ, գրիչ, ֆոնէնդոսկոպ, պահարանիս բանալին, օրակարգիս թուղթը և անպայման badge-ս): Կվազեմ առաջին հարկ, կքայլեմ դեպի պոլիկլինիկա: Օրվա առաջին կեսը մի բժշկի հետ հիվանդ ընդունելով կանցկացնեմ: Եթե շուտ վերջացնեմ, կվազեմ գրադարան, ինտերնետ կմտնեմ:
Կեսօրին կքայլեմ դեպի ճաշարան: Կվերցնեմ իմ մշտական աղցանն ու սուպը, բայց երբեմն ուրիշ բան կփորձեմ ու կփոշմանեմ: Կնստեմ մի անկյունում, ինչպես միշտ՝ մենակ, ինչպես միշտ՝ լուռ, ինչպես միշտ՝ արագ: Հետո կգնամ ծրագրիս երկրորդ մասին՝ մեկ այլ, երբեմն՝ նույն բժշկի մոտ:
Կվերջացնեմ ժամը չորսի կողմերը, երբեմն՝ շատ ավելի շուտ կամ շատ ավելի ուշ: Մի անգամ մինչև ժամը վեցը պրոֆեսոր Լիպսը պահեց, որովհետև ինձ հետաքրքրող հիվանդ կար ստացիոնարում:
Ուրախացած կվազեմ -1 հարկ, իրերս կվերցնեմ, խալաթս կեղտոտ շորերի մեջ կուղարկեմ, և կանաչ լույս կվառվի, որ ընդունել է: Դուրս կգամ, կնստեմ տրամվայ: Կամ կեսից կիջնեմ, կթափառեմ, որոշ խանութներ կմտնեմ, իսկ վերջին օրերին՝ թանգարան թանգարանի հետևից կմտնեմ, ինչպես միշտ՝ մենակ: Երբեմն էլ մորաքրոջս կայցելեմ, միասին կընթրենք: Իսկ եթե հոգնած լինեմ, տուն կգնամ այնպես, ինչպես եկել էի: Տրանսպորտի մեջ կամ կկարդամ, կամ ոչ, բայց երբեք չեմ քնի:
Թե տուն գամ, որևէ բան կուտեմ, հետո կնստեմ կոմպի մոտ, կխոսեմ զանազան մարդկանց հետ, մեյլեր կգրեմ: Գուցե գիրք կարդամ կամ գրեմ: Եթե նույնիսկ ահավոր հոգնած լինեմ, չեմ պառկի. միայն երկու անգամ եմ ցերեկը քնել՝ առաջին երկու օրերին:
Ու միշտ-միշտ գիշերը ժամանակին կքնեմ: Կարթնանամ մոծակների տզզոցից ու խայթոցի քորից, կամ նրանք կորոշեն ինձ հանգիստ թողնել: Զանազան ու տարօրինակ երազներ կտեսնեմ, բայց հաճախ նաև զզվելի անքնություն կունենամ, որի պատճառով հաջորդ օրը ստիպված կլինեմ մի քանի անգամ սուրճ խմել:
Իսկ եթե ուրբաթ լինի, կուրախանամ. շաբաթ-կիրակին տոն է:
    

Շարունակելի...


     ____________________________
     Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
     Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3832 | 0 | 0
Facebook