Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

«ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԸ»

14:42, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
«ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԸ»
     Ամերիկան շատերի երազանքն է, թվում է թե ԱՄՆ-ում կյանքն իդեալական է, սակայն դա այդպես չէ: Մեր հայրենակիցները շատ դժվարությունների ու փորձությունների են հանդիպում, ոմանք կարողանում են հաղթահարել դրանք, ոմանք` ոչ: Զրուցակիցս 26-ամյա Գոհար Փիլիպոսյանն է, ով երեք տարի է ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, հեռու ընտանիքից, ընկերներից ու սիրելի աշխատանքից: Այս երեք տարիների ընթացքում շատ դժվարությունների է հանդիպել, բայց չի կորցրել լավատեսությունն ու վստահ է, որ մի օր անպայման վերադառնալու է հայրենիք ու իր մասնագիտությանը` ժուռնալիստիկային: Սպորտային լրագրությունն իր կյանքն է:
     Իր մասնագիտության և հայրենասիրական հայացքների մասին Գոհարը խոսում է արցունքն աչքերին, սակայն ժպիտով:
    
     Գոհար Փիլիպոսյանի հետ հարցազրույցը ստորև ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը.
     Ամերիկյան կյանք.դժվարություններ և խոչընդոտներ...
    
Հայրենիքից, ծննդավարից դուրս վստահ եմ, որ բոլորի համար էլ կրկնակի դժվար է, առավել ևս, որ ամեն ինչ պետք է սկսես սկզբից: Գրեթե երեք տարի առաջ էր, որ եկա ԱՄՆ` Լոս Անջելես: Ճիշտ է, հայկական թաղամաս էր, տատիկիս ու պապիկիս մոտ էի ապրում, մորեղբայրս էլ ընտանիքով այստեղ է ապրում, բայց...շատ բայցեր կան, երբեք ու ոչ ոք չի կարող փոխարինել ընտանիքին, հայր, մայր...իմ կյանքում այս տարիների ընթացքում դժվարություններ շատ են եղել ու դրանք շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև լրացավ մեկ տարին ու ես եկա Հայաստան: Կարոտս հասել էր իր գագաթնակետին, այլևս չէի դիմանում ու ինձ թվում էր, որ եթե չգամ, կարող է խելագարվեմ, ամեն բան կարոտել էի ընտանիքից սկսած, ընկերներով ու ջրով վերջացրած: Ընդամենը մեկ տարի էի բացակայել, բայց կարծես մի ամբողջ կյանք լիներ: Բառերով չեմ կարող բացատրել ինչ զգացի, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, չեմ կարող բացատրել այն պահը, որ հասա մուտքի մոտ, վայրկյաններ անց պետք է դուռը բացվեր, իսկ դռան հետևում այնքա~ն հարազատ մարդիկ էին ինձ սպասում...դռները բացվեցին, չէի էլ հասկանում ինչ էր կատարվում, ընտանիք, ընկերներ, հարազատներ կարծես ֆանտաստիկ ֆիլմ լիներ...սիրտս այնքան արագ էր աշխատում: Երբ օդանավակայանից վերադարձանք տուն արդեն գիշեր էր, այդպես էլ չկարողացա քնել, անհամբեր սպասում էի, երբ է լույսը բացվելու, որ մեկ անգամ էլ շուրջս նայեմ ու տեսնեմ, որ ես տանն եմ, մեր տանը...
     Հայաստան այցիցս հետո ԱՄՆ-ում ապրելը մի քիչ հեշտ էր ու տանելի...
    
Երբ մեկնեցի ԱՄՆ ընկերուհիս` Գայանեն անակնկալ տորթ էր պատրաստել հատուկ գրությամբ: Իսկ երբ վերադարձա կրկին նմանատիպ տորթով ինձ դիմավորեցին, նման տորթ, նման նկարներով ու գրությամբ: Օդանավակայանում մարդիկ տորթը տեսել ու մտածել էին, թե մարզիկներից ինչ-որ մեկին են դիմավորում:
     Կարոտս մի փոքր թեթևացավ ու երկու ամիս անց կրկին վերադառձա: Արդեն մի քիչ հեշտ էր, չնայած աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ, բայց այն ինչ անում եմ սիրով` հավատալով, որ մի լավ օր կրկին կվերադառնամ իմ մասնագիտությանը:
     Այստեղ` Լոս Անջելեսում շատ հայ մարզիկներ ունենք, որոնց մասին քչերը գիտեն կամ նույնիսկ չգիտեն: Իրենց մասին պետք է բոլորը իմանան ու ճանաչեն: Շատերը այստեղ են ծնվել ու մեծացել, բայց ներկայացնում են Հայաստանը ու այնքան հպարտ են խոսում, եթե զրույցեք իրենց հետ, չեք մտածի, որ ԱՄՆ-ում են ծնվել ու մեծացել: Մենք` հայերս իսկապես հայրենասեր ազգ ենք:
     Մարզական լրագրությունն ինձ համար զուտ աշխատանք չի եղել...
    
Ճիշտ է, պաշտոնապես չեմ աշխատում, բայց կապը մարզաշխարհի հետ կա: Ազատ ժամանակ մեծ սիրով հարցազրույցներ եմ անում ինչպես Լոս Անջելեսի հայ մարզիկների, այնպես էլ Հայաստանում ու շատ այլ երկրներում ապրող մարզիկների հետ: 21-րդ դարում անհնար ոչինչ չկա: Արդեն երեք տարի է, որ չեմ աշխատում, բայց կապը մարզաշխարհի հետ այնքան ամուր է, որ պարբերաբար մարզիչներ, մարզիկներ կամ հենց ֆեդերացիայի նախագահներն են գրում, տեղյակ պահում մարզական այս կամ այն միջոցառման մասին, ինչ խոսք շատ հաճելի է: Բայց կարոտում եմ աշխատանքս, քանի որ մարզական լրագրությունն ինձ համար զուտ աշխատանք չի եղել: Յուրաքանչյուր մարզիկի հաղթանակի ու պարտության հետ արտասվել եմ և ուրախացել` նախ որպես մարզասեր, հետո որպես լրագրող: Շատ մարզիկների հետ ժամանակի ընթացքում դարձել ենք լավ ընկերներ: Վաղ թե ուշ, կլինի Միացյալ Նահանգներում, թե Հայաստանում ես վերադառնալու եմ իմ աշխատանքին, դա չի քննարկվում:
     Օտարություն...կարոտ...ապրումներ ու հույզեր...
    
Հայրենիքից հեռու կարոտն այլ է, սկսում ես կարոտել նույնիսկ այն մարդկանց, ովքեր այնքան էլ մեծ դեր չեն ունեցել քո կյանքում (ժպտում է): Մինչև չես ապրում օտարության մեջ, չես կարող հասկանալ այդ ճանապարհով քայլող մարդուն: Գիտեք ինչ զզվելի ու տհաճ զգացողություն է, երբ առավոտյան արթնանում ես, դուրս գալիս փողոց ու ոտքերիդ տակ հողը չես զգում...Անտանելի է, կարծես որբ լինես, անտեր, որ չունի տուն ու ընտանիք: Ցավալի է, որ այսօր շատերը օտարության մեջ ապրող մարդկանց առանց հասկանալու, առանց փորձելու հասկանալ, թե մարդը ինչու է հեռացել իր երկրից մեղադրում են, ազգի դավաճան դարձնում: Ոչ ոք չգիտի ու չի կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում դիմացինի կյանքում: Վստահեցում եմ, որ ոչ ոք չէր ցանկանա օտարության մեջ ապրել, բայց կյանքը դաժան է, իսկապես: Աստված բոլորիս համար իր ծրագրերն ունի: Եկեք հավատանք, որ եթե ինչ-որ խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում, ուրեմն վստահ է, որ կարող ենք հաղթահարել ու յուրաքանչյուր հաղթանակ ևս մեկ անգամ մեզ մոտեցնում է հաջորդ` էլ ավելի լուրջ փորձության:
     26-ամյա աղջկա երազանքը...
    
Մի մեծ ու անփոփոխ երազանք ունեմ, որ մեր երկրում այնքան լավ լինի, որ ոչ մի հայ օտարության մեջ չապրի:
    
     Հ.Գ.Երբ կա հավատ, այդ ժամանակ հեռավորությունն ու օտարությունը ոչինչ են...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
1724 | 0 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ